Գեղանկարիչ Գեորգի Թովմասյանի անհատական ցուցահանդեսը Վանաձորում

  • 18.02.2026
  • 0
  • 113 Views

Վանաձորի կերպարվեստի թանգարանում փետրվարի 14-ին կայացավ հոբելյանական միջոցառում՝ նվիրված Գեորգի Թովմասյանի ծննդյան 90-ամյակին։ Հոբելյանը դարձավ ոչ միայն հիշատակի օր, այլ նաև առիթ վերադառնալու արվեստագետի գունային հզորությամբ, ներքին համոզմունքով ու յուրահատուկ ձեռագրով ձևավորված ստեղծագործական աշխարհին։

Միջոցառման կազմակերպմանը կարևոր դեր ունեցան նկարչի թոռները՝ իրենց հիմնած «Գ. Թովմասյան» հիմնադրամի միջոցով։ Բացման խոսքով հանդես եկավ թանգարանի տնօրենի ԺՊ Հայկուհի Ավագյանը՝ ընդգծելով, որ արվեստագետի ստեղծած գունային աշխարհը շարունակում է ապրել և ներգործել նաև այսօր։

Ելույթներով հանդես եկան նաև Տեր Վահան Ազարյանը, ով կարևորեց նկարչի դերը Լոռու մշակութային կյանքում, ինչպես նաև Մանվել Միկոյանը և այլ արվեստագետներ ու մտավորականներ՝ կիսվելով հիշողություններով և բարձր գնահատելով Թովմասյանի արվեստն ու մարդկային կերպարը։

Ստորեւ ներկայացնում ենք Գագիկ Անտոնյանի թղթակցությունը անվանի նկարչի ու ցուցահանդեսի բացման մասին։

Նա արարել է շուրջ 2000 գեղանկարչական կտավներ՝ բնանկարներ, դիմանկարներ, եկեղեցիներ, նատյուրմորտներ, որոնք պահպանվում ու ցուցադրվում են նախկին ԽՍՀՄ երկրների թանգարաններում, Վանաձորի կերպարվեստի թանգարանում, «Մաշտոց» ՀԿ գեղարվեստի ցուցասրահում, Հայ Առաքելական եկեղեցու թեմերում, արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Նա Վանաձորի պետական համալսարանի արվեստի ամբիոնի հիմնադիրն էր և մինչև կյանքի վերջը՝ նրա վարիչը։ Հեղինակել է «Գեղանկար» բուհական ուսումնական ձեռնարկը և անթիվ գիտամանկավարժական ու արվեստաբանական հոդվածներ։

Նա անհատական ցուցահանդեսներով հանրությանը ներկայացել է 16 անգամ Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։

Նրա արվեստի մասին լույս են տեսել բուկլետներ, ալբոմներ, կատալոգներ, կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գրքեր ու ժողովածուներ։ Նրան է նվիրված նաև լոռեցի հայտնի գրող Վալտեր Թորոսյան-ի «Գույների սիմֆոնիա» վիպակը։

Նրա ստացած մրցանակների, ոսկե հուշամեդալների, պարգևատրումների, շնորհակալագրերի ու պատվոգրերի ցանկը հարյուրից ավելի է։

Նա շենշող մարդ էր՝ բարի, անաչառ ու խոսքաշատ։ Ընկերական հավաքներում «երդվյալ թամադա» էր, կենացները համեմում էր սեփական բանաստեղծական տողերով. «Ես ջահել չեմ, տարիքս վկա, Ու սիրտս թեև առաջվանը չէ, Բայց երբ տեսնում եմ մի նոր աղջկա, Հալվում, մաշվում եմ առաջվա նման…»

Նա Հայաստանի վաստակաշատ գեղանկարիչ, արվեստի տեսաբան, պրոֆեսոր Գեորգի Թովմասյանն էր, ով Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան պատկերասրահում օրերս հնարավորություն ունեցավ 17-րդ անգամ ներկայանալ հանրությանը իր վառվռուն կտավներով, այս անգամ՝ հետմահու։ Լրացել է Վարպետի ծննդյան 90-ամյակը։ Պատկերասրահի առաջին հարկի սրահում ասեղ գցելու տեղ չկար։ Եկել էին նրա արվեստի երկրպագուները։ Գեղանկարչի կենսագրությունը ներկայացրեց դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանը։ Ելույթներում ընդգծվեցին  նրա մարդկայնությունը, անսպառ եռանդն ու աշխատասիրությունը, թեմաների բազմաբովանդակությունը, մարդու ներաշխարհը թափանցելու զարմանալի կարողությունը, լավատեսությունն ու աշխարհի գույների յուրակերպ ընկալումը։

Մտքիցս երբեք չի հեռանա. Վարպետը  առանձնակի հիշողություններ ուներ Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ հանդիպումներից։ Նա հրավիրվել էր Սուրբ Էջմիածին՝ կաթողիկոսին կտավի վրա պատկերահանելու։ Նկարելու ընթացքում երկար զրուցել են, և այդ օրերը իր կյանքի լավագույն պահերն են եղել։ Խոստովանում էր՝ խորամանկ ժպիտով, որ երեք օր «ձգձգել» է նկարն ուշ ավարտելու համար, որպեսզի Մեծ անհատականության ներկայությունը հնարավորինս երկար վայելի։ Մինչդեռ կաթողիկոսը զբաղված էր ծանր ու պատասխանատու առաքելությամբ։ Նա նախանձախնդրորեն վերափոխում էր թեմական կառուցվածքը՝ Հայ եկեղեցու աշխատանքն առավել նպատակաուղղված դարձնելու համար։ Նրա հոգածությամբ հայաստանյան նախկին չորս թեմերի փոխարեն ստեղծվեցին ութ թեմեր, հիմնվեցին նաև Ուկրաինայի և Հարավային Ռուսաստանի թեմերը։ Նա միաժամանակ հոգևոր, վարչական ու կազմակերպչական մեծածավալ աշխատանք էր իրականացնում՝ ամրապնդելով եկեղեցու ներկայությունն ու գործունեությունը։ Գեղանկարիչը հպարտությամբ էր ասում. «Այդ նկարը իմ լավագույն ստեղծագործությունն է, Վեհափառն էլ… դա գիտեր»։

Կյանքի վերջին ամիսներին անկողնուն գամված էր։ Այցելում էինք, դարձյալ ու դարձյալ հարցնում կաթողիկոսի դիմանկարի արարման պատմությունը։ Նա ոգևորվում էր, դեմքը փայլում էր, հիվանդությունը կարծես ժամանակավորապես հեռանում էր նրանից։ Հենց դրա համար էլ այդ օրերի մասին էինք հարցնում:

Ցուցահանդեսին ներկայացված են գեղանկարչի 32 ստեղծագործություններ, որոնցից չորսը՝ նրա նվերները, պահվում են թանգարանի հավաքածուում։ Նախաձեռնությունը դստեր՝ Արմինեի և նրա զավակների՝ Սևակի ու Մենուայի (վերջինս ստեղծել է «Գեորգի Թովմասյան» հիմնադրամը), ինչպես նաև թանգարանի հանրույթի ջանքերի արդյունքն էր։ Լոռին հերթական անգամ մեծարեց իր մեծին։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ

Վանաձոր

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում