ԱՊՐԻ Արմենիան (Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտը) «On Think Tanks»-ի կողմից ընդգրկվել է «100 վերլուծական կենտրոններ, որ արժե հետևել» ցուցակում՝ միանալով այնպիսի ճանաչված ինստիտուտների ցանկին, ինչպիսիք են «Brookings Institution»-ը, «Chatham House»-ը, «Istituto Affari Internazionali»-ը, «IFRI»-ն, «Bruegel», «the Stockholm International Peace Research Institute»-ը, and «ODI Global»-ը։
Այս ցուցակում ընդգրկվելը գործընկերների կողմից վերլուծական կենտրոնի փորձի, նորարարության և ազդեցության ճանաչման հավաստիքն է։ Այն արտացոլում է, թե ինչպես են վերլուծական կենտրոնները միմյանց տեսնում և ոգեշնչում որպես մի համայնքի մաս, որը կարևորում է փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը:
ԱՊՐԻ Արմենիան ստեղծվել է 2022 թվականին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից և Հայաստանում և ամբողջ աշխարհում տարբեր բարերարների աջակցությամբ՝ լրացնելու խորը վերլուծության, ռազմավարական երկխոսության և տվյալահեն քաղաքականության մշակման հարցերում առկա բացերը։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՊՐԻ Արմենիան դարձել է տարածաշրջանային և միջազգային ներգրավվածության վստահելի հարթակ: ԱՊՐԻ Արմենիայի ընդգրկումը այս հեղինակավոր ցանկում կարևորագույն նվաճում է մեր կենտրոնի ինստիտուցիոնալ զարգացման և միջազգային ճանաչման գործում:

Վերջին 3 տարիների ընթացքում ԱՊՐԻ Արմենիան կազմակերպել է 9 նշանակալի համաժողով Հայաստանում, Եվրոպայում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում՝ ներգրավելով ավելի քան 3,500 մասնակցի։ Մեր թիմը համագործակցում է աշխարհի տարբեր վերլուծական կենտրոնների հետ՝ աշխարհը ձևավորող իրադարձությունների վերաբերյալ հայկական տվյալահեն տեսակետն ու առաջատար վերլուծությունները ներկայացնելու համար:
ԱՊՐԻ Արմենիայի առաքելությունն է փոխել Հայաստանի զարգացման հետագիծը առավել կայուն, ամուր և ժողովրդավար ապագայի ուղղությամբ։ Մենք վստահելի երկխոսության, անկախ վերլուծությունների և հեղինակավոր գաղափարների կենտրոն ենք, որոնք հնարավորություն են տալիս լուծել կարևորագույն քաղաքական հարցերն ու բացահայտել Հայաստանի ներուժը լուծումների վրա հիմնված մտածելակերպով։
«Այս ճանաչումը ոչ միայն ձեռքբերում է, այլ նաև պատասխանատվություն», – նշել է ԱՊՐԻ Արմենիայի նախագահ Լարա Սեդրակյանը: «Մեր տարածաշրջանի համար այս կարևոր պահին այն վերահաստատում է մեր աշխատանքի արդիականությունն ու անհրաժեշտությունը: Մենք շարունակելու ենք ավելի ու ավելի եռանդուն աշխատել փաստերի վրա հիմնված քաղաքական մտածողությունը զարգացնելու մեր հանձնառությունը կատարելու ուղղությամբ»:
orer.eu




