Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագան կախված է յուրաքանչյուրից. Արտակ Ապիտոնյան

  • 09.03.2023
  • 0
  • 738 Views

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆԻ հարցերին պատասխանում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի գործադիր տնօրեն ԱՐՏԱԿ ԱՊԻՏՈՆՅԱՆԸ։

Մեկ տարի առաջ ստանձնեցիք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։ Ի՞նչն էր ոգևորում Ձեզ այս ծրագրում, որ համաձայնեցիք դիվանագիտական աշխատանքից անցում կատարել հասարակական հարթակ։

-Հավատում եմ, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը մեծ ներուժ ունեն և այն ճիշտ օգտագործելու պարագայում մենք կարող ենք հասնել հաջողությունների և կառուցել անվտանգ, արդյունավետ և բարեկեցիկ երկիր։ Դիվանագիտական լինի, թե՛ հասարակական, թե՛ որևէ այլ ոլորտ, երկրի զարգացման ուղղությամբ կարելի է աշխատել տարբեր բնագավառներում, և մենք ունենք նման աշխատանքի հրաշալի օրինակներ։ Այնուամենայնիվ, առանձին բնագավառներում տարբեր կազմակերպությունների և անհատների հաջողությունները կապիտալիզացնելու և այդ ձեռքբերումները ինստիտուցիոնալ և շարունակական դարձնելու համար հարկավոր է կառուցել ամուր պետական համակարգ, որը կունենա հստակ նախանշված հիմքեր և կայուն զարգացման միտումներ։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը որպես իր գլխավոր նպատակ է հռչակել հենց այս կարևոր ուղղությունը, այն է՝ Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցության և ըմբռնման ձևավորումը։ Կայուն զարգացման գաղափարը ենթադրում է այնպիսի համակարգի ստեղծում, որն ի վիճակի կլինի բավարարել ներկա կարիքները՝ միևնույն ժամանակ չվտանգելով ապագան, այլ ընդհակառակը՝ հիմքեր ստեղծելով ապագա սերունդների համար՝ զարգացնելու սեփական կարիքները բավարարելու կարողությունը։ Եթե հաջողվի ձևավորել այդ գիտակցությունը, դա կնշանակի, որ մենք որպես ժողովուրդ կվերաարժևորենք մեր անկախությունը՝ որպես սեփական ապագայի կերտման համար պատասխանատվություն ստանձնելու ունակություն, ինչպես նաև՝ պատրաստակամություն նախ սահմանելու այդ ապագան և երկրորդը՝ մեկ ճակատով աշխատելու այդ սահմանված ապագայի կերտման համար: Որպես անկախ պետություն և ժողովուրդ՝ մենք պետք է անցնենք այս ճանապարհը, քանի որ այն հանդիսանում է երաշխավորված պետականության կարևորագույն հիմքերից մեկը։ Եվ ինձ չէր կարող չգրավել այդ ճանապարհը նախանշելու մեջ դեր խաղալու առաջարկը։

Մարտի 10-12-ը տեղի է ունենալու Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ հիմնված «Քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի վրա։ Ի՞նչ է նշանակում դա։ Կբացե՞ք փակագծերը։

«Քաղաքացիական ասամբլեա»-ն մասնակցային ժողովրդավարության լայն ճանաչում ունեցող ձևաչափերից է, որը հայկական իրականությունում կիրառվելու է առաջին անգամ: Այն միտված է հաղթահարել հասարակության ներսում ձևավորված հուսահատության մթնոլորտն ու բևեռացումը և ելքեր գտնել փակուղային իրավիճակներից: Մոդելի կիրառումը հնարավորություն է ընձեռում երկրի համար ճակատագրական, երբեմն փակուղային իրավիճակներում համախմբել առկա հասարակական ուժն ու կայացնել կենսական նշանակություն ունեցող որոշումներ: «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆ»-ը ասամբլեայի ձևաչափն օգտագործում է նաև մեր երկրի ապագայի համար կարևորագույն հարցերի շուրջ միասնական տեսլական ձևավորելու և այդ տեսլականին հասնելու ճանապարհները քննարկելու համար։ Ասամբլեան ներգրավում է հասարակության ամենատարբեր խմբերին՝ մեկ հարթակում համախմբելով նրանց ջանքերն ու գաղափարները: Առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովը լինելու է նաև առաջինն աշխարհում, որին ներգրավվելու է նաև Սփյուռքը: Ապագա Հայկականի Համաժողովին մասնակցելու են ՀՀ-ից, Արցախից և Սփյուռքից նախապես գրանցված և թափանցիկ վիճակահանությամբ ընտրված 200 մասնակիցներ՝ ձևավորելով աշխարհասփյուռ հայության յուրօրինակ մանրակերտը:

Դուք նշել եք, որ մոտ 110 հազար համանախաձեռնող աշխարհի 108  երկրից միացել են այս նախաձեռնությանը։ Արդյո՞ք հնարավոր է նման մեծ թվով անհատների մեկտեղել մեկ ծրագրի շուրջ եւ ստանալ գոհացուցիչ արդյունք։ Ինչպի՞սի աշխատավոճ եք որդեգրել, որպեսզի կարողանաք հնարավորինս օգտագործել բոլոր փորձագետների կարծիքները։

-Իհարկե, հնարավոր է, եթե միայն նպատակը և դրան հասնելու ճանապարհները հստակ են սահմանված: Նախաձեռնությունը համախմբել է Հայաստանի և հայության ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ սահմանելու մեր ապագան։ Պետք է նաև նշեմ, որ չնայած 110, 000 թիվն արդեն տպավորիչ է, սակայն այն կազմում է աշխարհասփյուռ հայության մոտ 1 %-ը և այս համատեքստում մենք պետք է ուղղենք մեր ջանքերը՝ ներգրավելու առավել լայն շրջանակների: Ինչպե՞ս ենք սահմանում մեր ապագան։ Համաժողովին ընդառաջ ապագայի երեք նպատակների շուրջ ստեղծվել են  երեք փորձագիտական հանձնախմբեր՝ «Պատմական պատասխանատվություն», «Բնակչության աճ», «Հայաստան-Սփյուռք միասնականություն», որոնք  բաց են եղել ոլորտային բոլոր մասնագետների համար: Մենք արձանագրել ենք փորձագետների կողմից հնչեցրած բոլոր կարծիքները՝ հաճախ խրախուսելով կարծիքների բախումը: Մեր բոլորի նպատակն է ունենալ կայուն զարգացող պետություն, սակայն դրան հասնելու ճանապարհները տարբեր անհատներ և խմբեր կարող են տեսնել տարբեր կերպ։ Նպատակն այստեղ ոչ թե բոլորին համակարծիք դարձնելն է, այլ հասարակության մեջ առկա բոլոր կարծիքների վերհանումը, քննարկումը և դրանց հիման վրա ծրագրերի ձևավորումը։ Հինգ ամիս տևած առկա և առցանց աշխատանքների արդյունքում ստացվել են բավականին հետաքրքիր գաղափարներ ու առաջարկություններ:

-Նախապես դուք նշել էիք 15 նպատակ։ Քննարկումների արդյունքում որքա՞նը մնաց իբրեւ հիմնական նպատակ եւ որո՞նք են դրանք։

-Նպատակները հիմա էլ են մնում անփոփոխ, դրանք 15-ն են՝ «Տեսլականի սահմանում», «Երաշխավորված պետականություն», «Պատմական պատասխանատվություն», «Ազատ Արցախ», «Հայաստան-սփյուռք միասնականություն» «Ուժեղ սփյուռք», «Ուժեղ դաշինքներ» «Հարաճում» «Բնակչության աճ», «Կրթության գերազանցություն», «Գիտության, տեխնոլոգիայի և ստեղծագործականության գերակայություն» «Ողջամիտ կառավարում», «Արդար հասարակություն և նվազեցված անարդարություններ», «Ժառանգության պահպանում», «Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում»։ Հենց այս 15 նպատակներն են ներառում բոլոր այն ոլորտները, որոնց շուրջ մենք պետք է ունենանք բաց քննարկում, սահմանենք մեր ապագան ու աշխատենք այդ ապագայի կերտման վրա։ Նպատակների անվանումները կարող են շատ ընդհանրացված թվալ, սակայն քննարկումների ընթացքում դրանք միս ու արյուն են ձեռք բերում, և մեր փորձագիտական խմբերն անդրադառնում են նշված ոլորտում առկա բազմաթիվ մանր և մեծ առարկայական խնդիրներին։ Նպատակների մեջ չկա որևէ դասակարգում՝ հիմնականի կամ երկրորդականի և չի էլ կարող լինել նպատակները միմյանց հետ փոխկապակցված և միմյանց փոխլրացնող են: Օրինակ՝ «Բնակչության աճ»-ը, լինելով անվտանգային լուրջ բաղադրիչ, սահմանված է որպես առանձին նպատակ, և մեր փորձագետները առանձին քննարկել են դրա առկա վիճակը, հնարավոր զարգացումները, այդ զարգացումներին միտված քաղաքականությունը, հնարավոր ծրագրերն ու գործողությունները։ Սակայն բնակչության աճը միայն քանակական գործոն չէ, չի կարող լինել բնակչության լուրջ աճ առանց երկրի համար տեսլականի սահմանման կամ արդար հասարակության ձևավորման, առանց կրթական և հանրային ոլորտում դրա քարոզչության կամ առանց զարգացած տնտեսության, որը կապահովի այդ աճող բնակչության սոցիալական, կրթական և այլ կարիքները։ Ինչպես նաև չի կարող լինել երաշխավորված պետականություն և տարբեր ոլորտների համաչափ զարգացում առանց բնակչության կայուն աճի։ Հայաստանի և հայության զարգացման համապարփակ ծրագիր ունենալու համար պետք է առանձին անդրադառնալ բոլոր 15 նպատակներից յուրաքանչյուրին և վերջում միավորել դրանք՝ կազմելով զարգացման համապարփակ ծրագիրը։ Ինչ վերաբերում է մարտի 10-12-ին կայանալիք առաջին Համաժողովի քննարկմանը դրված երեք նպատակների ընտրությանը, ապա դրանք ընտրվել են մեր բոլոր նախաձեռնողների շրջանում կազմակերպված հարցման արդյունքում:

-Հայաստանի ապագա զարգացման տարբեր սցենարներ են քննարկվում։ Ո՞ր սցենարներն եք ներկայացնելու քննարկմանը։

-Փորձագիտական քննարկումների ամենակարևոր առավելություններից մեկն այն է, որ մեր փորձագետներն ունեն միասնական տեսլական՝ ստեղծել ամուր և կայուն զարգացող պետություն։ Եվ այո՛, դրան հասնելու սցենարները տարբեր են, հնչող կարծիքները շատ հաճախ միմյանց հակասում են: Քննարկումների ընթացքում գրի են առնվել այդ բոլոր կարծիքներն ու մեկնաբանությունները: Փորձագիտական քննարկումների մյուս առավելությունն այն է, որ բոլոր կարծիքներն ու մեկնաբանություններն ունեն փորձագիտական հիմք, այսինքն ուղղակի ցանկություն չի արտահայտվում, այլ՝ հիմնավորված կարծիք։ Նման կարծիքների բազմազանությունը նույնպես դրական եմ գնահատում, որովհետև այն ոչ միայն հարստացնում է մեր քննարկումները, այլ ստեղծում է մեր երկրի զարգացման հնարավոր տարբեր սցենարներ։ Միևնույն ժամանակ, նույն փորձագիտական խմբում շատ կարևոր է ըմբռնումը, որ այս տարբերությունները վերաբերում են մեր ընտրած մարտավարություններին և դրանք մեզ չեն բաժանում, այլ ընդհակառակը՝ միավորում և փոխլրացնում են, որովհետև նպատակը մեկն է՝ մեր պետության հզորացումը։ Հինգ ամիս շարունակ երեք առանձին փորձագիտական խմբերով մենք քննարկել ենք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքը, իսկ փետրվարի 4-ին կազմակերպել ենք այդ երեք հանձնախմբերի միացյալ քննարկում՝ մինի-Համաժողովի ձևաչափով, որտեղ մեր փորձագետները ծանոթացել են տարբեր խմբերում ընթացող քննարկումներին և վերջնականացրել են բոլոր մշակումները: Արդյունքում, ինչպես դուք նշեցիք, մենք ունենք շատ տարբեր ու բազմազան սցենարներ և դրանք բոլորը դրվելու են Համաժողովի քննարկմանը: Համաժողովի մասնակիցները միասին ծանոթանալու, քննարկելու են այդ սցենարները, գնահատելու են դրանք և գիտակցված քվեարկություն անեն այս կամ այն սցենարի օգտին:

– Ոմանք քննադատում են, ասելով, թե ինչո՞ւ  Ապագա Հայկականը եւ ոչ Հայաստանի ապագան, մյուսները ավելի առաջ են գնում եւ հարցնում են՝ ինչու՞ ապագան, եթե ներկան արդեն իսկ մշուշոտ է։ Հետեւաբար, արդյո՞ք ներկա ճգնաժամից դուրս գալու սցենարների քննարկումն ավելի ճիշտ չէր լինի։

-Իսկ ներկա ճգնաժամից ինչպե՞ս դուրս գանք և արդյո՞ք միջոցները, որոնք ձեռնարկվում են ներկա ճգնաժամից դուրս գալու համար, միտված են ավելի ուժեղ ապագա Հայաստան ունենալուն, թե՞ կհանգեցնեն նոր ճգնաժամի։ Պարզաբանեմ միտքս՝ անկախ պետականության տարիներին մենք մշտապես կենտրոնացած ենք եղել ամենօրյա ընթացիկ խնդիրների ու աշխատանքների վրա և դա խանգարել է և շարունակում է խանգարել մեզ նայել դեպի ապագան: Միգուցե սա ունի օբյեկտիվ պատճառներ, քանի որ անկախ Հայաստանն իր ձևավորման հենց սկզբից կանգնած է եղել մեծ մարտահրավերների առջև։ Այնուամենայնիվ, մարդը, կազմակերպությունը, համայնքը, առավել ևս պետությունը, ինչ մարտահրավերների առջև էլ կանգնած լինի, պետք է իր մեջ նախանշի իր ապագան՝ իր երկարաժամկետ նպատակները, ու՞ր է գնում, ինչու՞ և ինչպե՞ս։ Միայն ապագայի տեսլականն ու հստակ սահմանված ռազմավարական նպատակները թույլ կտան նախ՝ գնահատել ներկան, հասկանալ թե որքանով է ներկայի այս կամ այն մարտահրավերը խոչընդոտում այդ մեծ նպատակների իրագործմանը և երկրորդը՝ նույն ներկայում կարևորել առաջնային մարտահրավերները երկրորդականից։ Սա շատ կարևոր է նաև տրված ներկայում առկա ռեսուրսների ճիշտ օգտագործման համար։ Ցանկացած, հատկապես՝ ծանր շրջանում կայուն զարգացումը հնարավոր կլինի ապահովել՝ «զոհաբերելով» օրվա խնդիրները, այլ ոչ թե նախանշված ռազմավարական նպատակները։ Ապագայի քննարկումն առանց ներկային անդրադառնալու, ինչպես նաև ներկայի լուրջ քննարկումն առանց ապագայի տեսլական ունենալու անհնար է։ Ամենաառաջին իսկ հանդիպմանը փորձագետները սահմանել են մի քանի կարևորագույն հայեցակարգային հարցեր՝ ի՞նչ ունենք մենք այսօր, որտե՞ղ կհայտնվենք, եթե ոչինչ չփոխենք, ինչպիսի՞ն ենք ուզում լինել 20 տարի անց և ինչպե՞ս հասնենք այդ ցանկալիին: Այս համատեքստում քննարկվել է ինչպես ապագան, այնպես էլ ներկան: Չպետք է մոռանանք, որ մեր բոլորիս կողմից ցանկալի այդ ապագան մենք պետք է սահմանենք և ծրագրենք ներկայում ունեցած ռեսուրսների արդյունավետ օգտագործման հիման վրա։ Իսկ ինչու է՞ կոչվում «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ», որովհետև չնայած հայ ժողովրդի համար որպես միասնական գերնպատակ պետք է լինի հայոց պետականության պահպանումն ու զարգացումը, հայ ժողովուրդն ու հայկական ժառանգությունը չի սահմանափակվում Հայաստանով, դրանք սփռված են աշխարհով մեկ և հանդիսանում են մեր հարստությունը։ Միգուցե լավ ճակատագրից չէ, որ մենք դարձել ենք աշխարհասփյուռ ժողովուրդ և մշակութային ժառանգություն ստեղծել աշխարհի տարբեր ծայրերում, սակայն այսօր այն դարձել է մեր հարստությունը, մեզ դարձրել է համաշխարհային ժողովուրդ։ Մենք պետք է կարողանանք տեր կանգնել մեր՝ այդ ժառանգությանը, պատասխանատվություն ստանձնել դրա պահպանման և զարգացման շուրջ, ինչն էլ ավելի կհզորացնի նաև մեր պետությունը։

-«McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ իրականացրել եք  «ՀԱՅԱՍՏԱՆ 2021-2041. Մակրոտնտեսական ախտորոշում» լայնածավալ ուսումնասիրությունը, որում մանրամասն վերլուծել եք Հայաստանի տնտեսության հինգ գերակա ոլորտ՝ գյուղատնտեսություն, բարձր տեխնոլոգիաներ, առողջապահություն, կրթություն և զբոսաշրջություն: Ո՞րն է այդ ուսումնասիրության հիմնական գնահատականը։ Ի՞նչ վիճակում է Հայաստանը։

-Ուսումնասիրությունը Ձեր նշած ոլորտներում ներկայացրել է Հայաստանի ներկայիս վիճակը, որտեղ հստակ երևում է, որ չնայած ընթացիկ որոշ հաջողություններին կամ աճին՝ երկարաժամկետ հատվածում բոլոր ոլորտներում ունենք նվազման միտումներ: Ուսումնասիրությունը նաև ներկայացնում է զարգացման հնարավոր նախընտրելի ուղղություններ: Ինչպես նշեցի, մեր քննարկումները հիմնված են փորձագիտական հենքի վրա։ Այս ուսումնասիրության, ներկայի վիճակի այլ վերլուծությունների հիմնական գնահատականը մեկն էր՝ եթե այսպես շարունակենք, ապա կունենանք նորանոր աղետներ:

– Ինչո՞վ է տարբերվելու  ներկա ծրագիրը նախորդ՝ «Հայաստան-2020» ծրագրից։ Այն ժամանակ էլ չորս սցենար մշակվեց, բայց ըստ էության դրանցից ոչ մեկը չկատարվեց, ավելին, թերեւս կարելի է ասել ամենավատ տարբերակին մոտեցավ Հայաստանը։ Որքանո՞վ է իրական այս ծրագրի հաջողությունը, եթե միեւնույն է,  կառավարությունները հաշվի չեն առնում նման ծրագրերի խորհրդատվական կարեւորությունը։

-Հայաստանի և հայության առջև ծառացած մարտահրավերներին հնարավոր է դիմագրավել միայն հավաքական ուժերով: Մեզ մոտ մինչ օրս գոյություն ունի այդ կարծրատիպը, որ ամենի միակ պատասխանատուն և իրականացնողը կառավարությունն է: Իհարկե, նրա դերը ամենամեծն է, սակայն նախ պետք է նշել, որ կառավարությունն էլ հասարակության մի մաս է և հասարակությունն ինքն է ձևավորում կառավարությունը՝ ելնելով իր առաջնային պահանջներից և ապագայի մասին իր պատկերացումից։ Բացի կառավարություն ձևավորելուց, հասարակությունն մեծ դեր, լայն իրավունքներ և հստակ պարտականություններ ունի նաև պետության հզորացման գործում: Ներկայիս ծրագիրը տարբերվում է հենց դրանով, քանզի առաջադրում է հասարակության ներգրավվածության, այդ ներգրավվածության գիտակցման և դրա շուրջ պատասխանատվության ստանձման ձևաչափեր։ Եթե մեզ հաջողվի հասարակական լայն կոնսենսուս ապահովել նախանշված նպատակների և ծրագրերի շուրջ, դա կփոխի ընդհանուր հասարակական դիսկուրսները, հետևաբար նաև՝ ձեռնարկվելիք քայլերը։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նպատակ ունի հանրության մեջ ձևավորել գիտակցություն, որ մեր մտածելակերպն ու գործելակերպը ներկայումս նախանշում է մեր ապագան և որ օրվա իշխանությունների հետ հարաբերությունները, օրվա խնդիրների լուծման ուղիները պետք է բխեն ավելի լավ միասնական ապագա կերտելու տեսլականից։ Իսկ ամենավատ տարբերակին թերևս մոտեցել ենք նաև այն պատճառով, որ ի սկզբանե չենք ձևավորել այդ գիտակցությունը, չենք սահմանել մեր ապագան և դրանից բխող ռազմավարական կարևորության ուղղություններն ու գործողությունները։ Եթե մենք չձևավորենք մեզ համար նախընտրելի ապագան ու ամեն ջանք չգործադրենք դրան հասնելու համար, ապա կա՛մ մեր փոխարեն դա միշտ կանեն ուրիշները կամ ժամանակի ինքնահոս ընթացքը։ Երկու դեպքում էլ լավ արդյունք սպասելը մեղմ ասած իրատեսական չէ։    

-Ո՞րն է լինելու Համաժողովից հետո հաջորդ քայլը։

-Համաժողովի վերջին փուլը գրանցված արդյունքների իրագործումն է: Այդ նպատակով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը այսօր էլ անում է ամեն ինչ, որպեսզի ձևավորվի Համագործակցային ցանց՝ ներգրավելով հայկական կառույցներին, մասնավոր և պետական ոլորտի ներկայացուցիչներին, միջազգային գործընկերներին ու անհատներին՝ միասնական ջանքերով կյանքի կոչելու Համաժողովի մասնակիցների կողմից ընդունված առաջարկները: Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագան կախված է յուրաքանչյուրիցս: Մենք կարող ենք և պետք է կառուցենք մեր ապագան միասին:

Համաժողովի մասնակիցների հետ մեր զրույցներում այն միտքը հնչեց, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության մնացած 12 նպատակները պետք է հնարավորինս արագ զուգահեռաբար քննարկել, այլևս չձգձգել՝ անցկացնելով երեքական հարցերի օրակարգերով համաժողովներ, քանի որ Հայաստանն այնպիսի վիճակում է, որ մենք նույնիսկ մի քանի տարվա շռայլություն չենք կարող մեզ թույլ տալ։ Ինչպե՞ս եք վերաբերում նման առաջարկին, և որո՞նք են լինելու ձեր առաջիկա կոնկրետ քայլերը։

-Այս պահին մենք զբաղվում ենք առաջին Համաժողովի արդյունքների ամփոփմամբ, որից հետո վերջնական զեկույցը կներկայացվի բոլորին: Այնուհետև հնարավոր կլինի նախանշել առաջին Համաժողովի հետ կապված մեր հետագա անելիքները:

Կապված հաջորդ Համաժողովների կազմակերպման հետ. գործընթացը բավականին բարդ ու աշխատատար է և արդյունավետության տեսանկյունից այդքան էլ նպատակահարմար չի լինի Համաժողովների  զուգահեռաբար անցկացումը: Հաջորդ Համաժողովին քննարկվելիք նպատակների վերաբերյալ հարցում արդեն իրականացել է առաջին Համաժողովի մասնակիցների և ներկա փորձագետների շրջանում, սակայն նախատեսվում է հարցում իրականացնել նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 112 000-ից ավելի նախաձեռնողների շրջանում, որից հետո միայն կվերջնականացվեն արդյունքները:

                                                              

ՕՐԵՐ եվրոպական ամսագիր

մարտ-ապրիլ 2023 թվական

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում