Եվրահանձնաժողովը սկսում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը։ Այս մասին ԵՄ արտգործնախարարների հուլիսի 22-ին տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ կայացվել է որոշում։ ԵՄ խորհրդի՝ արտաքին գործերի նախարարների կողմից կայացված որոշումների կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է.
«Մենք ողջունում ենք ԵՄ կողմից՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։
Սա ՀՀ-ԵՄ գործընկերության շատ կարևոր հանգրվան է, գործընկերություն, որը խորանում է՝ հիմնված ընդհանուր արժեքների և սկզբունքների, ինչպես նաև կայունության, խաղաղության և բարեկեցության տեսլականի վրա։
Անկեղծորեն շնորհակալություն եմ հայտնում ԵՄ կառույցների և անդամ երկրների իմ գործընկերներին»։
Իր հերթին, Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը փոխանցել է, որ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստանի իշխանություններն էական բարեփոխումներ պետք է իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանի, միգրացիայի և ապաստան խնդրելու կառավարումը, հասարակական կարգի և անվտանգության խնդիրները, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքների հարցերը:
Վիզաների ազատականացման երկխոսությունը վարելու հիմնական գործիքը լինելու է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, որը կներկայացվի Հայաստանի իշխանություններին: Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցության միջոցով, որպեսզի գործընթացը վերահսկվի և համապատասխանի պահանջված բոլոր չափանիշներին։
Միայն ԵՄ բոլոր պահանջների իրականացման դեպքում կկայացվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ վերջնական որոշումը։
Ըստ քաղաքագետների տարբեր կարծիքների, այդ ընթացքը կարող է տեւել 3-ից մինչեւ 10 տարի։
orer.eu



