Արցախի Հանրային խորհուրդը դատապարտել է իշխանության կողմից արցախցիների նկատմամբ ատելության խոսքի տարածումն ու սադրանքները

  • 19.05.2026
  • 0
  • 6 Views

Հայաստանում նախընտրական գործընթացներն ավելի ու ավելի հաճախ ուղեկցվում են սուր քաղաքական հռետորաբանությամբ, ատելության խոսքի տարածմամբ և հասարակական պառակտման վտանգավոր դրսևորումներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի հանրային խորհուրդը՝ խիստ քննադատության ենթարկելով իշխանությունների վարքագիծը նախընտրական պայքարի շրջանակում։

Խորհուրդը դատապարտել է քաղաքական դաշտում տարածվող ատելության խոսքը, որը, ըստ հայտարարության, հաճախ ուղեկցվում է սպառնալիքներով, պիտակավորումներով և հասարակության տարբեր խմբերի միջև թշնամանք խորացնելու փորձերով։ Նշվում է, որ նման երևույթները դուրս են քաղաքակիրթ և ժողովրդավարական քաղաքական պայքարի սահմաններից։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացրել այն, որ ներքաղաքական պայքարի շրջանակում կրկին թիրախավորվում են բռնի տեղահանված արցախցիները։ Արցախի հանրային խորհրդի գնահատմամբ՝ փորձ է արվում արցախցիներին ներկայացնել որպես ներքաղաքական լարվածության աղբյուր և օգտագործել նրանց կերպարը սադրիչ նպատակներով։

Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում նաև դիմակավորված անձանց մասնակցությամբ տարածված տեսանյութին, որը Խորհուրդը որակում է որպես ակնհայտ սադրանք։ Ըստ հայտարարության՝ տեսանյութի նպատակն է հանրության շրջանում վախ, լարվածություն և կասկած առաջացնել, ինչպես նաև արցախցիներին ներգրավել ներքաղաքական հակասությունների մեջ։ Խորհուրդը վստահություն է հայտնել, որ տեսանյութում ներկայացված անձինք որևէ առնչություն չունեն արցախցիների հետ, և այն բեմադրվել է արհեստական կերպով։

Արցախի հանրային խորհուրդը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին, պետական կառույցներին, հանրային գործիչներին և լրատվամիջոցներին հրաժարվել ատելության խոսքից, սպառնալիքներից և հասարակությունը բաժանող վտանգավոր հռետորաբանությունից։ Ըստ հայտարարության՝ նախընտրական պայքարը չպետք է վերածվի թշնամանքի մթնոլորտի, իսկ բռնի տեղահանված արցախցիները չպետք է դառնան քաղաքական շահարկումների թիրախ։

Խորհուրդը նաև հորդորել է իրավասու մարմիններին պատշաճ գնահատական տալ նման երևույթներին, կանխել հնարավոր սադրանքները և ապահովել հանրային անվտանգությունն ու հասարակական համերաշխությունը։

«Արցախի ժողովրդի արժանապատվությունը, անվտանգությունը և իրավունքները չեն կարող օգտագործվել որպես ներքաղաքական պայքարի գործիք», նշվում է հայտարարության եզրափակիչ հատվածում։

301 Հայերեն

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում