«Բարոնուհին» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը Երեւանում

  • 09.05.2026
  • 0
  • 101 Views

Օրերս Երեւանի Թեքեյան կենտրոնում հանդիսատեսի դատին հանձնվեց Հայաստանի և Արցախի մեծ նվիրյալ Բարոնուհի Քերոլայն Քոքսին նվիրված «Բարոնուհին» վավերագրական ֆիլմը։

Ֆիլմը պատմում է 1991 թվականից սկսած Բարոնուհու հայանպաստ գործունեության, կատարած մարդասիրական օգնությունների, միջազգային հարթակներում Արցախյան հիմնախնդրի մասին բարձրաձայնելու, ինչպես նաև Արցախում բացված վերականգնողական կենտրոնի մասին, որը 2023-ի Արցախյան բռնի տեղահանումից հետո վերաբացվեց Հայաստանում։ «Բարոնուհի» ֆիլմը նկարահանվել է Հայաստանում և Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմում ներգրավվել են Լորդերի պալատի ներկա և նախկին անդամներ, Քոքսի HART բարեգործական հիմնադրամի աշխատակիցներ, ովքեր ականատես են եղել Բարոնուհու գործունեությանը և իր հետ բազմիցս այցելել Հայաստան և Արցախ։

Նշենք, որ ֆիլմի նկարահանող խումբը Քերոլայն Քոքսին կարողացավ հանդիպել Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ։ Ֆիլմը կառուցվել է Բարոնուհու մասին պատմող պատմությունների և արխիվային նյութերի հիման վրա, որոնց միջոցով դիտողը կրկին անգամ հնարավորություն է ունենում վերհիշելու և վերապրելու Քոքսի Արցախ կատարած տասնյակ այցերը, Քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված ուխտագնացությունը, նրա՝ Արցախին նվիրվածությունը և աջակցությունը։ Ֆիլմի ռեժիսորը Լիլիթ Մխիթարյանն է, պրոդյուսերը՝ Ռուզաննա Ղազարյանը։ Ֆիլմն արտադրվել է «Լամեդիա» ընկերության կողմից լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանի աջակցությամբ։

Ֆիլմը կարող եք դիտել հետեւյալ հղումով՝ Բարոնուհին – Քերոլայն Քոքսին նվիրված վավերագրական ֆիլմ

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում