Սուրբ Աննա եկեղեցու բակում այսօր կայացավ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը «Սրբազան պայքարի» մասնակիցների հետ: Օրվա բանախոսն էր Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանի իշխող կուսակցության խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է մեկ բանի՝ Փաշինյանի իշխանությունը պահելուն։
Մամիջանյանն անդրադարձավ նաև մարտի 1-ի և հունիսի 12-ի դեպքերին:
«Չկա մարդ, որի համար մարտի 1-ը սև էջ չլինի, բայց մարտի 1-ն ու հունիսի 12-ն ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն։ Երկու պարագայում էլ` թե՛ զոհերի, թե՛ մարդկանց առողջությանը պատճառված վնասի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Մարտի 1-ին, որպես ցուցարար, հունիսի 12-ին, որպես վարչապետի աթոռին նստած մարդ»,-հավելեց Մամիջանյանը:
Սրբազանը իր խոսքում անդրադարձավ նաև Ադրբեջանից ԵԱՀԿ Մինսկի լուծարման, ադրբեջանցիների վերադարձի և երրորդ երկրի կողմից նրանց անվտանգությունն ապահովելու, ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարություններին:
Որպես օրվա եզրափակում Սրբազանը ուղերձով դիմել է Հեյդարի որդի Ալիևին Հայաստանի իշխանության փոխարեն ևս մեկ անգամ արձանագրելով, որ քանի Հայաստանի Հանրապետությունում հայրենատեր ժողովուրդը ապրում, գործում, ստեղծում և պայքարում է, Ալիևը ականջի ետևը կտեսնի, ադրբեջանցի չի տեսնի Հայաստանում։
Նշենք, որ հինգշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու փոխարեն Սրբազանը կայցելի Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց։
Այսուհետ ամեն հինգշաբթի Սրբազանը կայցելի Երևանի տարբեր բակեր, իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի օրերին։