Ստորագրվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը

  • 26.05.2026
  • 0
  • 79 Views

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղարի Երեւան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ստորագրել են.

🔹 «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը»,

🔹 «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը»:

Համապատասխան տեքստերը հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կայքէջում և հասանելի են հետևյալ հղումներով⤵️ https://www.mfa.am/…/press…/2026/05/26/Armenia_USA/13973

https://www.mfa.am/…/2026/05/26/Critical_minerals/13972

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիր

Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար

Քանի որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ «Միացյալ Նահանգներ» կամ «ԱՄՆ») Կառավարությունը  (այսուհետ՝ «Մասնակիցներ») նպատակ ունեն աջակցել չմշակված և մշակված կարևորագույն հանքանյութերի մատակարարմանը, որոնք կարևոր են երկու երկրների արտադրական և պաշտպանական արդյունաբերությունների համար,

Քանի որ Մասնակիցները նախատեսում են իրականացնել դա տնտեսական քաղաքականության գործիքների և համակարգված ներդրումների միջոցով՝ արագացնելու բազմազան, իրացվելի և արդար շուկաների զարգացումը կարևորագույն հանքանյութերի համար,

Քանի որ Մասնակիցների նպատակը աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում,

Քանի որ Մասնակիցները մտադիր են օգտվել կարևորագույն հանքանյութերի ներքին արդյունահանման և մշակման իրենց ընթացիկ գործունեության, այդ թվում՝ 2026 թվականից և դրանից հետո հասանելի նոր հզորությունների ընձեռած հնարավորություններից։

Քանի որ Մասնակիցները հասել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և մշակման ոլորտում հետևյալ ընդհանուր քաղաքականության շրջանակի վերաբերյալ փոխըմբռնման։

Բաժին I

Կարևորագույն հանքանյութեր

1. Մատակարարման ապահովում. Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության  համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։ Սա ներառում է առկա քաղաքականության գործիքակազմի օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական պահանջարկի և պահուստավորման ենթակառուցվածքները։ Մասնակիցները նաև ճանաչում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) կարևորությունը՝ Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի տարանցումն ապահովելու գործում։

2. Ներդրումներ արդյունահանման, մշակման և վերականգնման մեջ. Մասնակիցները մտադիր են մոբիլիզացնել պետական և մասնավոր հատվածի աջակցությունը՝ ներառյալ կապիտալ և գործառնական ծախսեր՝ երաշխիքների, վարկերի, բաժնետիրական ներդրումների, մատակարարման պայմանագրերի վերջնականացման, ապահովագրության կամ կարգավորիչ դյուրացումների միջոցով՝ ազգային օրենսդրության ու կարգավորումներին համապատասխան։

աԾրագրերի ընտրություն. Մասնակիցները մտադիր են համատեղ կերպով նույնականացնել հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ մատակարարման շղթաների բացերը հասցեագրելու համար։ Առաջնահերթություն տրվելու է Հայաստանի Հանրապետությունում տարանջատման, վերամշակման, ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների և հանքերի վերականգնման ծրագրերին։

բՖինանսավորում. Սույն Շրջանակային հուշագրի ամսաթվի օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել միջոցներ, հնարավորության պարագայում խթանելու պոտենցիալ նշանակալի ֆինանսավորման տրամադրումը յուրաքանչյուր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնց արդյունքում նախատեսվում է արտադրել վերջնական արտադրանք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գնորդներին մատակարարելու նպատակով։ 

գՆերդրումային աջակցություն. Մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել նոր կամ հատուկ մեխանիզմների ստեղծման վրա՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաները ամրապնդելու համար։ Դա ներառում է մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին տեխնոլոգիաների փոխանցումը՝ արդյունահանման և մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

դԱռաջնահերթ դիտարկում. Թեև յուրաքանչյուր Մասնակից կարող է որոշել, արդյոք որևէ նախագիծ նպատակահարմար է ներդրում կատարելու համար, Մասնակիցները՝ ներքին օրենսդրության համաձայն, ակնկալում են ունենալ առաջնահերթ հնարավորություն՝ իրականացնելու ներդրումներ այն կարևորագույն հանքանյութերի ակտիվներում, որոնք կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ կենտրոնակայան ունեցող ընկերության կողմից։

3. Թույլտվություններ. Մասնակիցները մտադիր են դիտարկել այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են թույլտվությունների տրամադրման ժամկետների և գործընթացների արագացմանը, պարզեցմանը կամ արդիականացմանը, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, տարանջատման և վերամշակման համար թույլտվություններ ստանալու գործընթացների մասով՝ իրենց համապատասխան ներքին կարգավորիչ համակարգերի շրջանակում և կիրառելի օրենքի համաձայն։

4. Գնագոյացման մեխանիզմներ. Մասնակիցները մտադիր են աշխատել՝ պաշտպանելու իրենց համապատասխան կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների շուկաները ոչ շուկայական քաղաքականություններից և անարդար առևտրային պրակտիկաներից: Սա ներառում է, ըստ անհրաժեշտության, քաղաքականության մշակում գնային շրջանակի ձևավորման համար, որը թույլ կտա ունենալ բազմազանեցված, թափանցիկ և դիմակայուն մատակարարման շղթաներ։ Մասնակիցները նաև մտադիր են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու պատասխանատու և դիմակայուն կարևորագույն հանքանյութերի շուկաներին և հասցեագրել ոչ շուկայական քաղաքականությունները՝ համաձայն միջազգային պայմանագրերի և այլ պարտադիր իրավական ուժ ունեցող բազմակողմ փաստաթղթերի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների։ 

5. Ակտիվների վաճառք. Մասնակիցները մտադիր են անցկացնել խորհրդակցություններ՝ ձևավորելու նոր կամ ամրապնդելու ազգային կարողությունները և դիվանագիտական գործիքները՝ ազգային անվտանգության հիմքով կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ակտիվների վաճառքները վերանայելու, կանխարգելելու կամ թույլատրելու նպատակով։

6. Թափոնների վերամշակում և վերականգնում. Մասնակիցները մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։

7. Երրորդ կողմերի հետ համագործակցություն. Մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։

8. Երկրաբանական քարտեզագրում և ինստիտուցիոնալ գործընկերություն. Մասնակիցները մտադիր են համագործակցել՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում և փոխադարձաբար համաձայնեցված այլ վայրերում հանքային պաշարների քարտեզագրմանը՝ կարևորագույն հանքանյութերի բազմազանեցված մատակարարման շղթաներին աջակցելու նպատակով։

ա. Կարողությունների զարգացում. Մասնակիցները մտադիր են ստեղծել տեխնիկական գործընկերություն Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի միջև՝ աջակցելու Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության ստեղծմանը և դրա կարողությունների զարգացմանը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կկենտրոնանա հասանելի տվյալների և գիտական լավագույն փորձի փոխանակման, տվյալների հավաքագրման չափանիշների արդիականացման և առաջադեմ երկրաբանական գնահատման մեթոդներով անձնակազմի վերապատրաստման վրա։

բ. Տվյալներ. Մասնակիցները մտադիր են տնօրինել Մասնակիցների տարածքին առնչվող բոլոր վերհանված երկրաբանական տվյալները՝ կիրառելի օրենքի համաձայն։ Սույն Շրջանակային հուշագրի նպատակների համար, նման տվյալների ցանկացած փոխանակում կկարգավորվի փոխադարձաբար համաձայնեցված տվյալների փոխանակման արձանագրություններով, որոնք կհարգեն Մասնակիցների ազգային անվտանգությունը և սեփականության իրավունքները։

9.Աշխատուժի զարգացում. Սույն Շրջանակային հուշագրի նպատակներին աջակցելու համար՝ Մասնակիցները մտադիր են հիմնել փոխանակման ծրագրեր և վերապատրաստման նախաձեռնություններ՝ բարձրացնելու հայ մասնագետների որակավորումը ժամանակակից հանքարդյունաբերական ինժեներիայի, մետաղաձուլության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում։  

Բաժին II

Ընդհանուր դրույթներ

1. Ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն. Ակնկալվում է, որ Մասնակիցների համապատասխան մարմինները կիրականացնեն ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն և դրա իրագործման գնահատում։ Վերլուծության կոնկրետ բովանդակությունը կձևավորվի Մասնակիցների միջև՝ նրանց համապատասխան ներքին օրենսդրությանը համապատասխան։

2. Հանդիպումներ. Մասնակիցները մտադիր են հանդիպել՝ առցանց կամ ֆիզիկական ձևաչափով, մյուս Մասնակցի գրավոր խնդրանքը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։

3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները մտադիր են իրենց համապատասխան հաստատությունների ներսում նշանակել կոնտակտային անձանց՝ սույն Շրջանակային հուշագրի իրականացման համակարգումը ապահովելու համար։

4. Դադարեցում. Ցանկացած Մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Շրջանակային հուշագրում՝ մյուս Մասնակցին տրամադրելով գրավոր ծանուցում։ Եթե այլ բան նշված չէ, նման դադարեցումը ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը։

5. Ոչ պարտադիր բնույթ. Սույն Շրջանակային հուշագիրը սահմանում է քաղաքականության և ծրագրային գործողությունների ծրագիր, որը չի ստեղծում կամ չի հաստատում որևէ իրավունք կամ պարտավորություն ներքին կամ միջազգային իրավունքի ներքո, չի առաջացնում որևէ իրավական վարույթ և չի ստեղծում որևէ իրավաբանորեն պարտադիր կամ կիրառելի պարտավորություն՝ բացահայտ կամ ենթադրյալ։

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն

Նախաբան

Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝

  1. Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ:
  2. Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են  քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը:
  3. Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում:
  4. Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար:
  5. Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը:
  6. Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների,  կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում:

Բաժին I. Գործընկերության սկզբունքները

Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա.

  1. Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է:
  2. Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։
  3. Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը:
  4. Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։
  5. Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս:
  6. Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ: 
  7. 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար:
  8. ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար:
  9. Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։
  10. Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը:
     

Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն

Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։

  1. Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում:
  2. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։
  3. Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։
  4. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույն ենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և  կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները:
  5. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույն հանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև:
  6. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները:
  7. Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։
  8. Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու  կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։
  9. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը և նորարարությունը խրախուսող կարգավորումների շրջանակները թվային տնտեսությունում, այդ թվում՝ տվյալների անդրսահմանային վստահելի հոսքերի միջոցով, որոնք կդյուրացնեն էլեկտրոնային առևտուրը, թվային ֆինանսական ծառայությունները, տեխնոլոգիական գործարարությունը՝ միաժամանակ աշխատելով բարելավել Հայաստանի հասանելիությունը թվային վճարման հարթակներին և խթանելով երկկողմ առևտուրը ֆինանսական ծառայությունների ոլորտում՝ հաշվի առնելով Հայաստանի աճող տեխնոլոգիական ոլորտի ներուժը երկու երկրներում նորարարությունն ու տնտեսական աճը խթանելու հարցում։
  10. Ընդունելով տիեզերական ոլորտի զարգացման կարևորությունը որպես ազգային անվտանգության, տեխնոլոգիական նորարարության և տնտեսական աճի հենասյուն, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել իրենց համագործակցությունը «Արտեմիսյան արձանագրություններից» անդին ընդլայնելու հնարավորությունները՝ ներառելու առավել ռազմավարական և շոշափելի նախաձեռնություններ։ Քաղաքացիական տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել քննարկումներ ապագա Արտեմիս առաքելությունների շրջանակներում հավանական «CubeSat»  հնարավորությունների մասին կամ «NASA»-ի լուսնային կայանում Հայաստանի հնարավոր ներդրումների  վերաբերյալ: Առևտրային տիեզերական համագործակցության ոլորտում սա կարող է ներառել համատեղ առևտրային նախագծեր՝ երկրագնդի հետազոտության և արբանյակային կապիոլորտներում:
  11. ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակներին համահունչ՝ կողմերը մտադիր են ուսումնասիրել վստահելի, հուսալի և անվտանգ տիզերքային հիմքով իներնետ կապի  շուրջ առավել խորը համագործակցությունը:

Բաժին 3. Պաշտպանություն և անվտանգություն

Միացյալ Նահանգները սատարում է անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանին: Հարավային Կովկասում խաղաղությունը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի և տարածաշրջանի շարունակական տնտեսական աճի և ժողովրդավարական զարգացման համար: Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին։

  1. Գիտակցելով համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը սպառնալիքների տևականությունը՝ Հայաստանը  և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցությունը, որն ուղղված է, սակայն չի սահմանափակվում, «Օտարերկրյա ռազմական վաճառքներ» ծրագրի միջոցով Հայաստանին ամերիկյան արտադրության պաշտպանական նշանակության արտադրանքի և օժանդակ սարքավորումների վաճառքին, ինչպես նաև հայկական զինված ուժերում հնարավոր ներդրումներին՝ մասնագիտական ռազմական կրթության ու վերապատրաստման դասընթացներին, ներառյալ՝ «Միջազգային ռազմական կրթություն և վարժանք» ծրագրին, մասնակցելու միջոցով։ Այս նպատակով, Հայաստանն ու Միացյալ Նահանգները մտադիր են անցկացնել  երկկողմ կանոնավոր պաշտպանական խորհրդակցություններ։
  2. Միացյալ Նահանգները գնահատում է Հայաստանի կարևոր ներդրումը համաշխարհային անվտանգությունում, այդ թվում՝ Աֆղանստանում, Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում գործողություններին աջակցող ուժերի տեղակայումը:
  3. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ Հայաստանի փոխգործակցելիությունը զարգացնելու ու պաշտպանական կարողությունները ամրապնդելու ուղղությամբ։
  4. Միացյալ Նահանգները նաև խրախուսում է Հայաստանի ջանքերը՝ զարգացնելու ներքին ռազմաարդյունաբերական կարողությունները և համագործակցությունը ԱՄՆ և Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրների միջև։
  5. Հաշվի առնելով զանգվածային ոչնչացման զենքի տարածումից բխող սպառնալիքները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները նպատակադրված են իրականացնել զանգվածային ոչնչացման զենքի և վտանգավոր տեխնոլոգիաների տարածման դեմ պայքարի ուղղությամբ նախաձեռնություններ՝ միջազգային չտարածման չափանիշների հարգման, արտահանման վերահսկողության արդյունավետ կիրառման և այդ վերահսկողության ուժեղացված կիրարկման միջոցով: Այդ նպատակով Միացյալ Նահանգները մտադիր է աշխատել Հայաստանի սահմանապահ զորքերի, Պետական եկամուտների կոմիտեի և այլ պատկան մարմինների հետ։
  6. Հաշվի առնելով ուժեղ/ամուր սահմանների կարևորությունը և Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաջողելուն նպաստելու համատեղ շահագրգռվածությունը, Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են խթանել համագործակցությունը՝ Հայաստանի անկախ ու արդյունավետ անվտանգային գործակալությունների ամրապնդման և բարելավման ուղղությամբ՝ այդ գործակալությունների կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ամբողջական պատասխանատվությունը ստանձնելու նպատակով։
  7. Գիտակցելով կառավարությանը, ժողովրդավարական ինստիտուտների, բիզնեսի, կարևորագույնենթակառուցվածքի և հանրության դեմ ուղղված չարամիտ կիբեռդերակատարների կողմից տևական և ընդհանուր, ինչպես նաև խառնածին սպառնալիքները, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են աշխատել նորարարական, անվտանգ և դիամակայուն թվային միջավայրի ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են շարունակել կանոնավոր խորհրդակցությունները գոյություն ունեցող և ի հայտ եկող կիբեռսպառնալիքների վերաբերյալ՝ Հայաստանի ընդհանուր կիբեռդիմակայունությունը և անվտանգությունը բարելավելու, այդ թվում՝ առաջանցիկ տեխնիկական աջակցության միջոցով, որը կարող է ներառել նման մարտահրավերները կանխարգելելու և դրանց արձագանքելու նպատակով տեխնոլոգիաների փոխանցում։ Հայաստանը և Միացյալ Նահանգները նաև մտադիր են համագործակցել ապօրինի ֆինանսական հոսքերի կանխարգելման ուղղությամբ։
  8. Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել փոխգործակցել Հայաստանի հետ՝ վերազգային կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարում, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների միջոցով։
  9. Հայաստանը և Միացյալ Նահանգները ծրագրում են համագործակցել վերազգային ընդհանուր սպառնալիքները` ինչպիսիք են ահաբեկչությունը, կազմակերպված հանցավորությունը, փողերի լվացումը, կիբեռհանցագործությունը, թմրանյութերի շրջանառությունը և մարդկանց թրաֆիքինգը հասցեագրելու նպատակով, այդ թվում՝ վերապատրաստումների, տեխնիկական աջակցության և սարքավորումների տրամադրման միջոցով։
  10. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ստեղծել անվտանգ և գործուն մեխանիզմներ զգայուն տեղեկատվության փոխանակման համար։

Բաժին IV: Ազատության ամրապնդում, արտաքին չարամիտ քարոզչության հակազդում և պայքար մարդկանց թրաֆիքինգի դեմ

Ճանաչելով Հայաստանի՝ մինչ օրս ունեցած նշանակալի ձեռքբերումները՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել ազատության և անաչառ լրատվության և տեղեկատվության հասանելիության խթանման ուղղությամբ, ներառյալ՝ արտաքին չարամիտ քարոզչությանը հակազդելու նպատակով:

  1. Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի բոլոր ձևերի, ինչպես նաև միգրացիայի այլ բացասական հետևանքների կանխարգելմանը և դրանց դեմ պայքարի ծրագրի իրականացմանը:

Բաժին V: Մարդկանց միջև շփումների, մշակութային և գիտական փոխանակումների խթանում, մշակութային ժառանգության պահպանություն

Հայաստանը և Միացյալ Նահանգները կիսում են տնտեսական բարգավաճմանն ու նորարարությանը նպաստելու նպատակով մեր մարդկանց միջև շփումները խթանելու և գիտական, կրթական ու մասնագիտական փոխանակման ծրագրերն ընդլայնելու ցանկությունը:  

  1. Հաշվի առնելով Հայաստանի և Միացյալ Նահանգների  ժողովուրդների միջև շփումների ավելացման կարևորությունը՝ երկու կողմերը նախատեսում են խթանել հետագա կրթական և մասնագիտական փոխանակումներն և գործունեությունն այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են Ֆուլբրայթ ծրագրերը, ԲրիջԱՄՆ-ն, Միջազգային այցելուների առաջնորդական ծրագիրը, ամերիկյան անգլերենի դասավանդման և ուսուցման ծրագրերը, սպորտային դիվանագիտությունը և փոխանակման ծրագրերը, ինչպես նաև դյուրացնել ակադեմիական փոխանակումները  և ակադեմիական որակավորումների փոխադարձ ճանաչումը՝ ըստ նպատակահարմարության: Կողմերը մտադիր են նաև ուսումնասիրել տեխնիկական և մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առաջնահերթ ոլորտներում որակյալ աշխատուժ զարգացնելունպատակով:
  2. Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համատեղ ակադեմիական և հետազոտական փոխգործակցությունները (այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ երկպետական գիտական հիմնադրամի հնարավոր ստեղծման միջոցով) կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ուղղությամբ՝ աջակցելու նորարարությանը, աշխատուժի զարգացմանը, գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցմանը:
  3. Ընդգծելով նորարարության և դինամիզմի անհրաժեշտությունը մեր երկու երկրների ապագայի համար՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները  նախատեսում են խթանել բարձրագույն կրթության, բիզնեսի և գիտական հետազոտության ոլորտներում ընդլայնվող համագործակցությունը:
  4. Հայաստանը և Միացյալ Նահանգները գնահատում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարությունների հանգույց, որն առաջ է մղում կրթության և հետազոտության ոլորտներում ընդհանուր նպատակները:
  5. Հայաստան և Միացյալ Նահանգները մտադիր են սատարել հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանության համատեղ նախաձեռնությունները:

Բաժին VI: Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացում

Սույն Կանոնադրության դրույթների իրականացման նպատակով ձևավորվում է Համապարփակ ռազմավարական գործընկերության հանձնաժողով: 

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում