Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին

  • 15.11.2025
  • 0
  • 441 Views

Վարչապետը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշ միջոցառման շրջանակում կազմակերպված պաշտոնական ընթրիքին, որին ներկա են եղել Հայաստանից և արտերկրից ավելի քան 300 բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, գործարար և հոգևոր ոլորտների ներկայացուցիչներ։

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ողջունել Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթք նախաճաշի ֆորմատով տեղի ունեցող երեկոյի մասնակիցներին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ յոթ տարի զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, առաջին անգամ է ներկա գտնվում այս ձևաչափով միջոցառմանը, որտեղ ներկա են Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, եզդիական, հրեական, հայ կաթոլիկ, հայ ավետարանական համայնքների ներկայացուցիչներ, ասորական, ուղղափառ եկեղեցիների, մահմեդական և այլ հավատքի տեր մարդիկ: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կրոնական հանդուրժողականությունը միշտ եղել է օրակարգային, և սա այն դեպքերից է, որ քաղաքականությունները, հայտարարությունները, որոշումներն այդ թվում պիտի վերածվեն կոնկրետ մարդկային շփումների: Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ  այս շփումները շատ կարևոր են Հայաստանում կրոնական տարբեր համայնքների, ազգային փոքրամասնությունների հավատքին, կրոնին ծանոթանալու տեսանկյունից:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից կազմակերպված միջոցառման նպատակն է խթանել երկխոսությունը ու համագործակցությունը՝ դրա հիմքում ունենալով Հայաստանի պատմական, քրիստոնեական ինքնության, խաղաղության, բարոյական սկզբունքների վրա հիմնված առաջնորդության և կրոնական ազատությունը։ Աղոթքի նախաճաշի հեռահար նպատակն է ձևավորել տեսլական և Հայաստանը դիտարկել որպես կրոնական ազատությանն ու բարեկեցությանն ուղղված առաջատար երկրի դիտանկյունից, որն ունի հավատքի, գործընկերության, նորարարության և խաղաղության վրա հիմնված հասարակություն։ Աղոթքի նախաճաշ միջոցառմամբ Հայաստանի Հանրապետությունը միանում է համաշխարհային այն ավանդույթին, որը միավորում է առաջնորդներին՝ խորհրդածելու, աղոթելու և մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու համար բարոյական լուծումներ գտնելու։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության առաջին Աղոթքի նախաճաշին:

Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Հայաստանի Հանրապետությունն իր պատմության մեջ առաջին անգամ ապրում է խաղաղության մեջ: Վարչապետի խոսքով՝ սա մի երկար ճանապարհ է, որն անցել ենք՝ գուցե շատ հաճախ լսելով և չիմանալով, նայելով և չտեսնելով այն ճանապարհը, որն Աստված պատրաստել է մեր ժողովրդի և մեր պետության համար։

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապն Աստծո հետ: Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։ Խոսելով պետական պաշտոնյաների բարեվարքության մասին՝ վարչապետը նշել է. «Մենք հաճախ խոսում և անընդհատ քննարկում, մտածում ենք՝ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարքություն ապահովելու համար, որովհետև բարեվարքությունը, թերևս, բոլոր երկրներում ամենակարևոր խնդիրներից է: Եվ, իհարկե, բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Հայաստանի Հանրապետության աղոթքի նախաճաշ միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:

Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է։ Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու և Աստծո լեզվով խոսելու համար: «Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված: Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է վարչապետը։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում