Երեկ գիշեր Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դադարեցրեց ընտրությունների արդյունքների հրապարակումը, իսկ ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր քաղաքական ուժը հաղթել է ընտրություններում, առանց սպասելու վերջնական արդյունքների հրապարակմանը։ Այդ պահին պաշտոնապես հրապարակվել էին միայն ձայների 15 տոկոսի արդյունքները։ Այնուհետեւ առավոտյան պարզ դարձավ , որ չորս ուժ են անցնում խորհրդարան, իսկ որոշ ժամանակ անց ԿԸՀ -ն իջեցրեց ԲՀԿ տվյալները, եւ հայտարարվեց, որ Գավիկ Ծառուկյանի ուժը չի անցնում։
ԿԸՀ-ն ամփոփել է ԱԺ ընտրություններին մասնակցության թիվը․ այսպիսով, ընտրական իրավունք ունեցող 2 մլն 505 հզ 102 քաղաքացուց քվեարկել է 1,476,597 ընտրող կամ մասնակիցների 58,97%, որոնցից՝
Երևան – 496,643 ընտրող
Արագածոտն – 69,997 ընտրող
Արարատ – 131,819 ընտրող
Արմավիր – 126,302 ընտրող
Գեղարքունիք – 97,144 ընտրող
Լոռի – 124,983 ընտրող
Կոտայք – 148,302 ընտրող
Շիրակ – 115,249 ընտրող
Սյունիք – 71,320 ընտրող
Վայոց Ձոր – 29,293 ընտրող
Տավուշ – 65,579 ընտրող
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 49․81%
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23.29%
«Հայաստան» դաշինք – 9.94%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -4%
«Միասնության թևեր» կուսակցություն – 2.3%
Հայաստանի շնորհապետական կուսակցություն – 2.11%
ԴՕԿ – 1.82%
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն – 1.75%
ԲԴԺԿ – 1.47%
«Հանրապետություն» կուսակցություն – 1.08%
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է խորհրդարանական ընտրություններում էլեկտրոնային քվեարկության արդյունքները։
Արդյունքները ներկայացրեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 537 է, որից քվեարկությանը մասնակցել է 410-ը։
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 22։
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․
«Ռեֆորմիստների կուսակցություն» — 0
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն — 5
«Ուժեղ Հայաստան» դաշինք — 13
«Հայաստանի Շնորհապետական կուսակցություն» — 5
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն — 3
«Միասնության թևեր» կուսակցություն — 13
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն — 5
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն — 0
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն — 0
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — 0
«Հանրապետություն» կուսակցություն — 4
«Քրիստոնեաժողովրդավարական կուսակցություն» — 0
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն — 1
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն — 1
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 330
«Հայաստան» դաշինք — 8
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն — 0
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն — 1
Ձայների բաշխման տվյալները ներկայացնելուց հետո ԿԸՀ-ն վավերացրեց էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները։
Հիշեցնենք, որ համապետական ընտրություններին էլեկտրոնային քվեարկությամբ մասնակցելու իրավունք ունեն օտար երկրներում Հայաստանի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքի անդամները։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի յոթին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Իսկ հունիսի 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են բողոքարկման հարցերով դիմել Սահմանադրական դատարան»,- ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը․
«ՔՊ-ն միանձնյա կձեւավորի իշխանություն։ Շնորհակալ եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր նախ մասնակցեցին ընտրություններին եւ իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին։ Ուզում եմ ընդգծել, որ ՔՊԿ-ն 2021-ի համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, ավելի մեծ թվով քաղաքացիների վստահության քվեն։ Սա պարտավորեցնող է, եւ նշանակում է՝ ՀՀ քաղաքացին տեր է կանգնել պետությանը, տեր է կանգնել անկախությանը, տեր է կանգնել ապագային, տեր է կանգնել խաղաղությանը»,- ասել է Փաշինյանը գիշերվա ժամը 2.00-ին մեկնարկած ասուլիսի սկզբում։
Հարցին՝ ինչպե՞ս է վստահ պնդում, որ հաղթել է ընտրություններում, երբ բոլոր տեղամասերի հաշվարկը հրապարակված չէ, Փաշինյանը պատասխանեց․
«Մենք բոլոր տեղամասերում ունենք վստահված անձինք, ունենք արձանագրությունները, մեր սեփական հաշվարկներն ենք անում։ Նաեւ, կարծում եմ, ԿԸՀ-ն տվյալները հրապարակում է, եւ ակնհայտ է»
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հաղթանակի մասին հայտարարության, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը հանդես եկավ հայտարարությամբ։
Սիրելի՛ հայրենակիցներ![]()
![]()
![]()
Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։
Այս պայմաններում նիկոլ փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու և նրա գործունեության նկատմամբ կոպիտ միջամտություն իրականացնելու հանցավոր քայլի։
Առանց վերջնական արդյունքների՝ դատական համակարգին և պետական ատյաններին հրահանգավորելու և սպառնալու փոխարեն, գործող վարչախումբը դեռ պետք է իրավական պատասխան տա այս ընթացքում արձանագրված բոլոր ընտրախախտումների, վարչական ռեսուրսի կոպիտ կիրառման և քաղաքացիների կամարտահայտման վրա գործադրված բռնաճնշումների համար։
Ընտրությունների վերջնարդյունքների, մեր հետագա քայլերի և անելիքների մասին հանրությանը կտեղեկացնենք պաշտոնական և ամբողջական տվյալներն ամփոփելուց հետո։
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ
08 հունիսի, 2026թ
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ «Միասնության թեւերի» առաջնորդ Արման Թաթոյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՔՊ-ն միանձնյա ձևավորում է Կառավարություն և հաղթել է ընտրություններում, հակասահմանադրական է, և վերազանցում է վարչապետի լիազորությունները:
Կառավարության ղեկավարը չունի իրավասություն հանդես գալու հայտարարությամբ և հայտարարելու իր միանձնյա հաղթանակի մասին, երբ քվեարկության արդյունքների 10%-ից մի փոքր ավելին է հաշվարկված, երբ Երևանում քվեարկության արդյունքների 10%-ն էլ ամփոփած չէ: Ավելին, Երևանի ընտրատեղամասերում քվեարկությունների արդյունքները չկան մինչև հիմա: Բոլոր թարմացումներն անկանոն են փոխվում, անհասկանալի է ինչ հաճախականությամբ: Ավելին, թվերը պարբերաբար նվազում ու ավելանում են:
Այս պայմաններում նա խոսում է ընդդիմության տարբեր առաջնորդների պատասխանատվության ենթարկելու մասին. նման լիազորություն չունի վարչապետը: Սա օրենքի կոպիտ խախտում է:
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը համարում ենք ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով ԿԸՀ-ի վրա բացահայտ անօրինական ազդեցություն, որը քրեորեն պատժելի է:
Արման Թաթոյան
Հայ Ազգային կոնգրեսի հայտարարությունը
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Երեւան, 2026, հունիսի 7
Սիրելի՛ հայրենակիցներ,
Իշխանությունները, ակնհայտորեն վախենալով ժողովրդի ազատ կամարտահայտությունից, դիմում են ծայրահեղ վտանգավոր քայլերի։ Ընտրություններին մեր հայրենակիցների դրսեւորած բարձր քաղաքացիական գիտակցությունը եւ ակտիվ մասնակցությունը գնահատելով որպես սպառնալիք իրենց ակնկալած արդյունքներին, նրանք անցել են ընտրողներին ահաբեկելու, վախի մթնոլորտ տարածելու և Հայաստան ժամանող մեր հայրենակիցներին բացահայտ քրեական հետապնդումներով սպառնալու ապօրինի գործին։
ՔՊ-ական պաշտոնյաների հակաօրինական, սպառնալից տեսաուղերձները հանցավոր համագործակցությամբ հեռարձակվում են Հանրային հեռուստատեսությամբ։ Ողջ պետական քարոզչամեքենան լծվել է այդ հակապետական գործին։
Իրավական համակարգի կատարյալ դեգրադացիայի մասին է վկայում այն, որ Քննչական կոմիտեն, փոխանակ քրեաիրավական գնահատականի արժանացնելու օրինախախտ պաշտոնյաներին, նրանց ցուցումով հայտարարում է «ստուգումներն ավելացնելու» մասին։ Փաստորեն, պետական իրավապահ մարմինները վերածվել են քաղաքական պատժիչ մահակի՝ ընտրական գործընթացը տապալելու համար։ Սա ոտնձգություն է ժողովրդի իշխանության դեմ։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ հոդվածն ամրագրում է՝ «Իշխանությունը պատկանում է ժողովրդին»։ Այն, ինչ անում է իշխանությունը հենց այս վայրկյանին, ժողովրդի կողմից իշխանության կազմավորման սահմանադրական սկզբունքի բռնի խաթարումն է և ազատ կամարտահայտման իրավունքի ոչնչացումը։
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Հանրային հեռուստատեսությամբ և ցանկացած այլ հարթակով քաղաքացիների դեմ ուղղված հոգեբանական տեռորն ու ապօրինի քարոզչությունը։
Քննչական կոմիտեի և իրավապահ մարմինների ղեկավարներից՝ հետ կանգնել քաղաքական պատվերներ կատարելուց և հիշել, որ պետական մարմիններին սահմանադրական կարգի տապալման մեջ ներքաշելը ծանրագույն հանցագործություն է, որի համար պատասխանատվությունը լինելու է անհատական ու անխուսափելի։
Միջազգային դիտորդական առաքելություններից՝ անհապաղ արձագանքել վարչական ու պետական ռեսուրսի այս աննախադեպ չարաշահմանը, որը վտանգում է ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։
Սիրելի՛ քաղաքացիներ,
Իշխանությունների այս սանձարձակ վարքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է։ Նրանք վախենում են ձեր քվեից։ Ոչ մի պատժիչ մահակ չի կարող սահմնափակել քաղաքացիների ազատ ընտրելու սահմանադրական անօտարելի իրավունքը։
Հայ Ազգային կոնգրես



