Նոյեմբերի 8-ին, ժամը 17-ին, Ռումանիոյ հայոց թեմի ,,Վիկտոր և Հովսեփ Դուդյան,, Մշակույթի տանը տեղի ունեցան Ամենայն Հայոց Հայրապետին նվիրված ,,Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը և Ռումինիան,, խորագրով գրքի շնորհանդեսը, ,,Առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարի պատմությունը,, վերտառությամբ ցուցահանդես և Մայր Տաճարի 110 ամյակին նվիրված դրոշմանիշի թողարկման պաշտոնական արարողությունը։


Ներկա էին թեմակալ առաջնորդ գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանի հրավերով Բուխարեստի առաջնորդանիստ Մայր Տաճարի 110 ամյակի միջոցառումներին մասնակցելու առիթով Ռումինիա ժամանած Հայ Եկեղեցու մի շարք թեմերի առաջնորդներ՝ Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Մարկոս եպս․ Հովհաննիսյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Աբգար եպս․ Հովակիմյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Հովակիմ եպս․ Մանուկյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Գրիգոր եպս․ Խաչատրյանը, որը նաև Վեհափառ Հայրապետի ներկայացուցիչն էր Մայր Աթոռի կողմից, Հունաստանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Խորեն եպս․ Առաքելյանը, Վրաստանի հայոց թեմի առաջնորդ գերշ․ Տ․ Կիրակոս եպս․ Դավթյանը, Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հոգևոր հովիվ հոգշ․ Տ․ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Ռումինիայի Կրոնից նախարար տիար Չիպրիան Վասիլե Օլինիչը, Ռումինիայի Սենատի փոխնախագահ տիար Միհայ Կոցետը, Արտաքին Գործերի նախարարի ներկայացուցիչ տիար Իուլիու Դրըգիչը, Ռումինիայի Ռոմֆիլատելիայի գլխավոր նախագահ տիար Գաբրիել Բուլումակը, Ռումինիայի Կրոնից նախկին նախարար տիար Վիկտոր Օպասկին, Մարդու իրավունքների, կրոնների և ազգային փոքրամասնությունների խնդիրներով Հանձնախմբի ղեկավար տիար Սիլվիու Ֆեոդորը, Եվրոպական Գործերի Հանձնախմբի նախագահ տիկին Դիանա Ստոիկան, Հայաստան-Ռումինիա Բարեկամական խմբի ղեկավար տիար Գրոզա Կըլին Ֆլորինը, Պատգամավորների Պալատի Ազգային Փոքրամասնությունների խմբի քարտուղար Շտեֆան Բոուդան, Սենատի Արտաքին Քաղաքականության Հանձնախմբի նախագահ Դըրլըու Անդրեյ Էմիլը, Բուխարեստի 6-րդ սեկտորի քաղաքապետ տիար Չիպրիան Չուկուն, Ռումինիայի հայոց միության նախագահ տիար Վարուժան Ոսկանյանը, Թեսալոնիկեում ՀՀ պատվոր հյուպատոս տիար Ակիս Դագազյանը, տարբեր եկեղեցիների և պետական հաստատությունների ներկայացուցիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Թեմական Պատգամավորական ժողովի անդամներ, թեմական ու ծխական խորհուրդների անդամներ, հյուրեր։

Գիրքը հրատարակվել է Նորին Սրբության Գահակալության 26-րդ տարեդարձի առիթով՝ նախաձեռնությամբ և օրհնությամբ թեմակալ առաջնորդի։ Գրքի գլխավոր խմբագիրը ռումինահայ նշանավոր լրագրող, թարգմանիչ տիկին Մադլեն Կարագաշյանն է, խմբագիրներն են գերշ․ Տ․ Տաթև եպս․ Հակոբյանը, արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանը և Ինեսա Թումասյանցը։ Այս հրատարակության նպատակն է ռումին ընթերցողին և ռումինահայությանը ծանոթացնել Ամենայն Հայոց Հայրապետին իր գրվածքների միջոցով՝ ռումիներեն թարգմանությամբ ներկայացնելով Գարեգին Բ կաթողիկոսի այն կոնդակները, քարոզները, ուղերձները, մտքերը, Հովվապետական այցերը, որոնք ուղղակիորեն կապված են ռումինահայ թեմի և համայնքի հետ, ինչպես նաև ազգային-եկեղեցեկան նշանավոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, Արցախի հիմնահարցը և այլն։ Գրքում ընդգրկված են նաև Վեհափառի Ռումինիա կատարած 3 Հովվապետական այցելությունները՝ 2000, 2008 և 2012թթ-ին։


Գրիքի նախաբանում թեմակալ առաջնորդը ներկայացնում է Վեհափառի գործունեության ուշագրավ դրվագներ՝ Նորին Սրբությանը ներկայացնելով որպես ,,Մեծ իրագործումների Հայրապետ,,՝ մասնավորապես նշելով․ ,,Ռումինահայությունը ժամանակին նախ պատիվն ունեցավ Ամենայն Հայոց կաթողիկոսության գահի համար Մայր Հայրենիք և Ս. Էջմիածին ուղարկել Վազգեն եպիսկոպոս Պալճյանին, ապա, «Հրաշափառի» հնչյունների ներքո Բուխարեստի առաջնորդանիստ Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցի առաջնորդելու Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին:Իր կարճատև հայրապետության ընթացքում Ռումինիա հայրապետական այցելությամբ հասցրեց լինել նաև երջանկահիշատակ Գարեգին Առաջինը։ Երիցս՝ 2000, 2008 և 2012թթ. Ռումինիա հայրապետական և հովվապետական այցելություն է ունեցել նաև Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, որպես Ս. Էջմիածնի լույսի կրողը և փոխանցողը: Երեք անգամ էլ Նորին Սրբությունը բարձրորեն ընդունվել ու եղբայրական ջերմ սիրով է պատվվել իրարահաջորդ ռումին երկու պատրիարքների՝ նախ երջանկահիշատակ Թեոկտիստ Առաջինի և ապա ներկայիս Դանիել պատրիարքի կողմից, 2008թ.: Հայրապետական այս այցելությունները ազգային-հոգևոր վերարթնության մի նոր լիցք են դարձել Ռումինահայության համար․․․։ Ամենայն Հայոց կաթողիկոսության գահ բարձրացած Հայրապետի տեսիլքի և իրականցվելիք ծրագրերի ազդարարողը դարձան 1700-ամյակի և Հայրապետական անդրանիկ կոնդակները, որոնք ուղենշեցին այն առաջնահերթությունները, որոնց լուծմանը բոլորանվեր պետք է նվիրվեր նորընտիր Հայրապետը:Մեզ՝ սփյուռքահայերիս, և հատկապես Սփյուռքի հոգևորականներիս համար, մեծ հպարտություն է տեսնել Գարեգին Բ-ի եկեղեցական ասպարեզում ունեցած միջազգային բարձր հեղինակությունը թե՛ Արևելյան քույր եկեղեցիների, թե՛ Արևմտյան կաթողիկե և թե՛ Ուղղափառ աշխարհում: Վերջինս առանձնակիորեն է կարևորվում Ռումինահայության համար, քանի որ Ռումին Ուղղափառ Եկեղեցին մեծ դիրք և հեղինակություն ունի Ռումինիայում, ուստի թե՛ Ռումին Պատրիարքների այցելությունները Սուրբ Էջմիածին և թե՛ Հայոց Հայրապետների այցելությունները Ռումինիա և եղբայրական ողջագուրումներն իրենց ուղղակի դրական արձագանքն են ունենում հայ համայնքից ներս։ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործունեությունում ասես արձագանքվում են Սահակ Գ Ձորափորեցի Հայրապետի (կթղ. 677-703թթ.) «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի հետևյալ խոսքերը. «Եկայք շինեսցուք զՍուրբ Խորանն լուսոյ»: 1999թ-ից մինչև այսօր, Նորին Սրբության գահակալության 26 տարիները եղան շինության, Հայ Եկեղեցու հոգևոր վերածննդի ու զարթոնքի շրջան, բարգավաճման ու բարեփոխումների շրջան` շնորհիվ Վեհափառի կողմից ներդրած ջանքերի և հետևողական ու նվիրյալ աշխատանքի,,:

Գիրքը հրատարակվել է թեմի ,,Զամկա,, հրատարակչությունում, Ռումինիայի հայոց միության աջակցությամբ՝ ,,Արարատ,, տպարանում։ Հայերենից ռումիներեն թարգմանությունները կատարել են արժ․ Տ․ Ավետիս քհն․ Մանդալյանը և արժ․ Տ․ Օշական քհն․ Խաչատրյանը։
Գրքի շնորհանդեսից հետո, Ռումանիոյ հայոց թեմի պատմության մեջ առաջին անգամը լինելով, տեղի ունեցավ Բուխարեստի առաջնորդանիստ Մայր Տաճարի 110 ամյակին նվիրված դրոշմանիշի պաշտոնական թողարկման արարողությունը, որից հետո հյուրերը կարողացան վայելել Մայր Տաճարին նվիրված ցուցահանդեսը, որն ընդգրկում էր տաճարի վերջին 110 տարիների պատմությունը, արխիվային կարևոր լուսանկարների ներկայացմամբ, ինչպես նաև վերջին տարիների մի շարք նշանակալի իրադարձությունների լուսանկարներ, տարբեր եկեղեցիների պատրիարքների այցելություններ, պաշտոնական և պետական կարևոր անձերի այցելություններ, ինչպես նաև համայնքային նշանակալի իրադարձությունների լուսանկարներ, որոնք լույս էին սփռում հայոց առաջնորդանիստ եկեղեցու առանցքային նշանակության վրա։ Ցուցահանդեսի պատրաստման համար օգտագործվել են լուսանկարներ տիար Էդուարդ Ժամկոչյանի ,,Բուխարեստի Հայոց Տաճարը,, գրքից, դիզայնը՝ Հրանտ Ջաղինյանի։
Ցուցահանդեսից հետո, ժամը 18-ին, Կրոնից նախարարության ֆինանսավորմամբ արտաքնապես վերանորոգված Մայր Տաճարում տեղի ունեցավ մեծն Կոմիտասին նվիրված համերգ՝ կատարմամբ Հայաստանից հրավիրված մեներգիչներ տիար Արսեն Ստեփանյանի (տենոր), Քնար Պետրոսյանի (մեցոսոպրանո), ինչպես նաև Բուխարեստից երեցկին Արմինե Խաչատրյանի (սոպրանո), որին իրենց մասնակցությունը բերեցին վերոնշյալ մեծարգո հյուրերը։
Ռումանիոյ հայոց թեմի մամլո դիվան










