Շտուտգարտ, 24 ապրիլի 2026 – Բադեն-Վյուրթեմբերգի Հայ Համայնքի նախաձեռնությամբ Շտուտգարտում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում՝ քաղաքական, հոգևոր և հասարակական բարձր մասնակցությամբ։
Օրը սկսվեց Բադ Քանշտատի գլխավոր գերեզմանատանը՝ ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի առաջ ծաղկեպսակ դրվեց, կատարվեց Սրբոց Նահատակաց կարգը։ Միջոցառմանը մասնակցեցին Բադեն-Վյուրթեմբերգի սոցիալական և ինտեգրման նախարար Մաննե Լուխան, լանդտագի պատգամավորներ, Շտուտգարտի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։



Հայ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տիրատուր քհն. Սարդարյանը իր խոսքում ձևակերպեց հետևյալ միտքը․ «Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագորցի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան»։ Նա նաև ընդգծեց առանցքային երեք հստակ պահանջ այսօրվա իրականությունից ելնելով, որոնք են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակում, 2023թ․ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100.000 հայերի վերադարձի իրավունքի ապահովում ինչպես նաև հանցագործությունների համար պատասխանատուների նկատմամբ հստակ քաղաքական և իրավական քայլեր։


Երեկոյան միջոցառումը շարունակվեց Լյութեր Եկեղեցում։ Բադեն-Վյուրթեմբերգի նորընտիր վարչապետ Ջեմ Էոզդեմիրը իր ելույթում նշեց, որ 2016թ․ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը չպետք է մնա առանց հետևանքների։ Նա կոչ արեց անցնել գործնական քայլերի՝ հատկապես կրթության և հիշողության մշակույթի զարգացման քաղաքականության ուղղությամբ։
Քաղաքական համերաշխությունը վերահաստատվեց նաև այլ ելույթներով․ SPD խմբակցության անունից պատգամավորը Քարին Շթայնհուլբ-Յուսը, փոխանցելով խմբակցության ղեկավար Սաշա Բինդերի ուղերձը, ընդգծեց, որ հիշողությունը պարտավորեցնում է պայքարել մարդու իրավունքների համար այսօր։ CDU-ի ներկայացուցիչ Այլա Չաթալթեփեն ևս վերահաստատեց իր կուսակցության աջակցությունը հայ համայնքին։







Միջոցառման ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկան Սոնա Թալյանը և Վաչե Բագրատունին՝ ներկայացնելով Կոմիտաս վարդապետի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Վիկ Բագրատունու կողմից ընթերցվեցին նաև ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, Միհրան Դաբաղի և Քրիստին Պլատի «Կորուստ և Ժառանգություն» գրքիծ՝ փոխանցելով պատմական ցավի կենդանի հիշողությունը։
Պոտսդամի Լեպսիուսի տան ներկայացուցիչ, գիտաշխատող դոկտոր Հայկ Մարտիրոսյանը իր բանախոսությամբ ներկայացրեց ոչ միայն ցեղասպանության պատմությունը, այլև գերմանական մարդասիրական առաքելությունների դերակատարությունը՝ հիշեցնելով, որ մարդասիրությունը հնարավոր է նույնիսկ ամենածանր պայմաններում։
Միջոցառման գլխավոր ուղերձը հստակ էր․ «Այլևս երբեք»-ը չի կարող սահմանափակվել հիշողությամբ կամ լոկ խոսքերով։ Այն պահանջում է քաղաքական կամք, պատասխանատվություն և գործնական քայլեր՝ այսօր և հիմա։
orer.eu
Լուսանկարները՝ ՀԲԸՄ Գերմանիա






