Չի կարող լինել խաղաղություն քո հակառակորդի քմահաճույքից կախված։ Ուզում ես հարյուր անգամ ասա, որ խաղաղություն եկել է, եթե անգամ եկել է, ապա էլի եկել է Ալիևի տրամադրությունից կախված։ Այս մասին, այսօր՝ հունվարի 29–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Մեր առաջարկը հետևյալն է՝ ամրապնդել խաղաղությունը լուրջ երաշխիքային համակարգով։ Սա է միակ ձևը, ուրիշ ձև աշխարհում չկա։ Ուկրաինայում էլ ամենալուրջ խոչընդոտը երաշխիքային համակարգն է, որը պահանջում է լուրջ բանակցային գործընթաց և երաշխիքներ։
Չկա աշխարհում հակամարտություն, որը առանց այդ երաշխիքային հյամակարգի կանգներ և կայուն զինադադար կամ կայուն խաղաղություն հաստատվեր։ Ամեն տեղ կան երաշխավորենրե, երաշխիքային համակարգ։ Հիմնական ձգտողը, որ լինի երաշխիքային համարագ, պետք է լինի այն կողմը, որն այս պահին ավելի թույլ կողմն է։ Ուժեղ կողմը չի ուզում երաշխիքներ, որովհետեւ ուզում է քո կախվածությունն իրենից մնա մաքսիմալ բարձր մակարդակի, որ ինքն ինչ ուզի՝ քեզ թելադրի։ Սա այն է, ինչ մենք հիմա տեսնում ենք։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հաճույք է ստանում նրանից, որ ամեն քայլափոխի իրեն թելադրում են, ինքը զիջում է, ժողովուրդը չպետք է այդ հաճույքը ստանա։
Ոչինչ չեն արել գոնե այդ թուլությունը հաղթահարելու համար։ 5 տարում չի արվել ոչինչ, որ Հայաստանի ընկալումը դրսում ու ներսում փոխվի։ Իրեն ձեռնտու է, որ մենք լինենք թույլ, որ պատերազմ սկսելու սպառնալիքը մշտական ներկա լինի մեր հասարակության մոտ։ Որովհետեւ ինքը դա օգտագործելու է վերընտրվելու համար։ Մեր ժողովրդին սա ձե՞ռք է տալիս, ինձ ձեռք չի տալիս»,–ասաց նա։
Հարցին՝ այս ընտրությունները նրա մասին են, որ կամ լինի Հայաստան, կամ լինի Նիկոլ Փաշինյան, երկրորդ նախագահը պատասխանեց. «Հայաստանը բոլոր տարբերակներով լինելու է, ուղղակի հարցն այն է, թե Հայաստանի Հանրապետության բովանդակությունն ինչպիսին է լինելու։ Հայաստանը լինելու է առանց Սյունիքի, կամ Հայաստանը լինելու է առանց Հայ առաքելական եկեղեցու։ Իմ տպավորությամբ այս ընտրություններն ունիկալ են լինելու, որովհետեւ լինելու են Հայաստանի Հանրապետության էության մասին։
Իրեն թվում է, թե եթե մենք մեր ամբողջ ազգային բովանդակությունը մի կողմ դնենք, եթե Թուրքիան, Ադրբեջանը մեզ սկսեն ընկալել որպես ամորֆ մի ժողովուրդ, որը ոչ անցյալ ունի, որ ներկա, մեզ չեն դիտելու որպես սպառնալիք ու մեզ հանգիստ են թողնելու։ Ոչ, հանգիստ չեն թողնելու, դու այդ վիճակում լավ աշխարհաքաղաքական ուտելիք ես դառնալու՝ կուլ տալու համար։ Միջազգային հարաբերություններն այդպես չեն աշխատում։ Այդ վիճակում դու բարեկամ էլ չես ունենալու, դու աշխարհաքաղաքական մուրացկան ես դառնալու։
Ռեմբո է եղել, Գիքոր է դառել, հիմա էլ Գիքորի վիճակում է, «էստի համեցեք» է անում»։
Հարցին՝ ունե՞ք վերլուծություն, թե ինչու են գործող իշխանություններն իրենից վախենում, որ կարող է ինքը վերադառնալ իշխանության , Քոչարյանը հեգնանքով պատասխանեց. «Շատ են սիրում»։
«Միայն Հաքան Ֆիդանը չէ, Կայա Կալասի հայտարարությունը նայեք։ Այո, նրանք շատ ուղղակի աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ կարծում, որ դա իրենց նախաձեռնությունն է։ Նախաձեռնությունը գալիս է Հայաստանից։ Հայաստանից պատվիրակությունները գնում են, ասում են՝ մենք արևմտյան գիծն ենք բռնել, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է սկսելու մեր դեմ։ Նույնն է, ինչ անում էր Սաակաշվիլին․ սրում էր հարաբերությունները, հետո վազում ԱՄՆ՝ աջակցություն խնդրելու համար»։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ Հաքան Ֆիդանն, իր հայտարարությամբ, ըստ էության աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և նրա վարած քաղաքականությանը։
Նշենք, որ հունվարի 15-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել էր Հայաստանում կայանալիք ընտրություններին և հայտարարել. «Մենք տեսնում ենք, որ ներկայում անցկացվող հանրային հարցումներում Փաշինյանն առաջատար է։ Մենք իսկապես աջակցում ենք այն կառուցողական դերին, որը նա տանում է։ Այդ գիծը, այդ կամքը պետք է շարունակվի»։
«Նույն մոդելն է։ Դու փորձում ես սրված հարաբերություններում մեկի գիրկը մտնե՞լ, թե ընտրել այն քայլերը, որոնք բերում են այնտեղ, որտեղ համընկնում են շահերը։ Մենք այդպես էինք անում, և դրա անունը դրել ենք կոմպլեմենտար քաղաքականություն։ Հիմա Հայաստանն անում է ճիշտ հակառակը, սրում է հարաբերությունները և փորձում է դրա դիմաց ինչ–որ բան պոկել Արևմուտքից։ Ինչպես է սա ազդելու ներքաղաքական կյանքի վրա․ որոշակի ազդեցություն ունենալու է։ Բայց պատկերացրեք՝ ընդդիմությունն այդ տեսանկյունից հայտնվել է անհավասար պայմաններում։ Նույն Ռուսաստանը նման կարգի հայտարարություններ չի անում, Չինաստանն էլ չի անում։ Չինաստանի ու ԱՄՆ–ի տարբերությունն այն է, որ ԱՄՆ–ն ասում է՝ եթե սա չանես, կպատժեմ, իսկ Չինաստան ասում է՝ եթե սա անես, կխրախուսեմ։ Մոտեցումների մեծ տարբերություն կա, այդ պատճառով էլ Չինաստանը շատ ավելի գրավիչ է շատ երկրների համար։ Հայաստանը, չգիտեմ ինչ նպատակներով, մտնում է այնտեղ, որտեղ մեկի հետ հարաբերությունները պետք է կառուցես մյուսի հետ հարաբերությունները փչացնելու արդյունքում։ Սա նորմալ չէ փոքր երկրի համար»,–նշեց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ 2018-2020 թվականներին Նիկոլ Փաշինյանը հակաթուրքական այնպիսի հայտարարություններով էր հանդես գալիս, ինչպիսի հայտարարություն որևէ այլ ղեկավար երբեք չի արել։
«Այդ ժամանակ Մակրոն–Էրդողան հարաբերություններն էին սրվել։ Մակրոնը փորձում էր հակաթուրքական ոչ ֆորմալ դաշինք ձևավորել և այդ հարցը շատ ակտիվ քննարկում էր Եգիպտոսի, Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի հետ։ Այդ ժամանակ Հայաստանը միացել էր այդ ոչ ֆորմալ կոանլիցիայի ձևավորմանը։ Մակրոնն էլ շաբաթը մեկ կարծիք է փոխում։ Ես տասը տարի նախագահության ժամանակ երբեք հակաթուրքական հայտարարություն չեմ արել, հարևան երկիր է։ Դուք պատկերացրեք՝ ես սկսեի խոսել Քուրդիստանի ստեղծման մասին, դա հիմարություն կլիներ, հարվածի տակ կդնեի Հայաստանի հանրապետությունը։ Եվ ոչ մի նախագահ այդպիսի բան չի արել։ Ինքը մտավ այդ պատմության մեջ և երևի սա է պատճառներից մեկը, որ 2020 թվականի պատերազմում Թուրքիան անթաքույց կանգնեց Ադրբեջանի կողքին»–հավալեց Ռոբերտ Քոչարյանը։
Լրագրողի դիտարկմանն այն մասին, որ հանրության մի ստվար զանգված հաշտ չէ և չի ընդունում Փաշինյանի վարած զիջողական քաղաքականությունը, ՀՀ 2-րդ նախագահը պատասխանեց․
«Կարող է լինել պրագմատիկ քաղաքականություն, որը ենթադրում է որոշակի զիջումներ։ Այդ պրագմատիզմը չեմ տեսնում։ Տեսնում եմ մի քաղաքականություն, որի մոտիվացիան ինձ համար անհասկանալի է։ Եթե Հայաստանի ղեկավարը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ այն քայլերը, որ այսօր անում է Նիկոլ Փաշինյանը։ Ես այդ մոտիվացիան չեմ հասկանում։ Որովհետև շատ պարզ հարցերում անում են բաներ, որոնք շատ ծանր հետևանքներ են ունենում»։
news.am



