Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել գերմանացի պատմաբան և ցեղասպանագետ Միքայել Հեզեմանի «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված մեծագույն հանցագործությունն ըստ Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի» (թարգմ. գերմաներենից՝ Վ. Զարգարյանի, խմբ.՝ Ա. Հայրունի) վերնագրով ուսումնասիրությունը։
Սույն աշխատության հեղինակը՝ Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ, զեկույցներ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը։ Հայտնաբերված պատմական վավերագրերը նորովի են բացահայտում ցեղասպանությանն առնչվող բազմաթիվ կարևոր հանգամանքներ։
Այս արժեքավոր մենագրությունը 2015 թ․ հրատարակվել է գերմաներեն, 2016 թ.՝ է ռումիներեն, իսկ 2018 թ.՝ սլովակերեն։ Գերմանացի հետազոտողի գրքի հայերեն թարգմանությունը չափազանց կարևոր է, քանզի հասանելի է դարձնում Վատիկանի արխիվներում պահվող և մինչ այս անհայտ բազմաթիվ վավերագրեր, հուշագրություններ, զեկույցներ, նամակներ։
Հրատարակվող ուսումնասիրությունը փաստված վկայություն է մարդկության պատմության մեծագույն ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ։
Թարգմանությունը կատարվել է ըստ հետևյալ հրատարակության՝ Michael Hesemann, Völkermord an den Armeniern։ Mit unveröffentlichten Dokumenten aus dem Geheimarchiv des Vatikans über das größte Verbrechen des Ersten Weltkriegs, München, 2015, F. A. Herbig Verlagsbuchhandlung GmbH։
Հրատարակությունը նվիրվում է Հայոց ցեղասպանության նահատակների խնկելի հիշատակին։
Գիրքը հասցեագրված է ցեղասպանագետների, պատմաբանների և ընթերցող լայն շրջանակների համար։
orer.eu




