Մայիսի 8-ին Վենետիկի բիենալեի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությունը։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Իտալիայում ՀՀ դեսպանության խորհրդական Գեղամ Ադամյանը, Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սուրուխանյանը, ինչպես նաև ցուցահանդեսի գլխավոր համադրող Թոնի Շաֆրազին, արվեստագետ Զատիկ Զատիկյանը և բազմաթիվ հյուրեր։
Փոխնախարար Դ.Դանիելյանի ելույթին հաջորդեց նաև ՀՀ դեսպանության խորհրդական Գ.Ադամյանի խոսքը, ով դեսպանության անունից ողջունեց ներկաներին և ընդգծեց, որ մշակույթը դարեր շարունակ միավորել է մարդկանց՝ հանդիսանալով երկխոսության և փոխըմբռնման կարևոր կամուրջ։ Նա շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին և հրավիրեց այցելուներին ծանոթանալու հայ արվեստագետների ստեղծագործություններին, որտեղ ներդաշնակորեն միահյուսված են հայկական ավանդույթներն ու ժամանակակից արվեստի նորարարական մոտեցումները։
Այնուհետև խոսքով հանդես եկան ցուցահանդեսի գլխավոր համադրող Թ.Շաֆրազին և արվեստագետ Զ.Զատիկյանը։

Իր հերթին, Աննա Եղիազարյան օգտատերն իր էջում ներկայացրել է հայկական տաղավարը։ Նա գրել է.« Վենետիկի 61-րդ բիենալեն կրկին դառնում է ժամանակակից արվեստի համաշխարհային կենտրոն՝ միավորելով արվեստագետների, կուրատորների ու մշակութային մտածողների աշխարհի տարբեր անկյուններից։
Այս տարվա բիենալեն երկխոսություն է մարդու, տեխնոլոգիայի, հիշողության ու ապագայի մասին։ Այս տարի Հայաստանը ներկայացնում է ամերիկաբնակ արվեստագետ Զատիկ Զադիկյանը։
Նախագծի համադրողներն են հանրահայտ արվեստի դիլեր Թոնի Շաֆրազին, որի տասնամյակների համագործակցությունն ու մտերիմ կապը Զադիկյանի հետ ձևավորել են տաղավարի գաղափարական հիմքը, ինչպես նաև Բոստոնում բնակվող համադրող և մշակութային ռազմավար Tina Chakarianը:
Հայկական տաղավարը վեց ամիս շարունակ՝ մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը, կգործի որպես կենդանի արվեստանոց՝ The Studio։
Արվեստագետ Զադիկ Զադիկյանը՝ որդու՝ Արամի և իր թիմի հետ միասին, ամբողջ բիենալեի ընթացքում կաշխատի հենց տաղավարում՝ լիարժեք գործող արվեստանոցում, որտեղ կձևավորեն, կձուլեն և կհավաքեն տարբեր չափերի ու գունային երանգների գիպսե աղյուսներ։ Յուրաքանչյուր քանդակային կառուցվածք կազմվելու է առանձին, շարժական աղյուսներից, որոնք հնարավոր կլինի վերադասավորել ու փոխել ժամանակի ընթացքում։
Տաղավարը տեղակայված է պատմական Arsenale Militare-ում՝ Վենետիկի հսկայական նավաշինարանների և զինապահեստների համալիրում, որը ավելի քան 900 տարի եղել է քաղաքի ռազմածովային նավատորմի գլխավոր կենտրոնը։
The Studio անվանումը լիովին արտացոլում է նախագծի գաղափարը․ այն այցելուներին հնարավորություն է տալիս անմիջականորեն հետևել Զադիկյանի ստեղծագործական ընթացքին և նյութերի հետ նրա փոխհարաբերությանը՝ տեսնելով, թե ինչպես է արվեստը զարգանում իրական ժամանակում։
#VeniceBiennale2026 #ArmeniaPavilion #TheStudio #ZadikZadikian #ContemporaryArt #VeniceBiennale #Armenia
ORER.EU






