Հայաստանի թատերական գործիչների միությունը խորը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Ինչպես հայտնել է նրա մտերիմ ընկեր Հարություն Բոգարյանը, վերջին երեք օրերին Արտաշեսը գտնվում էր հիվանդանոցում։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ա. Ալեքսանյանի հարազատներին և գործընկերներին։
Արտաշես Ալեքսանյանը թատրոնի ու կինոյի սիրված դերասան էր, մանկավարժ, ռեժիսոր։։
Նա ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին Երևանում, Հայկական ԽՍՀ-ում (ԽՍՀՄ) և ավարտել Լենինականի թիվ 33 միջնակարգ դպրոցը ֆիզիկամաթեմատիկական թեքումով 1978 թվականին։ 1982-1984 թվականներին նա սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում՝ Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, իսկ 1984-1988 թվականներին՝ Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ։
1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում՝ Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։Նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մի վախեցիր», «Poker.am», «Գարեգին Նժդեհ»,«Ռուսական տապան»,«Հատուկ նշանակության ջոկատ», «Մեդալի հակառակ կողմը»…Նկարահանվել է նաև մի շարք սերիալներում։ Չեխիայում նա ունեցել է նաեւ երկու անհատական ցուցահանդես։
Արտաշեսը մեր լավ ընկերն էր, ում հետ պատիվ ենք ունեցել ծանոթանալու Չեխիայում նրա աշխատած տարիներին, վայելել ենք նրա բեմադրությունները, անհավատալի նվիրվածությունը արվեստին ու իր հայրենիքին։ Վերջին հանդիպումը տեղի ունեցավ 2025 թվականին, երբ եկավ Թեքեյան կենտրոն՝ շնորհավորելու ՕՐԵՐ ամսագրի 25-ամյակը։ Դեռեւս 2010 թվականին, ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում նա պատմում էր, որ Չեխիայից Երեւան վերադառնալուց հետո, մեկ տարի չէր համակերպվում, նույնիսկ ուզում էր հետ վերադառնալ։ Բայց երբ ծնվել է թոռնիկը, որոշել է մնալ Հայաստանում եւ պայքարել։ Եվ այդպես նա անցավ բուռն ստեղծագործական աշխատանքի։ Առավոտյան այգու ծաղիկներն էր ջրում, ապա գնում էր մանկավարժական համալսարան դասավանդելու, հետո նկարահանման կամ փորձի, իսկ երեկոյան՝ ներկայացման։ Այսպես էր նա ներկայացնում իր առօրյան։
Արտաշեսի կերտած բացասական կերպարները նույնիսկ իրենց մեջ ունեին դրական լիցք։ Իզուր չէր, որ մեր հարցազրույցը վերնագրել էի՝ « Հայ կինոյի բացասական կերպարի դրական համբավը»։ Վերջին տարիներին Արտաշեսը ակտիվորեն արձագանքում էր Հայաստանում տեղի ունեցող անարդարություններին, ընդվզում էր։ Երեւի սիրտը չդիմացավ։
Մեր խորին ցավակցությունները տիկնոջը՝ Ռադային, դստերն ու թոռնիկներին, Աստված հոգին լուսավորի։ Լույսերի մեջ մնաս, սիրելի Արտաշես։
Հ.Ասատրյան
Պրահա
orer.eu
ORER Armenian European Magazine
Տեղեկություն.- Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես Եկեղեցում հուլիսի 8-ին ժամը 17_30 ից։
Հուլիսի 9 ին ժամը 13_00 նույն վայրից՝ հուղարկավորումը Սովետաշենի գերեզմանատանը։



