Մարտի 8-ին Պրահայում իր դռները բացեց ČARM Art Studio արվեստի կենտրոնը, որը կհամալրի Չեխիայի մայրաքաղաքում գործող արվեստի կրթության եւ մշակույթի պրոֆեսիոնալ հարթակների շարքը։ Արդեն իսկ ստուդիայի տարածքում բացվել է հայ նկարիչների եւ քանդակագործների ցուցահանդեսը, իսկ արեհստավարժ արվեստագետները սպասում են իրենց առաջին ուսանողներին։ Ստուդիայի հիմնական ուղղությունը կլինի Ակադեմիական գծանկարի և գեղանկարչության դասընթացները։ ČARM Art Studio-ում կգործի նաև հատուկ ֆոտոստուդիա, որտեղ այցելուները կարող են ամրագրել անհատական կամ խմբային ֆոտոշարքեր իրենց նախընտրած թեմայով, այդ թվում՝ ֆոտոշարքեր հայկական ազգային տարազներով՝ տղամարդկանց և կանանց, մեծահասակների և երեխաների համար։
Ստուդիայում արդեն իսկ հետաքրքիր մշակութային միջավայր է ստեղծվել, ուր հայ նկարիչների աշխատանքների ցուցադրությունը գրավիչ է դարձնում կենտրոնը։
Բացման օրը լի էր այցելուներով, իսկ մենք օգտվելով առիթից, հարցազրույցի հրավիրեցինք ČARM Art Studio-ի ղեկավար Բելլա Կնյազչյանին՝ ծանոթանալու նորաբաց կենտրոնի գործունեությանն ու ծրագրերին։
- Նախ խնդրեմ պատմեք, թե ո՞րն էր նման կենտրոնի ստեղծման շարժառիթը։
- Երբ 5 տարի առաջ տեղափոքվեցի Պրահա, ես փնտրում էի նման մի հաստատութուն, որտեղ կարող էի պրոֆեսիոնալ նկարչություն սովորել, քանի որ ինքս Երեւանում հաճախել եմ նկարչական ստուդիա։ Քանի որ ես հիմնական աշխատանք ունեի, փնտրում էի մի ստուդիա, որը կաշխատի երեկոյան ժամերին եւ ուսուցումը կլինի անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։ Սիրողական ստուդիաներ, իհարկե կան, բայց պրոֆեսիոնալ մակարդակի ստուդիա, ես չգտա, որտեղ կարող էի պրոֆեսիոնալ հմտություններ ստանալ։ Ուստի որոշեցի ինքս բացել։ Երկար ժամանակ ներդրող էի փնտրում, վերջապես ստացվեց եւ բացեցինք այս ստուդիան, որտեղ կլինի ակադեմիական նկարչական ուսուցում։ Դասավանդելու ենք նկարչություն, քանդակ, հետագայում նաեւ՝ կերամիկա, արվեստի պատմություն։ Իհարկե, շատ կուզեմ այս ստուդիան վերածվի բոլոր արվեստասերների համար մի հարթակի, որտեղ նաեւ կարող ենք քննարկել կինոյի, գրականության կամ երաժշտության հետ կապված թեմաներ։
- Իսկ ովքե՞ր են դասավանդելու։
- Դասավանդելու են պրոֆեսիոնալ նկարիչներ, քանդակագործներ, որոնք տարբեր ազգերից են, բայց ունեն պրոֆեսիոնալ կրթություն, սիրողական արվեստագետներ չեն։ Նրանցից երկուսը հայ են՝ Մուրազ Մարտիրոսյանը եւ Հայկ Մնացականյանը։ Ինքս էլ սիրողական մակարդակի նկարիչ եմ, ուստի ես չեմ դասավանդելու։
- Ո՞ր տարիքից կարող են մասնակցել դասընթացներին։
- 14 և բարձր տարիքի ուսանողները կարող են սովորել և զարգացնել իրական արվեստագիտական հմտություններ՝ հետևողական և ակադեմիական ուսուցման միջոցով։ 14-ից բարձր տարիքային որեւէ սահմանափակում չենք դնում։ Կարող են նաեւ մեծահասակ անձինք հաճախել։ Նկարչությունը կարող ես սովորել ցանկացած տարիքում, միայն պետք է ջանք ու ժամանակ տրամադրես։ Մենք ընդունում ենք նաեւ տարբեր մակարդակի ուսանողների՝ ե՛ւ սկսնակ, ե՛ւ արդեն որոշակի փորձառություն ունեցողներին։ Հիմնական առարկան կլինի ակադեմիական նկարչությունը։ Նաեւ հավելեմ, որ դասընթացների ժամանակ բոլոր անհրաժեշտ պարագաները՝ թուղթ, ներկ կամ մատիտ տրամադրելու է ստուդիան։
- Ուսուցումը բնականաբար վճարովի է լինելու։
- Այո, բայց բացման առիթով մենք առաջին ամիսների արձանագրվողների համար ցածր գներ ենք սահմանել։ Տասը դասի համար նրանք կվճարեն ընդամենը 5600 կրոն, եւ դրա հետ մեկտեղ, ինչպես արդեն նշեցի, կստանան նաեւ բոլոր նկարչական պարագաները։
- Դասընթացները ավարտող ուսանողները հավաստագիր ստանալո՞ւ են։
- Ամեն ուսանողին անհատական մոտեցում ենք ցույց տալու, քանի որ նրանց նպատակները տարբեր են։ Կարող է գալ երիտասարդ, որ ցանկանում է արվեստի ակադեմիա ընդունվել, եւ իբրեւ դիմորդ նրա վերապատրաստումն այլ ծրագրով կլինի։ Իսկ ասենք 50-անց մի կին, որ ցանկանում է միայն նկարել սովորել, ժամանկային սահմանափակումներ չունի, նրա ծրագիրն այլ կլինի։ Մենք այժմ որեւէ հավաստագիր չենք տալիս, բայց մենք կենտրոնանալու ենք այն արդյունքի վրա, որը դիմորդը ակնկալում է։ Կախում ունի, թե ով ինչ պահանջով կգա։
- Նկատեցի, որ ունեք նաեւ լուսանկարչական սենյակ։ Ի՞նչ եք նախատեսում այնտեղ իրականացնել։ Կա՞ն այլ ծրագրեր։
- ČARM Art Studio ապատահական չենք ընտրել։ Քանի որ ինչպես մեր հասարակական կազմակերպությունը՝ ՉԱՐՄ-ը, խորհրդանշում է Չեխիան եւ Հայաստանը, այնպես էլ մեր արվեստի կենտրոնը նաեւ հայկական մշակույթին է անդրադառնալու։ Մենք ունենք հայկական տարազներ, որոնցով կարող են լուսանկարվել։ Այդ տարածքը կարող ենք նաեւ վարձով տալ։ Նաեւ ունենք հայկական հուշանվերների, զարդերի բաժին եւ դրանք վաճառվելու են առցանց-խանութի միջոցով։ Համագործակցելու ենք նաեւ տարբեր կինոսինստիտուտների հետ, որ եթե անհրաժեշտ լինի, նրանց ուսանողները մեր սրահներում ֆիլմերի նկարահանումներ կատարեն։
- Իսկ արդեն իսկ բացված հայ նկարիչների ցուցահանդեսը մշտական է լինելու, թե անընդհատ պետք է փոփոխվի, եւ արդյո՞ք վաճառվելու են այդ նկարները։
- Իհարկե, անընդհատ կթարմացվի մեր ցուցահանդեսը, նկարները վաճառվում են, եւ երբ ունենանք բավականին թվով ուսանողներ, նաեւ նրանց լավագույն աշխատանքները կցուցադրվեն եւ նույնիսկ կդրվեն վաճառքի։
- Նախատեսո՞ւմ եք համագործակցություն նմանատիպ ստուդիաների հետ, եւ արդյո՞ք կլինեն նաեւ արտերկրից բերված ցուցադրություններ։
- Մենք այս պահին հստակ համագործակցություն դեռեւս չունենք, բայց, իհարկե, դեմ չենք համագործակցելու Հայաստանի կամ այլ երկրների այլազգի նկարիչների հետ։ Բաց ենք համագործակցության համար։ նաեւ մեր տարածքը կարող ենք վարձակալությանտալ՝ տարբեր միջոցառումների կազմակերպման համար, այդ թվում՝ համաժողովներ, ֆիլմերի ցուցադրություններ, կինոնկարահանումներ, արվեստի ցուցահանդեսներ և այլ մշակութային նախաձեռնություններ։
Վերջում ավելացնենք, որ ČARM Art Studio ի հասցեն է՝ Vodičkova 699/28, Prague 1
Կարող եք կապվել հետեւյալ ՝ (1) Facebook կամ charm.prague@gmail.com հասցեներով։
ՕՐԵՐ










orer.eu


