Մշակույթի անվանի գործիչ, գրող, բանաստեղծ,թարգմանիչ (ռուսերենից՝ հայերեն, հայերենից՝ ռուսերեն), դերասան, երգահան Գագիկ Շիրմազանյանը (Շիրմազան) հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց Ստեփանավան քաղաքի մանկատների պատմությունից: Հիշեցինք դժնդակ տարիները, վեր հառնեց սովի ուրվականը, իմացա, թե ինչպես հաղթահարվեցին սովը, անասելի դժվարությունները: Այն անշուշտ կհետաքրքրի մեր ընթարցողներին:
Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկյան բարեգործական ընկերության՝ Ամերկոմի որբանոցները շատ որբերի համար փրկության միակ ապաստարաններն էին: Շատերի ճակատագրերը հենց այս որբանոցները «գրեցին»: Հայաստանում առաջին որբանոցը բացվել է 1915թ. նոյեմբերի 20-ին Ալեքսանդրապոլում:
1916 թ. Վրաստանի և Իմերեթի թեմի հայոց առաջնորդը դիմել է Կովկասի զորաճակատի փախստականների մասին հոգացող գլխավոր լիազորին՝ խնդրելով թույլ տալ Էջմիծինի մանկական ապաստարանից փախստական որբերին տեղափոխել Լոռի՝ Ստեփանավան։ 1918 թ. Ստեփանավանում բացվել է ամերիկական որբանոցը /հետագայում վերանվանվել է մանկատուն/:
1918 թ. մայիսի19-21-ը Ստեփանավանում է գտնվել հայ ազատագրական պայքարի ականավոր գործիչ, գեներալ-մայոր Անդարինկ Օզանյանի ղեկավարած զորամիավորումը, որի կազմում եղած ռուս սպա Պյոտր Սիբիրցևը վերը նշված օրերի մասին պատմելիս գրել է, որ Ստեփանավանում եղել են մի քանի մանկատներ, որոնց ղեկավարները շփոթվել են հայկական զորամասի նահանջի մտքից: Անդրանիկի հետ խորհրդակցելուց հետո որոշվել է երեխաներին տեղափոխել Քոլագերան կայարան, իսկ այնտեղից, երկաթուղով՝ Թիֆլիս: Մանուկներին ձիերի վրա կայարան են հասցրել զորամասի հեծյալները: Այդ որբ, հիվանդ ու սովալլուկ փոքրիկ մարդկանց որպես Հայաստանի դժբախտության մարմնացում է ներկայացնում Պյոտր Սիբիրցևը և տառապած հոգով իր կոչը հղում աշխարհի մանուկներին. «Ոտքի՛ կանգնեցեք, բոլոր ժողովուրդների երեխանե՛ր, եթե հարցը կանտեսեն մեծահասակները, դուք ձեր ձեռքը մեկնեք նահատակվող Հայաստանին, փրկեք այնպիսի երեխաների, ինչպիսին դուք եք, որոնք ունեն ապրելու իրավունք, ինչպես դուք»:
Հայաստանի համար ծանր տարիներին՝ 1919թ. հունիսի 1-ին, Բաթումում խարիսխ են նետել ամերիկյան 2 բեռնանավ` մոտ 10 հազար տոննա ցորենով և 619 տոննա լոբի ու սիսեռով, որը գնահատվում էր 2 միլիոն դոլար: Չորս օր անընդմեջ գնացքներով կենսատու բեռը տեղափոխվել է Հայաստան: Հունիսին կատարվել է ևս 3 առաքում` 11 հազար տոննա պարենամթերքով… Հոգևարքի մեջ հայտնված Հայաստանը սկսել է շնչել:
1919 թվականի մայիսի 1-ից Ամերկոմին հանձնվել են 90 որբանոց, 10 հիվանդանոց 13.942 որբերով՝ Վանից, Մուշից, Կարսից, Ալաշկերտից, Էրզրումից:
1920 թվականի դեկտեմբերին Ամերկոմի որբանոցներում խնամվող երեխաների թիվը կազմել է 18.500: Կոմիտեն իր գործունեությունը շարունակել է մինչև 1929 թվականը՝ մինչև երեխաների չափահաս դառնալը: 1922 թվականին Ալեքսանդրոպոլում հիմնվել է մանկատուն՝ 40 որբերի համար, իսկ Ստեփանավանում՝ նաև մսուր-մանկապարտեզ:
Խորհրդային տարիներին՝ 1923 թ. Կինբաժնի հատուկ հանձնաժողովը Երևանում հավաքել է 500 հոգի անապաստան երեխաներ, որոնցից 200-ն ընդունել է Ամերկոմը և ուղարկել Ստեփանավանի մանկատներ ։
Ստեփանավանի մանկատների սաները ակտիվ մասնակցություն են ունեցել քաղաքում կազմակերպվող միջոցառումներին: Մասնավորապես, 1925 թ. հուլիսի 5-ին Ստեփանավանում տեղի ունեցած պիոներական կազմակերպության 4-րդ տարեդարձի տոնակատարությանը բացի պիոներներից՝ ներկա են եղել 900 Ամերկոմի որբեր։
1926 թվականին Ամերիկական կոմիտեի Ստեփանավանի բաժանմունքը վերջնականապես լուծարվել է, և գրասենյակը տեղափոխվել է Գյումրի։ Ամերկոմի կողմից Ստեփանավանում զբաղեցրած բոլոր շենքերը հանձնվել են Լուսժողկոմատի մանկատնային բաժնին, որտեղ տեղափոխել են 1000 հոգուց ավելի մանկահասակ սաներ:
Մինչեւ 1929 թ. Ամերիկյան մանկատները դրսից ամսական ստացել են 150 հազար դոլարի օգնություն, որը շարունակվել է դրանից հետո անգամ` ամսական 100 հազարի չափով… Տասնյակ հազարավոր որբեր` շնորհիվ Ամերկոմի, ոչ միայն փրկվեցին, այլև համեմատաբար ապահով անցկացրեցին 20-ականների սկզբի սովը, ստացան բավական լավ կրթություն, տիրապետեցին լեզուների, վարժվեցին արհեստներում, ծանոթ էին քաղաքավարության, վարվելակերպի կանոններին: Նրանցից շատերը դարձան մեր երկրին իսկապես պիտանի քաղաքացիներ: 1939 թվականի օգոստոսի 15-ին Ստեփանավանում բացվել է Հայաստանի մանկատների 4-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Երևանի, Լենինականի, Ստեփանավանի, Բայազետի, Քանաքեռի, Գորիսի մանկատների երգի-պարի խմբերը:
1960 թվականի հունիսի 18-ին քաղաքային թիվ 1 մանկապարտեզի դահլիճում տեղի է ունեցել մանկատան ու մանկապարտեզի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես։
Լուսանկարում՝ Ստեփանավանի մանկատան սաներն են դաստիարակների և տեղացի բնակիչների հետ:Մանկատունը գտնվել է Ստեփանավանի ներկայիս համաբուժարանի տեղում:
orer.eu



