Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

  • 08.05.2026
  • 0
  • 64 Views

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Այնտեղ նրան դիմավորեցին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանը, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմյանը, Լատվիայում ՀՀ դեսպան Արա Մարգարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Լատվիայի նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որտեղ նրան դիմավորեց ՀՀ ԶՈՒ պատվո պահակախումբը և նրա պատվին զինվորական նվագախումբը կատարեց Լատվիայի օրհներգը։ Նախագահ Ռինկևիչսը և պատվիրակության մյուս անդամները ծաղիկներ խանարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

https://genocide-museum.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությանը։  

Վարչապետ Փաշինյանը ողջունել է Լատվիայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ «Նախ և առաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և Լատվիային՝ Եվրոպական քաղաքական համայնքի  գագաթնաժողովը հյուրընկալելու մեր թեկնածությանն աջակցելու համար, և դա իսկապես պատմական իրադարձություն էր Հայաստանի համար։ Տեղի ունեցավ նաև ՀայաստանԵՄ առաջին գագաթնաժողովը, որը նույնպես շատ կարևոր էր։ Եվ իհարկե, մենք տեսնում և զգում ենք Լատվիայի աճող աջակցությունը մեր ժողովրդավարությանը, բարեփոխումների օրակարգին և ԵՄի հետ մեր համագործակցության խորացմանը»,– ասել է վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր  է գնահատում այս ամենը, և ընդգծել, որ Էդգարս Ռինկևիչսի այցը երկկողմ և բազմակողմ հարաբերությունների խորացման ևս մեկ համարձակ դրսևորում է։

Լատվիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ դեռևս 2015-ին ժամանել է Հայաստան՝ որպես Արտաքին գործերի նախարար։ «Բայց ես զարմացա, երբ իմացա, որ նախագահի մակարդակում սա առաջին այցն է 2009 թ.ից ի վեր, այսինքն՝ 17 տարի անց։ Թույլ տվեք ասել, որ մենք Հայաստանին տեսնում ենք որպես շատ լավ ընկեր ու գործընկեր, թե՛ երկկողմ համագործակցության առումով, թե՛ ՀայաստանԵՄ գործընկերության շրջանակում։ Մենք ողջունում ենք Եվրոպական ուղին սկսելու ձեր որոշումը, և իհարկե, կարող եք ամբողջովին ապավինել մեզ»,– ասել է Էդգարս Ռինկևիչսը և Նիկոլ Փաշինյանին փոխանցել Լատվիայի վարչապետի ջերմ ողջույնները։  

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական կապերի զարգացմանը, տարբեր ոլորտներում, այդ թվում՝ զբոսաշրջության, կրթության բնագավառներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական հարաբերությունների զարգացմանը։ Այդ առումով, երկուստեք կարևորվել է ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի անցկացումն ու վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացը։ Լատվիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը վիզաների ազատականացման գործընթացում և համոզմունք հայտնել, որ այն կնպաստի նաև երկկողմ զբոսաշրջային կապերի ընդլայնմանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։

gov.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում