Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայան. «Ժողովրդավարությունն առանց իրավական պետության չի աշխատում»

  • 25.06.2023
  • 0
  • 562 Views

Համաժողովի մասնակից, միջազգային հանրային օրենքների մասնագետ, ֆրանսահայ փաստաբան Ֆիլիպ Րաֆֆի Գալֆայանի հետ զրուցել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր

-Ինչպե՞ս եք գնահատում «Ապագա Հայկականի» գաղափարը, և այս նախագիծն ինչքանո՞վ կարող է բացահայտել մեր ազգային տեսլականը։

– Նախ, առաջին անգամ է փորձ արվում նման հավաք անցկացնել, որը նոր հույս կարող է ստեղծել, բայց ինչպես նկատեցի, կասկածները հայերի մոտ դեռ զգալի են։ Էլի հարցնում էին, թե ի՞նչն է այս նախագծի անձնական նպատակը, ի՞նչ ուղղությամբ են աշխատելու և այլն։ Իրականում դրանք անիմաստ հարցեր են, քանի որ այն թեմաները, որ մենք շոշափեցինք, ըստ էության մի կողմ թողեցին քաղաքական հարցերը։ Իրոք, մասնակիցները փորձեցին ավելի շատ խորանալ արմատական հարցերի մեջ, որ ծառացել են հայ ազգի առջև։ Ինձ թվում է, ավելի շատ կարիք կար ակադեմիական ուսումնասիրությունների։ Օրինակ, երբ արտագաղթի մասին խոսեցին, լուրջ ուսումնասիրություն չկա, թե ո՞րն է պատճառը, որ հայերը մեկնում են Հայաստանից։ Ամեն մեկս էլ գիտենք, որ տարբեր պատճառներ կան, բայց լուրջ ուսումնասիրություն չի եղել և հարցախույզ չի անցկացվել։ Այս թեման ընդամենը մի օրինակ է։ Գիտենք, որ ընտանիքներ կան, որ արտասահման են մեկնում, որպեսզի տղաները բանակ չգնան։ Բայց սա կարճ պատասխանն է։ Մենք գիտենք, որ այդ արտագաղթը սկսվել է շատ ավելի առաջ։ Աշխարհում այլ օրինակ չեմ կարող գտնել, որ ժողովուրդը զանգվածային ձևով լքում է իր երկիրն այն դեպքում, երբ այդ երկիրն անհետացման շեմին է։ Այնպես որ, սրա բուն պատճառը պետք է գտնել, մանավանդ, որ դրսում էլ ավելի լավ վիճակ չէ։

-Դրսի լավ լինելը շատ հարաբերական է։

-Այո։ Երկրորդ, այս համաժողովի արդյունքներն այնքան էլ հայտնի չեն, քանի որ բանաձևերը, որոնց շուրջ քվեարկություններ եղան, նախօրոք պատրաստված էին։ Նրանք նկատի չունեցան բուն քննարկումների արդյունքները։ Սա մի քիչ հուսահատեցնող էր։    Անշուշտ, դժվար է այդ քննարկումների նյութերի սինթեզը միան•ամից ներկայացնելը։

-Որքան ես տեղյակ եմ, այդ բոլոր քննարկումներին հնչած առաջարկները պետք է ի մի բերվեն և ուղարկվեն մասնակիցներին։ Ինչ վերաբերում է բանաձևերին, ապա դրանց մասով էլ հիմնականը պատրաստ է եղել, հետո միգուցե որոշակի ավելացումներ են արվել, և նաև հատուկ տեղ էր թողնված սեփական կարծիքը գրելու համար։ Բայց ինձ այլ հարց է հուզում, թե 200 մասնակիցների կարծիքը որքանո՞վ կարող է ներկայացնել ողջ հայության տեսակետը։ Դուք որ մասնակցել եք բանավեճերին ու քննարկումներին, ո՞ր հարցերի շուրջ էին հիմնականում հակառակ կարծիքները։

– Հիմնական դրական կետը, որ պետք է նշել, համաժողովում չկար մեկը, որ մտահոգ չլիներ։ Իրոք, մասնակիցներն անկեղծ մտահոգություններ ունեին և ուզում էին, որ փոխվի ներկա կացությունը։ Նույնիսկ նման արտագաղթի պայմաններում, ուրախալի էր, որ մնացել են մարդիկ, որոնք ուզում են պայքարել։ Դա ինձ համար շատ լավ օրինակ էր։ Երկրորդ, թեմաներից մի քանիսը կարող էինք հավաքել մի թեմայի մեջ, քանի որ փոխկապակցված էին։ Օրինակ, ամենադժվար թեման ժողովրդագրության հարցն է։ Եթե երկրի ապահովության հարցը չլուծես, չես կարող ժողովրդագրական հարցը լուծել։ Իհարկե, այստեղ կրկին ասեմ, որ քաղաքական հարցերը չքննարկվեցին, բայց իրականության մեջ այդ քաղաքական հարցը կենտրոնական է, քանի որ դրանից կախված են զարացման ուղղությունները։ Շատ դժվար է այդ մասին վերացական խոսել, բայց երևի այլընտրանք չկար՝ որպեսզի հաջող լինի միջոցառումը, և կասկած չստեղծվի մասնակիցների շրջանում քաղաքական կողմնորոշման վերաբերյալ։ Ամենակարևորն ինձ համար այն է, որ մտավորականները՝ «փորձագետները», կարող են սքանչելի և խելոք մոդել մշակել, բայց եթե այդ մոդելը հաշվի չառնի ժողովրդի իրական մտածելակերպն ու սպասելիքները, և երկրների տարբեր մշակույթները, ապա որևէ մոդել չի կարող աշխատել։ Հետևաբար, այն էլիտան և այն փորձագետները, որոնք չմասնակցեցին այդ միջոցառմանը, հաստատ պետք է քննադատեն։ Եվ սխալ կանեն, քանի որ այդ մարդիկ նախ իրենց մոտեցումներում պետք է համեստ լինեն։

-Իհարկե, երբեմն ծայրահեղ կարծիքներ էլ էին հնչում, որոնք քննարկումների ժամանակ երևում էին էկրանին, բայց հիմնական հարցը մնում է, թե այս ամենն ինչպես պետք է դարձնել  լայն հասարակության քննարկման նյութ, քանի որ հասարակությունն ըստ էության նման գլոբալ հարցերի քննարկումից դուրս է և կլանում է այն, ինչ հեռուստատեսությունն է ասում։ Հետևաբար,  նման նախագծերի համար ի՞նչ մեխանիզմներ եք տեսնում, որ ավելի լայն զանգվածների մեջ տարածվի։

-Ճիշտ եք, որ Հայաստանի վիճակը լավ չի, բայց սփյուռքի վիճակն էլ վատ է այդ առումով։ Որովհետև ոչ միայն ընդհանուր կառուցվածք չկա, այլև անձնական շահեր կան, ամբիցիաներ կան, նաև շատերն իրական տեղեկացվածություն չունեն Հայաստանի ու հայ ժողովրդի մասին, չեն հասկանում, թե ինչ է կատարվում այստեղ։ Եվ այո, երկու կողմերը պետք է ավելի շատ մասնակցեն նման քննարկումների։ Բայց թե ինչպես այս ողջ շարժումը մտցնել ավելի քաղաքականացված մոդելի մեջ, չգիտեմ, այդ ուղղությամբ չեմ մտածել։ Երևի Սահմանադրական փոփոխություններ պետք է կատարվեն, որպեսզի այդ ամենը հնարավոր լինի իրականացնել նաև պետական համակարգում։ Օրինակ, Շվեյցարիայում ժողովուրդը հանրաքվեով որոշումներ է կայացնում կարևոր հարցերի վերաբերյալ, անշուշտ, իդեալական մոդել չէ, բայց ի վերջո ժողովուրդն ինքն է որոշում կայացնում։

– Բայց որպեսզի նման ճակատագրական հարցերի շուրջ հանրաքվե անցկացվի, պետք է այդ ժողովրդին նախապատրաստել։

– Դժբախտաբար այսօր համաշխարհային խնդիր է չեզոք և մաքուր լրատվության տարածումը։ Հակառակ ուղղությամբ ենք գնում, մանավանդ, քանի որ պատրազմ է, միակողմանի քարոզչություն է տարվում։

-Տարիներ շարունակ զբաղվել եք Հայաստանում մարդու իրավունքների վիճակով, նաև երկար տարիներ ղեկավարել եք Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան։ Ձեր կարծիքով, այսօր ի՞նչ վիճակում է մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։

– Դժվար է այդ հարցին պատասխանել, քանի որ 2018 թ կառավարության փոփոխությունից հետո այնպիսի կարծիք կար, որ ամեն ինչ ազատ է, ավելի ժողովրդավարական է։ Ես միշտ պնդում եմ, որ ժողովրդավարությունը միայն ազատ ընտրությունները չեն։ Ժողովրդավարությունն առանց իրավական պետության չի աշխատում£ Ցավոք, այսօր շատ ենք հետ գնում, իրավական պետությունը շատ տկարացավ, և նույն սխալները արեցին, ինչ նախկինները։ Աշխատանքից ազատեցին շատ պաշտոնյաների տարբեր ոլորտներում։ Օրինակ, Դատական խորհուրդը, որը պետք է հսկեր դատավորների աշխատանքը, կարգապահությունը, պետք է թեկնածուներ առաջարկեր, այդ մարմնում կառավարության իշխող կուսակցության անդամներ նշանակեցին, նույնիսկ մարդկանց, որ երբեք դատավոր չեն եղել։ Նույնիսկ մարդ կա, որ երբեք փաստաբան չի աշխատել։ Սա չտեսնված կացություն է։ Սահմանադրական դատարանի դատավորներին էլ փորձեցին բոլորին հանել, որ իրենց կողմնակից դատավորներ նշանակեն£ Եվ այս ամենը լավ նշան չէ, քանի որ կուսակցության կողմից առաջադրված դատավորներն օբյեկտիվ չեն կարող լինել և կմնան կաշկանդված։ Սա շատ մտահոգիչ հարց է։ Ինչ վերաբերում է մարդու ընդհանուր իրավունքներին,  ապա ինձ թվում Մարդու իրավունքների պաշտպանները շատ լավ աշխատանք տարան, թե՞ Արման Թաթոյանը, և թե՞ Քրիստինե Գրիգորյանը, որ հրաժարական տվեց, ինչն ինձ համար մի քիչ անորոշ մնաց, քանի որ պատճառ չնշվեց։ Սա վտանգավոր է, քանզի այդ գրասենյակը մեծ դեր է խաղացել վերջին 20 տարվա մեջ, մարդու իրավունքները բարելավվել էին, քանի որ ժողովուրդը վստահություն ուներ։

-Պատերազմից հետո կատարված հարցախույզներն էլ ցույց տվեցին, որ հասարակության մեջ ամենամեծ վստահությունն Արման Թաթոյանն ունի, որպես Մարդու իրավունքների պաշտպան։

– Ինձ զարմացրեց, որ այդ նախկին պաշտպան կինը՝ Գրիգորյանը, հանկարծակի հրաժարվեց, առանց բացատրության։ Այո, մտահոգությունները շատ են, քանի որ սկսվեցին սոցիալական ճնշումները, նախկինների բիզնեսների ու նրանց երեխաների աշխատանքների վրա, և սա Հայաստանին շատ վատ պատկեր է տալիս։ Այս ամենը կար տարիներ առաջ, հիմա կարծես կրկին հետ եկավ։

– Անդրադառնանք Մարդու իրավունքների միջազգային դատարանում Հայաստանի շահած որոշումներին՝ Լաչինի միջանցքի հետ կապված։ Այս որոշումները որքանո՞վ են պարտադիր  երկրների համար« և չկատարելու դեպքում պարտադրման ի՞նչ մեխանիզմներ կան։

– Թե՞ Եվրոպական դատարանի, թե՞ Մարդու իրավունքների քրեական դատարանի վճիռները պարտադիր են։ Բայց ամեն մի իրավաբան, որ միջազգային օրենքի մասնագետ է, գիտի, որ այդ դատավճիռները պարտադրելու մեխանիզմներ չկան։ Այդ իրավունքը պետություններն ստեղծեցին իրենց շահերի համար։ Եվ գլխավոր նպատակը միջպետական հակամարտությունների լուծումն է։ Երբ նման հարցեր են առաջ •ալիս, ժողովուրդները տուժում են, քանի որ դիտավորյալ մեխանիզմներ չեն նախատեսել, հետևաբար այդ դատավճիռը չի կարող ուժի մեջ մտնել առանց տվյալ երկրի ցանկության։ Սա է կացությունը։ Թեև ի վերջո ազդեցություն ունի, քանի որ այդ պետության պատկերը միջազգային դաշտում տկարանում է։ Այդ վերջին դատավճիռը, որ փետրվարին հրապարակվեց, Ադրբեջանը սկսեց մի քիչ մեղմացնել իր դիրքորոշումը, ասաց՝ ամեն ինչ կանենք, որ այդ ժողովրդի համար լավ լինի, բայց դժբախտաբար այդ միջանցքը միայն իր հսկողության տակ չէ, այլև՝ ռուսական ուժերի։ Այսինքն խաղ է, բայց ցույց է տալիս, որ այնքան էլ անտարբեր չէ։ Սա այդ որոշման օգուտներից մեկն է։ Կարևոր է ամեն մի քայլ, որով կարող ենք փաստել, որ Ադրբեջանն անկեղծ չէ իր հայտարարություններում։ Վերջին օրերին Ադրբեջանի ճնշումները ցույց են տալիս, որ նրա խոսքն ու գործը շատ տարբեր են։ Այնպես որ, դատավճիռները միայն քաղաքական ազդեցություն ունեն։ Ցավոք։ այս աշխարհում արդարություն չկա։                                   

Հարցազրույցը լույս է տեսել 2023 թվականի մայիսին ՕՐԵՐ ամսագրի հատուկ համարում՝ նվիրված ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությանը։

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում