Պրահայում քննարկվեց Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքը

  • 07.06.2026
  • 0
  • 18 Views

Հունիսի 5-ին Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամների հետ համագործակցությամբ խորհրդարանում կազմակերպել էր Հայաստանի խորհրդարանական ընտրություններին նվիրված սեմինար, որին մասնակցում էին նաեւ Հայաստանից հրավիրված բանախոսներ։ Հանդիպման հիմնական ուղենիշն այն էր, թե ընտրությունները որքանով կազդեն Հայաստանի աշխարհաքաղաքական ուղեգծի վրա՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո սկսված ժողովրդավարական բարեփոխումների, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի վրա։

Սեմինարի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանի հարաբերություններին, Ռուսաստանի և ԵՄ-ի դերակատարությանը։ Խորհրդարանի անդամներից սեմինարին մասնակցում էին ODS ընդդիմադիր կուսակցությունից Պետր Սոկոլը, որը նաեկ Չեխիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամ է, ինչպես նաեւ Պիրատների խմբակցությունից Կանաչների կուսակցության անդամ, Գաբրիելա Սվարովսկան, որոնց հովանու ներքո անցկացվեց միջոցառումը: Սեմինարին ներկա էր եւ վերջում իր շնորհակալական խոսքը հայտնեց Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը։ Իսկ Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը տեսաուղերձով փոխանցեց Հայաստանի ընտրություններին նվիրված իր կարծիքը: Իհարկե, Հայաստանի Եվրամիության անդամակցության համար նշվեց, որ Հայաստանը դեռ շատ տնային աշխատանք ունի կատարելու։

Սեմինարի գլխավոր զեկուցողներին էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին արտաքին քաղաքականության խորհրդական և անկախ Aliq Media հարթակի հիմնադիր Արսեն Խառատյանը և կիբերանվտանգության փորձագետ և CyberHUB AM-ի հիմնադիր Արթուր Պապյանը։։

Զեկուցողները կիսվեցին նախընտրական վիճակի մասին իրենց գնահատականներով, պատասխանեցին ներկաների հարցերին, իսկ Արթուր Պապյանը նաեւ մի քանի տեսանյութ ցուցադրեց, թե ինչպես են նախընտրական շրջանում կեղծ տեղեկատվությամբ ազդում ընտրողների վրա։ Բանախոսները ներկայացրեցին ընտրություններին մասնակցող հիմնական իշխանական եւ ընդդիմադիր ուժերին՝ խոսելով յուրաքանչյուրի հնարավորությունների մասին։ Ի դեպ, պատգամավոր Գաբրիելա Սվարովսկան միակն էր, որ Եվրոպական միության աջակցության հետ մեկտեղ, չմոռացավ նշել արցախցի փախստականների մասին, այդ մարդկանց ցավերի մասին եւ նաեւ ցուցադրեց իր վզից կախված եւ Լեռնային Ղարբաղից բերված զարդը, որը շարունակում է կրել։ Վերջում ավելացնենք, որ քննարկումը վարում էր Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի գործադիր տնօրեն Ռոստիսլավ Վալվոդան։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում