Հայ-հունական համատեղ հայտարարության առանցքային կետերը

  • 27.09.2022
  • 0
  • 85 Views

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ հանդիպման արդյունքների մասին մամուլի համար հայտարարության առանցքային կետերը.

✅Հայաստանը շնորհակալություն է հայտնում Հունաստանին և Հունաստանի կառավարությանը՝ Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերվող շարունակական աջակցության համար, հատկապես այն ժամանակ, երբ մենք առերեսվում ենք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային:

✅2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան, ինչպես նաև այժմ Երևանում նրա գտնվելն այն համերաշխության ու աջակցության հավաստիքն են, որը մենք մեծապես գնահատում ենք:

✅Անցած 30 տարիներին մեզ հաջողվել է հաստատել ամուր միջպետական ​​հարաբերություններ և ձևավորել ընդգրկուն երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։

✅Արդյունավետ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք այս կարևոր ձևաչափն էլ ավելի զարգացնել և ծառայեցնել մեր երեք երկրների կենսական շահերի առաջմղմանը:

✅Մենք կարևորում ենք կայունության և խաղաղության դեմ ուղղված Ադրբեջանի առավելապաշտական ու հանցագործ նկրտումներին միջազգային հանրության կողմից հասցեական և համարժեք արձագանքը: Ոչ համարժեք, ագրեսորի ու ագրեսիայի թիրախի միջև հավասարություն դնող արձագանքները բերում են նոր հանցագործությունների: Այս համատեքստում՝ արժևորում ենք բարեկամ Հունաստանի դիրքորոշումը ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

✅Ագրեսիայի հետևանքները պետք է վերացվեն, այն է՝ առաջին հերթին ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն և հրադադարի ռեժիմը պետք է լիակատար պահպանվի: Միաժամանակ, միջազգային հանրությունը հստակ գործողությունների ու մեխանիզմների միջոցով պետք է կանխարգելի Ադրբեջանի արկածախնդիր քայլերն ու հավանական նոր ագրեսիաները:

✅Երկու տարի առաջ հենց այս օրն էր, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ու նրա ժողովրդի դեմ: Այսօր՝ երկու տարի անց, հիմնախնդիրը մնում է չլուծված, քանի որ չեն կարգավորվել հակամարտության հիմքում ընկած խնդիրները:

✅Որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, մենք մերժում ենք ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրները լուծելու մոտեցումը, և վերահաստատում մեր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում հաստատելու խաղաղություն և կայունություն:

mfa.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում