ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքների մասին մամուլի համար հայտարարության առանցքային կետերը.
Հայաստանը շնորհակալություն է հայտնում Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային:
2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում նրա գտնվելն այն համերաշխության ու աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք:
Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։
Արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել մեր երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը:
Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:
Երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:
Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն:
mfa.am



