Երեւանում տեղի է ունեցել «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի» (EUCC) հիմնարկեքի արարողությունը։
Այն կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։ 18.000 մ² ընդհանուր մակերես զբաղեցնող շենքը նախագծել է աշխարհահռչակ MVRDV ճարտարապետական ընկերությունը։ Համալիրը կներառի Թումո լաբեր՝ կրթական, ինժեներական և ինկուբացիոն ծրագրերով, 42 Երևան՝ ֆրանսիական ծրագրավորման դպրոցի տեղական մասնաճյուղ, հետազոտական և կիրառական լաբորատորիաներ, համատեղ աշխատանքի և համաֆինանսավորման հարթակներ, կոնֆերանս կենտրոն և բիզնես տարածքներ։
Նախագիծն իրականացվում է ՀՀ Կառավարության՝ Հայաստանում տեխնոլոգիական կրթության զարգացման բարեփոխումների շրջանակում ։ Ծրագրի արժեքը 42,5 մլն եվրո է, որի 12,5 մլն եվրոն Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրի շրջանակում «Սիմոնյան» կրթական հիմնադրամին ԵՄ–ի տրամադրած դրամաշնորհն է։ EUCC-ի կառուցումը կնպաստի Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական և ինժեներական կենտրոն դիրքի բարձրացմանը։ Արդյունքում, ըստ պատասխանատուների, կձևավորվի տարածաշրջանի եզակի STEM հանգույց, կստեղծվեն ներդրումային և բիզնես համագործակցության նոր հնարավորություններ, կապահովվի համաշխարհային չափանիշներին համապատասխան կրթություն և փորձառություն։
Միջոցառման հյուրերի շարքում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններ, կրթական ու տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներ։
Հյուրերին ուղղված իր խոսքում Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանն ընդգծեց համալիրի նշանակությունը Հայաստանի ու տարածաշրջանի համար.
«Այս շնորհանդեսը ոչ միայն խորհրդանշում է կառույցի շինարարության մեկնարկը, այլև մեր հավաքական հավատն ու լավատեսությունը դեպի Հայաստանի ապագան։ Պետություն, որը կներկայանա համաշխարհային քարտեզին իբրև գիտական և տեխնոլոգիական հզոր կենտրոն»։Ներկաներին ողջունել են ՀՀ վարչապետը, ԿԳՄՍ նախարարը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավարը եւ ԹՈՒՄՈ-ի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։
2020 թ.–ից Թումո լաբերը հազարավոր շահառուների են տրամադրել նորարարական կրթություն և իրականացրել ավելի քան 55 նախագիծ տեղական և միջազգային ընկերությունների հետ՝ ձևավորելով գիտելիքի փոխանցման և տեխնոլոգիական արտադրանքի զարգացման գործուն միջավայր։
orer.eu






