Չեխահայ Մոնիկա Հարությունյանը «Հայաստանի գեղեցկուհի» 2026 ազգային մրցույթի հաղթող

  • 09.02.2026
  • 0
  • 647 Views

Փետրվարի 8-ին Երեւանում  անցկացվեց «Հայաստանի գեղեցկուհի» ամենամյա միջազգաիյն մրցույթը, որի մասնակցեցին 17-28 տարեկան 15 հայուհիներ, ներկայացնելով  Հայաստանը, Իրանը, ԱՄՆ-ն, Կիպրոսը, Վրաստանը։  Եզրափակչ մրցույթի արդյունքում  2026 թվականի «Հայաստանի գեղեցկուհի» ճանաչվեց չեխահայ 28-ամյա  Մոնիկա Արսինե Հարությունյանը։ Բնականաբար մրցույթի ժյուրին գնահատել է ոչ միայն նրա գեղեցկությունը, այլեւ այն հմտություններն ու փորձառությունը, որ ի ցույց է դրել մեր հայրենակցուհին։ Մրցույթի կազմակերպիչն էր «Միսս Երեւան պրոդաքշըն» ընկերությունը՝ Արթուր Վարդապետյանի եւ Արմինե Մուրադյանի գլխավորությամբ։

Մոնիկա Հարությունյանը  ծնվել և մեծացել է Պրահայում, բացի չեխական միջնակարգ կրթությունից, հաճախել է հայկական շաբաթօրյա դպրոց, նաեւ գեղասահքի դպրոց։ Իբրեւ  պրոֆեսիոնալ գեղասահորդ դարձել է Չեխիայի գեղասահքի եռակի չեմպիոն։  Չեխիայի ազգային հավաքականի կազմում  երկու անգամ մասնակցել է գեղասահքի աշխարհի առաջնությանը։

Նա նաեւ ատամնաբույժ- հիգենայի մասնագետ է, ավարտել է Պրահայի Կարլի համալսարանի բժշկական ֆակուլտետի համապատասխան բաժինը։

2020թ-ի պատերազմից հետո Մոնիկան, որպես կամավոր, Չեխիայում մասնակցել է հաշմանդամություն ստացած հայ զինվորների պրոթեզավորման աշխատանքներին՝ լինելով մեր տղաների կողքին և աջակցելով նրանց։ Մոնիկան նաև մի շարք բարեգործական նախագծերի ակունքներում է, որոնք կոչված են օգնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին։

Երեւանում կայացած հաղթանակից հետո, Մոնիկա Արսինե Հարությունյանը 2026 թվականին  Հայաստանը  կներկայացնի 73-րդ «Միսս Աշխարհ» միջազգային ամենահին գեղեցկության մրցույթում։

ՕՐԵՐ-ի հետ զրույցում, Մոնիկան նշեց, որ վերջապես կատարվել է իր երազանքը եւ ինքը կապվել է Հայաստանին, հատկապես վերջին երեք ամիսներին, երբ ապրել է Երեւանում։ « Թեեւ ծնվել ու հասակ եմ առել Պրահայում, սակայն մեր ընտանիքում մշտապես պահպանվել են հայկական ավանդույթները, հաճախել եմ հայկական շաբաթօրյա դպրոց։ Դրան զուգահեռ մարզական մրցումների ժամանակ միշտ ներկայացնում  էի Չեխիան, եւ մի թաքուն երազանք ունեի, որ նաեւ Հայաստանի դրոշի տակ հանդես գամ։ Ու թեեւ իմ մեջ հայկականության հետ կապը մեծ էր, սակայն Հայաստանի հետ կապը չէի զգում, անկախ այն հանգամանքից, որ ծնողներիս բարեկամներն այստեղ էին։ Եվ վերջապես այս հաղթանակով մի տեսակ ուղիղ կապ է ստեղծվում իմ ու հայրենիքիս միջեւ, որ այլեւս կարող եմ Հայաստանի դրոշի տակ հանդես գալ եւ միջազգային ասպարեզում հայությանը լավագույնս ներկայացնել»,- ասում է Մոնիկան, որ դեռ գտնվում է Երեւանում։

Մեր շնորհալի հայրենակցուհին համոզված է, որ նույնիսկ եթե չշահեր գեղեցկության մրցանակը, միեւնույն է, չէր վհատվի, քանի որ կյանքը շարունակվում է, իսկ այժմ ավելի մեծ սիրով կլծվի Հայաստանը արտերկրում ներկայացնելուն՝ մասնակցելով տարաբնույթ  բարեգործական ծրագրերի։

Մոնիկան մրցանակ ստանլիս նաեւ չի մոռացել շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր սփյուռքում կամավոր աշխատանքով սերմանել են հայկականւթյուն,  վառ են պահել հայության նվիրական արժեքները։ Դրանց շարքում են հայկական դպրոցի ուսուցիչները։

Առաջիկայում Մոնիկան կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը, որի անցկացման ժամկետների եւ  վայրի մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ։

ՕՐԵՐ-ի խմբագրակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր շնորհալի հայրենակցուհուն, եւ մաղթում նորանոր հաջողություններ եւ երազանքների իրականացում։

ՕՐԵՐ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում