Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայաստանում և Սփյուռքում, Գիտակցելով պահի պատմական պատասխանատվությունը՝ Համահայկական Վերնախորհուրդը (Սենատը) ստանձնում է իր առանցքային դերակատարումն ու հանրային պարտավորությունը հայոց պետականության զարգացման այս վճռորոշ հանգրվանում: Մենք գտնվում ենք մի փուլում, որտեղ ՀՀ քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության իրավունքներն ու անվտանգությունն անխզելիորեն շաղկապված են մեր պետության միջազգային-իրավական սուբյեկտայնության հետ:
Առկա էկզիստենցիալ ճգնաժամի պայմաններում, երբ վտանգված են մեր պետականության հիմքերն ու ժողովրդի ապագան, իրավաքաղաքական բեկում ապահովելու միակ արդյունավետ ուղին ուղին Ազգային լիգայի կողմից ճանաչված 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության դե յուրե իրավահաջորդության վերահաստատումն է: Սա անհրաժեշտ իրավական հակակշիռ է Ադրբեջանի Հանրապետությանը, որը դեռևս 1991 թվականից պաշտոնապես հռչակել է իրեն 1918-1920 թթ Ազգերի լիգայի կողմից դե յուրե և դե ֆակտո չճանաչված Ադրբեջանի իրավահաջորդը՝ դրանով իսկ փորձելով լեգիտիմացնել իր ծավալապաշտական հավակնությունները և Հայաստանի դեմ իրականացվող շարունակական ագրեսիան:
1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության ճանաչումը երաշխավորելու է՝
1․Միջազգային իրավունքի գերակայության և պաշտպանունակ ուժեղ բանակի վրա հիմնված անվտանգություն ու կայուն խաղաղություն։ Սա կիրագործվի պատմական տիտղոսի և միջազգային իրավարար վճիռների վերահաստատման, ինչպես նաև ազգային զինված ուժերի զսպման ներուժի միջոցով՝ ապահովելով պետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքների անձեռնմխելիությունը։
2․Սոցիալական արդարության վրա հիմնված պետություն: Երաշխավորվում է քաղաքացիների աշխատանքի իրավունքը, իսկ որակյալ առողջապահությունն ու արդիական կրթությունն իրականացվում են բացառապես պետական միջոցների հաշվին՝ ապահովելով դրանց լիարժեք անվճարությունն ու հասանելիությունը:
3․Մերիտոկրատական և տեխնոկրատական կառավարում: Պետական ապարատի առավելագույն արդյունավետություն, համապարփակ թվայնացում և մայրաքաղաք Երևանի ենթակառուցվածքային բեռնաթափում՝ գործառույթների ապակենտրոնացման ու մարզային համաչափ զարգացման միջոցով:
4․Սահմանամերձ բնակավայրերի դիմակայունություն և էկոհամակարգերի վերականգնում: Համաչափ զարգացում «խելացի» լուծումների ներդրմամբ և կայուն կառավարում՝ հիմնված կանաչ տնտեսության միջազգային սկզբունքների վրա:
5․Ազգային ինքնության և քրիստոնեական արժեհամակարգի վերահաստատում: Մարդու արժանապատվության, ընտանիքի պաշտպանության և պատմամշակութային ժառանգության պահպանման առաջնահերթություն՝ որպես ազգային զարթոնքի և հասարակական համերաշխության գրավական:
Լիահույս ենք, որ 2026 թվականի համապետական ընտրություններում ՀՀ քաղաքացին իր ձայնը կտա այն քաղաքական ուժին, որը կնախաձեռնի 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության իրավահաջորդությունից բխող միջազգային-իրավական գործընթացներ: Այդ քայլերն ուղղված կլինեն մեր պատմական ու անկապտելի իրավունքների վերականգնմանն ու ամրապնդմանը:
Համակարգող՝ Արամ Մկրտչյան
28․12․2025թ․



