Արամ Աբրահամյան. «Առանց Հայաստանի գոյության Սփյուռքի հայության անխուսափելի ուծացումն ավելի արագ կլինի»

  • 25.06.2023
  • 0
  • 140 Views

«Հայաստան-Սփյուռք միասնականություն» փորձագիտական հանձնախմբի ղեկավար, հրապարակախոս, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը պատասխանում է ՕՐԵՐ-ի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի  հարցերին

-Որքանո՞վ Ձեզ բավարարեցին փորձագիտական խմբի քննարկումները և արդյո՞ք կար հարց, որը համարում եք ամենակարևորը։  

-Ամենակարևորը, ես կարծում եմ, բուն երկխոսության հնարավորությունն էր: Ամենևին պարտադիր չէր, որ փորձագետների կողմից կատարյալ համաձայնություն լիներ: Անգամ պարտադիր չէր, որ մենք հանդես գայինք առաջարկների ՙհամաձայնեցված փաթեթով՚: Առկա և հեռակա հանդիպումների ժամանակ մշակվում էին գաղափարներ, «ֆասիլիտատորները» դրանք հղկում էին, և հանդիպումից հանդիպում դրանք ձեռք էին բերում ավելի հստակ տեսք: Ես, անկեղծ  ասած, փորձում էի քննարկումը տանել այն ուղղությամբ, որ հայկական պետականության ամրապնդման թեման դուրս գա առաջին պլան: Կարծում են, դա որոշ չափով ստացվել է:    

-Որքանո՞վ եք իրական համարում Հայաստան-Սփյուռք միասնականությունը ներկա պայմաններում, եթե ո°չ Հայաստանում, և ո°չ էլ սփյուռքում միասնականություն չկա։

-Համաձայն եմ, չկա ու չի էլ եղել: Բոլոր տեսակի ՙկարգախոսային՚ պնդումները` օրինակ, «Մեկ ազգ, մեկ հայրենիք», թեև գեղեցիկ են հնչում, բայց գործնականում կյանքից հեռու են: «Միասնականության» տակ ես հասկանում եմ ավելի շուտ Չարենցի ասած «հավաքական ուժը», երբ, փորձագետներից մեկի դիպուկ բնորոշմամբ, Հայաստանի Հանրապետությունը մագնիս է, որն իր վրա հավաքում է մետաղի տարբեր կտորները: Իսկ տարբեր կտորները եղել են և կան:     

-Ինչպե՞ս եք պատկերացնում այս նախաձեռնության պատրաստած վերջնական առաջարկների տարածումը հասարակության լայն խավերի շրջանում:

-Ձեր ասած հասարակության լայն խավերին, եթե խոսքը Հայաստանի մասին է, չի հետաքրքրում ոչ միայն Սփյուռքի հետ կապերի խնդիրը, այլև հայ-ադրբեջանական սահմանում և Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները: Ես, ճիշտն ասած, «խավերի» հետ հույսեր չէի կապի: Փոխարենը կմտածեի մտավոր ու գործարար շրջանակների մասին, որոնք կարող են համագործակցել համատեղ, թեկուզ և «փոքր» ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

-Հայաստան-Սփյուռք կապերն ավելի արդյունավետ դարձնելու համար ձեր քննարկումների ժամանակ հնչած առաջարկներից որո՞նք եք համարում ավելի իրագործելի։ Համաժողովի ժամանակ էլ առաջարկներ եղան ստեղծել համահայկական հարթակ, կամ նոր նախարարություն և այլն։

-Ես չէի շտապի Սփյուռքով զբաղվող պետական կառույցի «ցուցանակը» փոխելու հարցում: Ցանկացած կառույց ստեղծելուց կամ վերափոխելուց առաջ պետք է նախ որոշել դրա գործառույթները: Նույնը վերաբերում է համահայկական հարթակին: Կարևոր է այստեղ խուսափել քաղաքականացված մոտեցումներից և այս ոլորտ չտեղափոխել մեր՝ ներհայաստանյան տարաձայնությունները: Կարծում եմ, այստեղ ավելի իրատեսական է նախ՝ հնարավորություն տալ Հայաստանի բոլոր քաղաքացիներին, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, իրագործել իրենց ընտրելու իրավունքը համապետական ընտրություններում: Այնուհետև, ազատականցնել օրենսդրությունը սփյուռքահայերի՝ մեր պետական և տնտեսական կյանքին մասնակցելու առումով:    

-Որքանո՞վ պետք է Սփյուռքը զբաղվի Հայաստանի խնդիրներով, և որքանո՞վ  Հայաստանը՝ Սփյուռքի։

-Վստահ եմ, որ այսօր առանց Հայաստանի Հանրապետության գոյության Սփյուռքի հայության ուծացման անխուսափելի գործընթացն ավելի արագ է ընթանալու: Եվ, հետևաբար, աշխարհով մեկ սփռված հայերը, եթե ցանկանում են պահպանել իրենց ազգային ինքնությունը, պետք է շահագրռված լինեն, որ մեր պետականությունը նույնպես պահպանվի: Եվ հասկանան, որ այս ժամակահատվածում պետության գոյությունը վտանգի տակ է:

Հարցազրույցը լույս է տեսել 2023 թվականի մայիսին ՕՐԵՐ ամսագրի հատուկ համարում՝ նվիրված ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնությանը։

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում