Նոյեմբերի 18-ին մայրաքաղաքի «Միհայ Էմինեսկու» գրախանութի սրահում տեղի ունեցավ ժամանակակից հայ գրականության հայտնի ներկայացուցիչ Դիանա Համբարձումյանի «Կանաչ մարգագետնի հմայքը» գրքի շնորհանդեսը: «Ինտեգրալ» հրատարակչության հրավերով հեղինակը ժամանեց Բուխարեստ և հնարավորություն ունեցավ շփվելու իր առաջին ռումինացի ընթերցողների հետ: «Կանաչ մարգագետնի հմայքը» հեղինակի՝ ռումիներեն թարգմանված առաջին գիրքն է: Նշենք, որ այս հրատարակչությունն ունի «Armenia Integral» անվամբ հատուկ հավաքածու, որի շրջանակներում արդեն թարգմանվել է 14 գիրք՝ թարգմանիչ Սարգիս Սելյանի հետ համագործակցությամբ:
Դիանա Համբարձումյանը ծնվել է Թբիլիսիում (Վրաստան)։ Նա գրող է, թարգմանիչ և անգլերեն է դասավանդում Երևանի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Մասնակցել է հեղինակավոր միջազգային գրական փառատոների և մշակութային ծրագրերի Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: Նա գրական մրցանակների դափնեկիր է թե՛ ստեղծագործության, թե՛ թարգմանության համար, 25 գրքերի հեղինակ է։ Նրա «Տասը լավագույն պատմվածք» ժողովածուն թարգմանվել է անգլերեն, գերմաներեն, իտալերեն և ռուսերեն լեզուներով ու գովասանքի է արժանացել գրականագետների կողմից։ Նրա արձակը թարգմանվել է 13 լեզուներով և հրատարակվել Եվրոպայի և ԱՄՆ-ի գրական ամսագրերում։
Գրքի շնորհանդեսի սկզբում ելույթ ունեցավ դոկտոր Ֆելիչիա Վալդմանը (Բուխարեստի համալսարանի բանասիրության ֆակուլտետ)՝ նշելով, որ այս գիրքը ներկայացնում է համընդհանուր մակարդակ, որն ընդունելի է բոլորի համար. «Կան որոշ փիլիսոփայական առաջարկներ, որոնք այնքան ինքնատիպ և անհատական են, որ ստեղծում են գրական նոր մոտեցում։ Սա տպավորիչ է, և ես նույնիսկ մտածեցի այն փիլիսոփայական մտքերն ու գաղափարները առանձնացնելու մասին, որոնք առկա են գրքում։ Ինձ համար սա ճանապարհներ բացող գիրք է. այն իմ առջև հորիզոններ բացեց դեպի մի յուրահատուկ գրականություն, և ես շատ ուրախ կլինեմ կարդալ հեղինակի այլ ստեղծագործություններ ևս»։

Ռումինիայի գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանը նշեց, որ Դիանա Համբարձումյանը՝ որպես հայ գրականության հեղինակավոր ներկայացուցիչ, յուրահատուկ է, քանի որ նա ակադեմիական աշխարհից է, և թե՛ այս գիրքը, թե՛ նրա գրած մյուս գրքերը բնական, սոցիալական կամ կրոնական միջավայրին վերաբերող թեմաներով հետազոտական աշխատանքներ են։ «Նաև չմոռանանք նրա վաստակը անգլերեն գրականությունը հայերեն թարգմանելու ոլորտում»,- հավելեց Վ. Ոսկանյանը։
Դիանա Համբարձումյանը շնորհակալություն հայտնեց «Ինտեգրալ» հրատարակչության տնօրեն Կոստել Պոստոլակեին և թարգմանիչ Սարգիս (Սերջու) Սելյանին գրքի հատորի հրատարակմանը ցուցաբերած աջակցության համար, ինչպես նաև ներկաներին, մասնավորապես՝ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանին, Օշական քահանա Խաչատրյանին, Ռումինիայի հայոց միության և Գրողների միության նախագահ Վարուժան Ոսկանյանին և թարգմանչուհի Մադլեն Կարակաշյանին։ Ներքոստորագրյալիս համար զգացմունքային պահ էր, երբ հեղինակը հիշեց իր և պապիկիս՝ մանկագիր Սուրեն Մուրադյանի միջև 1982 թվականից ի վեր ձևավորված սերտ բարեկամական կապը, որը, որպես արդեն իսկ հայտնի գրող և ավագ ընկեր, աջակցեց երիտասարդ ուսանողուհի Դիանային և ծանոթացրեց նրան գրական աշխարհին։
Այս գրքի վերաբերյալ Դիանա Համբարձումյանն ասաց.
«Գրքի էությունն այն է, որ ապոկալիպտիկ աշխարհը կարող է փրկվել ոչ միայն գիտնականների շնորհիվ, այլև մարդկանց մաքուր հոգիների օգնությամբ։ Էկոլոգիական աղետը ավելի լուրջ բան չէ, քան հոգիների կործանումը։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ ոչ մի գիտնական, ոչ մի արհեստական բանականություն և ոչ մի տեխնոլոգիական նորարարություն չի կարող մեզ փրկել, եթե մենք չհոգանք մեր մասին, եթե չբուժենք մեր ավերված միջավայրը։ Ես աղբյուր էի փնտրում, մտածում էի, թե ինչպես լուծել այս խնդիրը, և հասկացա, որ այն գոյություն ունի 10-րդ դարի մեծ մտածող ու բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» գրքում։ Այնտեղ գտա այն պատասխանները, որոնք փնտրում էի»։

Հեղինակը հիշեցրեց, որ չնայած սա իր առաջին ռումիներեն գիրքն է՝ այն ռումիներեն թարգմանված իր առաջին աշխատանքը չէ։ Նրա ստեղծագործություններից մեկը տարիներ առաջ թարգմանել է Մադլեն Կարակաշյանը և ընդգրկել ժամանակակից հայ արձակի անթոլոգիայում, որը հրատարակվել է 2009 թվականին Բուխարեստի «Արարատ» հրատարակչության կողմից։
Շնորհավորում ենք Դիանա Համբարձումյանին և մաղթում հաջողություններ հնարավորինս շատ գրքեր և տարբեր լեզուներով թարգմանություններ հրատարակելու գործում։ «Կանաչ մարգագետնի հմայքը» գիրքը կարող եք ձեռք բերել առցանց (https://e-integral.ro/product/farmecul-luncii-verzi/, Ինտեգրալ հրատարակչություն) կամ անմիջապես Էմինեսկու գրախանութից։
Արսեն Արզումանյան
Բուխարեստ




