Ջութակահարուհի Անի Աղաբեկյանը՝ Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն

  • 24.07.2026
  • 0
  • 86 Views

Kammerphilharmonie Frankfurt -ն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ հայ ջութակահարուհի Անի Աղաբեկյանը նշանակվել է Գերմանիայի Ֆրանկֆուրտի կամերային ֆիլհարմոնիայի գործադիր տնօրեն։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է . Մեծ ուրախությամբ ներկայացնում ենք մեր նոր գործադիր տնօրեն Անի Աղաբեկյանին։ Անին մշակութային նախագծերի իրականացման հարուստ փորձ ունի և սեփական մասնագիտական գործունեության շնորհիվ քաջատեղյակ է այս ոլորտի բազմազան կողմերին։ Նա հանդես է եկել որպես ջութակահարուհի, երաժշտության մանկավարժ, մշակութային ծրագրերի ղեկավար, ինչպես նաև Հայաստանի պատվավոր հյուպատոսության մշակույթի հարցերով պատասխանատու։ Որպես սեփական երաժշտական դպրոցի հիմնադիր և տնօրեն՝ նա նաև ունի կառավարման նշանակալի փորձ։ Նրա մասնագիտական կարողությունները լրացվում են սոցիալական մեդիայի և թվային հաղորդակցության ոլորտում անցած վերապատրաստմամբ։

Իր բազմակողմանիությամբ, նվիրվածությամբ և մեր համույթի հետագա զարգացման վերաբերյալ հստակ գաղափարներով Անին արժանացել է մեր լիակատար վստահությանը։ Մենք մեծ ուրախությամբ սպասում ենք համատեղ աշխատանքին և ջերմորեն ողջունում նրան մեր թիմում»։

Նվագախմբի ղեկավարությունը նաեւ սրտանց շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Ռոուզ Հանթին՝ նրա բացառիկ աշխատանքի համար։ «Բացի բարձր մասնագիտական պատրաստվածությունից, Ռոուզն իր գործունեության և մարդկանց հետ շփման մեջ միշտ աչքի է ընկել բացառիկ հանգստությամբ, հավասարակշռությամբ և հստակությամբ։ Մեզ համար իսկապես մեծ հաջողություն էր նրան ունենալ մեր կողքին և նրա հետ աշխատելու հնարավորություն ստանալը»,- ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ 2025 թվականին ՕՐԵՐ-ի Գերմանահայությանը նվիրված համարում հարցազրույց ենք տպագրել նաեւ Անի Աղաբեկյանի հետ։

Օրեր

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում