Հայտնի դերասան Արամ Հովհաննիսյանի մոնոներկայացումները Ֆրանսիայում

  • 09.03.2023
  • 0
  • 999 Views

Կինոյի եւ թատրոնի հայտնի դերասան Արամ Հովհաննիսյանը 2023-ի մարտին մոնոներկայացումներով հանդես կգա Ֆրանսիայում։ Մասնավորապես մարտի 25 ին նախատեսված է նրա ելույթը Մարսելում, իսկ մարտի 26-ին՝ Լիոնում։

Հիշեցնենք, որ դերասան, բեմադրիչ Արամ Հովհաննիսյանը «Ազնավուրը Ազնավուրի մասին» մոնոներկայացմամբ ներկայացնում է աշխարհահռչակ շանսոնյե, պոետ Ազնավուրին։

Դերասանի խոսքով, այնպիսի զգացողություն է, կարծես Ազնավուրն իրեն որպես արտակարգ և լիազոր դեսպան է կարգել, որպեսզի աշխարհով մեկ ներկայացնի նրա կենսագրությունն ու պոեզիան։

Որպես դերասան Հովհաննիսյանն իր ստեղծագործական ուղին սկսել է Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից, մեկ տասնամյակից ավելի աշխատել է Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում։ 2006 թվականից Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում սկսել է ռեժիսորական գործունեությունը։ Արամ Հովհաննիսյանը խաղացել է՝ «Պահանջվում է ստախոս», «Ազգային գործիչը», «Պատվի համար», «Խաղ սիրո և պատահականության» ներկայացումներում։ «Պաղտասար աղբար» ներկայացման մեջ դերասանը մարմնավորել է Կիպարին, «Խաթաբալա» ներկայացման մեջ՝ Գեորգ Մասիսյանցին։

Մոնոներկայացումներով է հանդես եկել Հայաստանում և Սփյուռքում` Հ. Շիրազի «Հայոց դանթեականը», Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Պ. Զեյթունցյանի «Սողոմոն Թեհլերյան», Մանուել Ադամյանի թատերագրություններ՝ «Տիգրան Մեծ արքայից արքա», «Գրիգոր Նարեկացի», «Մեծ Եղեռն», ինչպես նաեւ ներկայացնում է Շեքսպիրյան շարքը՝ Վիլիամ Շեքսպիրի «Վենետիկի Վաճառականը», «Շայլոք», «Ռիչարդ |||», «Համլետ»ի դերակատարումները ։

Դերասանական գործունեությունից զատ Հովհաննիսյանը զբաղվել է ներկայացումների բեմադրությամբ։ Եղել է բեմադրիչ Գորիսի թատրոնում և իրականացրել երկու բեմադրություն՝ Այաքս «Հունական լեգենդ» և «Մյուզիքլ»։ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացման բեմադրիչն է։ 2008 թվականին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում եղել է Վ. Սարոյանի «Մի գնա հերսոտած» ներկայացման ռեժիսորը, բեմանկարիչը։ «Խոր Վիրապ» ռադիոբեմականացման, «Կինը անձրևից հետո», «Սեր, փող, սատանա», «Գայլեր և ոչխարներ» ներկայացումների ռեժիսորն է։ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված «Ապրիլ» հեռուստաբեմադրության բեմադրիչ-ռեժիսորն է։

Մասնակցել է նաև բազմաթիվ միջազգային թատերական փառատոնների՝ Հայաստանում, Իսրայելում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Լեհաստանում, Մակեդոնիայում, Ալբանիայում, Լիտվայում, Բուլղարիայում՝ արժանանալով առաջին կարգի մրցանակների և Գրան պրիի։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում