Փետրվարի 25-ը Անդրանիկի ծննդյան օրն է։
Լոռեցիները ՀՀ անկախության բոլոր տարիներին հավուր պատշաճի նշել են մեր ժողովրդի մեծանուն զավակ, հայ, բուլղար, ֆրանսիացի (Պատվո լեգեոնի շքանշանակիր) ժողովուրդների ազգային հերոս, անպարտելի զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան և հիշատակի օրերը։ Վերջին ութ տարիներին դրանք նշվում են Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում վեր խոյացող՝ մեր երկրում Զորավարի առաջին բրոնզաձույլ արձանի շուրջ, որը բացումից հետո դարձավ երախտագետ լոռեցիների ուխտատեղի։
Երիտասարդ քանդակագործ Գեղամ Բեկջանյանի հեղինակած հուշակոթողը կանգնեցվել է «Ինտերկապ» ԲԿ-ի և «Զորավար Անդրանիկ» խմբի նախաձեռնությամբ ու համաժողովրդական հանգանակությամբ, որին մասնակցել են աշխարհի տարբեր երկրներում ապրող շուրջ 300 անդրանիկասեր հայորդիներ։ Լեռների ծերպերից արծվենի հայացքով Զորավարը ասես զննում է ռազմի դաշտը․ սուրը կիսով չափ հանած՝ պատրաստ հարձակման հրամանը տալու։ Պատվանդանին փորագրված է՝ «Ափսոս, գործս կիսատ մնաց»։
Հուշակոթողի բացումը տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ «Վանաձորի օրը» տոնակատարության ընթացքում։ Շատերն են հիշում, որ այդ օրը քաղաքի միջոցառումներին մասնակցեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նրա ավտոշարասյունը արագությամբ անցավ Զորավարի անվան փողոցով՝ չկանգնելով և չմասնակցելով բացման արարողությանը։
Ինչո՞ւ։ Հնարավո՞ր է՝ այն պատճառով, որ աննկուն Զորավարը բազում արյունալի ճակատամարտերի ու անձնազոհության գնով կարողացավ Զանգեզուրը զերծ պահել թուրք-ազերիների ոտնձգություններից և Լեռնաշխարհը «ոսկե սկուտեղով մատուցել» Հայաստանի նորանկախ Հանրապետությանը։ Եթե նա դա չաներ, այսօր գուցե այլ կերպ հնչեր Զանգեզուրի և «միջանցքի» թեման, որի շուրջ շարունակվում են լարված քննարկումները։
Ժողովուրդը, սակայն, ունի իր գնահատականը Մեծն Անդրանիկի գործունեության մասին։ Փետրվարի 25-ին՝ ծննդյան 161-ամյակին, ժողովրդի սիրելին ու պաշտելին՝ գեղջուկին կռվել և հաղթել սովորեցրած պաշտպանը, դարձյալ վերադարձավ հայրենիք, որտեղից երբեք չէր հեռացել։ Նրա անունը ճեղքում է ցանկացած արգելք և ներկայանում որպես հույսի ու հավատի խորհրդանիշ։
Չնայած սրբազան տոնը պետականորեն չկազմակերպելու հանգամանքին, այս տարի ևս հուշարձանին իրենց ինքնաբուխ խոնարհումը բերեցին դպրոցականներ, ուսանողներ, ուսուցիչներ ու դասախոսներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, նախաձեռնող խմբի անդամներ, հյուրեր արտերկրից, Երևանից և այլ համայնքներից։ Միջոցառումների կազմակերպումն իրականացվեց «Ինտերկապ»-ի, Երկրապահ կամավորականների միություն և «Ողջ մնալու արվեստ-Վանաձոր» կազմակերպության հոգածությամբ։ Մարզի և քաղաքի իշխանություններից ներկայացուցիչ չկար։
Ողջույնի և օրհնության խոսքով հանդես եկավ Վանաձորի Սուրբ Նարեկացի եկեղեցու հովիվ տեր Վահան ավագ քահանա Ազարյանը։ Նա ընդգծեց․ «Ժողովրդի արցունքը սրբող Զորավարը չի սկսվել ու չի ավարտվել երբեք։ Նա այսօր մեզ հուշում է՝ բավարար չենք գործել հայրենիքի համար։ Պետք է փոխենք մեր վերաբերմունքը, գործենք հանուն ապագայի, հանուն Հայոց տան շենացման»։
Զորավարի մեծագործությունների մասին ամեն տարի նոր փաստական տվյալներ է ներկայացնում գրող, հրապարակախոս, անդրանիկագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը։ Այս անգամ էլ նա անդրադարձավ Զանգեզուրի գոյամարտում Անդրանիկի ներդրմանը, ինչպես նաև ռուս զինվորի հուշերին՝ Աղբյուր Սերոբի այրի Սոսե Մայրիկի և Անդրանիկի պատմական հանդիպման մասին՝ նշելով, որ որոշ պատմաբաններ նույն ժամանակահատվածում Սոսեին արդեն «տեղափոխել էին» Եգիպտոս։
Գնահատանքի խոսքով հանդես եկան «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Լիպարիտ Դալլաքյանը և Զորավարի զինվորի թոռ, ազատամարտիկ Վաչագան Ավետիքյանը։ Վերջինս հիշեց իր տատիկի պատմածը․ «Անդրանիկը երբ հանում, թափ էր տալիս իր հագուստը, տասնյակ փամփուշտներ էին հատակին թափվում»։ Արաքսն անցնելիս հայ մայրեր խեղդվելու վտանգի առաջ էին կանգնել։ Զորավարը ջուրն է նետվել և փրկել նաև նրա տատիկին, որի շնորհիվ հնարավոր է դարձել իր աշխարհ գալը։
Ելույթ ունեցողները շեշտեցին, որ դեռ Զորավարի կենդանության օրոք ժողովուրդը նրան լեգենդ էր համարում, պատմություններ պատմում, երգեր հյուսում՝ հաճախ համեմատելով երկնքում սավառնող արծվի հետ։ Այսօր էլ այդ «թռիչքի» կարոտն ունենք՝ որպես հայրենասիրության խորհրդանիշ, հատկապես այն ժամանակներում, երբ հերոս հասկացությունը հաճախ գլխիվայր է շրջված։ Հնչեց նաև հույս, որ զորավարի կիսատ մնացած ցանկությունները կիրականացնեն այսօրվա մարդիկ։

Հետաքրքիր մի փաստ ևս հիշեցվեց․ իր վերաբերմունքը չի թաքցրել անգամ բազմաթիվ փաշաներ ունեցող Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, ով, բազմիցս Անդրանիկից պարտություն կրելով, մի առիթով զարմանքով ասել է․ «Այս ի՞նչ զարմ են հայերը, որ Անդրանիկներ են ծնում»։ Նրա երազանքը, ինչպես վերագրվում է, եղել է, որ «այս հողուն վրա Անդրանիկներ այլևս չծնվեն»։ Այդ ձգտումը, ըստ ելույթ ունեցողների, շարունակում է առկա մնալ հարևան երկրում։
Մինչդեռ հայրենասեր ու ազգասեր մարդիկ համոզված են՝ Անդրանիկը հավերժ է, և մենք էլ նրա հետ ենք հավերժ։
Զորավարի ծննդյան տոնը ևս մեկ առիթ է լրջորեն խորհելու կարևորագույն խնդիրների մասին։ Անդրանիկի, Գարեգին Նժդեհի և մեր հազարավոր հերոսների գործը մեծարելը նշանակում է ոչ միայն երգել նրանց մասին, արձաններ կառուցել, փողոցներ ու դպրոցներ կոչել նրանց անուններով, այլև ամրապնդել նրանց երազած համազգային համերաշխությունը։ Այդ համերաշխությունն այսօր հաճախ մնում է ցանկության մակարդակում, մինչդեռ այն պետք է դառնա գործող մեխանիզմ, հստակ ծրագիր, համազգային աշխատանքի բաժանում և ամենօրյա տքնաջան աշխատանք՝ ի փառս հայրենյաց, ի կատարումն Մեծերի ցանկության։
Նույն օրը տոնակատարության մասնակիցները եկեղեցու դահլիճում դիտեցին «ՀՐԵ ՕՂԱԿԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ» ֆիլմը, որը ներկայացնում է Զորավար Անդրանիկի 1918–1919 թվականների ոդիսականը Զանգեզուրյան հերոսամարտերում (հեղինակ և բեմադրող՝ Դավիթ Ստեփանյան, օգնական՝ Սիրարփի Ենգիբարյան, տեքստը կարդում է Հարություն Աստվածատրյանը)։ Չորս մասից բաղկացած, 2 ժամ 6 րոպե տևողությամբ ֆիլմը կառուցված է ամբողջությամբ արխիվային փաստագրական նյութերի և պատմագիտական աշխատությունների հիման վրա։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ




