ԱԺԲ-ի պատվիրակությունը Լոնդոնում
Սեպտեմբերի 8-ից մինչև 12-ը Ազգային–ժողովրդավարական Բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանը և դոկտոր Դավիթ Գրիգորյանը (Հարվարդի համալսարան) աշքատանքային այցով հրավիրված էին Լոնդոն՝ մասնակցելու ԱԺԲ-ի հասարակական կապերի վեսթմինսթերյան գործընկերների կողմից կազմակերպված պաշտոնական հանդիպումներին: Այս տարվա հունվար ամսին նման ծրագրային այցով Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք այցելել էր ԱԺԲ-ի Խորհրդի անդամ, դիվանագետ և ճանաչված քաղաքական գործիչ պարոն Արա Պապյանը։ Այդ աոիթով ԱԺԲ-ի համակիրների կողմից հանդիպում էր կազմակերպվել բրիտանահայ համայնքի հետ՝ ներկայացնելու Հայաստանի առջև ծառացած արտաքին և նեքին մարտահրավերների և ԱԺԲ-ի առաջարկվող ռազմավարական լուծումների քննարկմանը:
Սեպտեմբերյան այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԱԺԲ-ի պատվիրակության և Միացյալ Թագավորության Համայնքների և Լորդերի պալատների պատգամավորների (ներառյալ Մեծ Բրիտանիա-Հայաստան համակուսակցական խորհրդարանական խմբի համանախագահների), կրոնական ազատությունների պաշտպանության ներկայացուցիչների, իրավական փորձագետների, ԶԼՄ–ների ղեկավարների, վերլուծական կենտրոնների և Բրիտանիայի քաղաքական դաշտում ազդեցիկ անձանց հետ:
Սեպտեմբերի 12-ին տեղի ունեցավ նաև հանդիպում բրիտանահայ համայնքի և Ազգային–ժողովրդավարական Բևեռի համակիրների միջև, որտեղ պարոն Չուգասզյանը մեկնաբանեց Հայաստանի առջև ծառացած նորագույն խնդիրները նոր աշխարհակարգում՝ Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո:
Պարոն Չուգասզյանը, որ նույնպես քաղբանտարկյալ է եղել, նշեց, որ ԱԺԲ-ն դատապարտում է Փաշինյանի կառավարման բռնատիրական դրսևորումները՝ քաղաքական ձերբակալությունների աննախադեպ աճը, ազատ խոսքի սահմանափակումները, մշակույթի և կրթական համակարգի գրաքննությունը, Հայ Առաքելական Եկեղեցու՝ հայոց հնագույն կառույցի դեմ դատապարտելի քաղաքական արշավը:
Հիշեցնենք, ԱԺԲ-ի և Սասնա Ծռերի ինն անդամները մնում են ազատազրկված, որոնցից մեկն է ականավոր ռազմա-քաղաքական գործիչ, ԱԺԲ-ի Խորհուրդի անդամ, ՀՀ Զինված ուժերի գնդապետ և իրավաբան Վարուժան Ավետիսյանը։ Քսան տարուց ավելի նա հետապնդվել է Հայաստանի բռնատիրական քաղաքական համակարգի դեմ պայքարելու համար։
Ավետիսյանը Փաշինյանի ռեժիմի կողմից կրկին ձերբակալվել է 2022թ․ մայիսի 28-ին՝ Սասնա Ծռերի ապստամբությանը մասնակցելու մեղադրանքով։ Հակառակ վատ առողջությանը և բանտային ծանր պայմաններին, Ավետիսյանը շարունակում է իր ազգային-գաղափարական գործունեությունը, իսկ վերջերս հրատարակվել է բանտում գրված նրա <<ՀԱՅՔ>> խորագրով ծավալուն աշխատությունը։
Արվեստաբան Սեդա Անանյանը , ով ներկա էր երեկույթին՝ Գարեգին Չուքասզյանին նվիրեց իր հեղինակած գիրքը՝ նվիրված Կոստան Զարյանին, ինչը առիթ դարձավ անդրադառնալու մեծ բանաստեղծի ազգային գաղափարներին։

Չուքասզյանը նշեց, որ այժմ իր գործընկերն ու գաղափարակիցը բանտում ուսումնասիրում է Կոստան Զարյանի ազգային-հասարական հիմնարար գաղափարները, որոնք հիրավի հետևողականորեն դուրս են մնացել լայնածավալ քննարկումներից՝ հերթական ապազգային, դիլետանտ ռեժիմի սպասավորների կողմից։
Գարեգին Չուքասզյանը հայտնեց, որ Ազգային–ժողովրդավարական Բևեռը նպատակ ունի ընդլայնելու հասարակական-քաղաքական կապերը Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Եվրամիության երկրներում։ Այս համագործակցությունն ամուր քաղաքական և տնտեսական դաշինքներ կստեղծի արևմտյան երկրների հետ, քանի որ հայ ժողովուրդը ոչ միայն կիսում է եվրոպական մշակութային, պատմական և հոգևոր արժեքները, այլև հնագույն ժամանակներից եղել է արևմտյան քաղաքակրթության հիմքում:
Գարեգին Չուգասզյանի համոզմամբ Հայաստանը միջնորդական նշանակալի դեր կարող է խաղալ Մերձավոր Արևելքում՝ երկրների, ժողովուրդների և գաղափարախոսությունների միջև փոխշահավետության և վստահության մթնոլորտում։
Հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում պարոն Չուգասզյանը քննարկեց նաև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված պայմանավորվածությունները: Մինչդեռ Փաշինյանի ռեժիմը չունի երկրի առջև ծառացած մարտահրավերները հասկանալու կարողություն և Հայաստանը տանում է ճակատագրական սխալների, միակողմանի զիջումների և թուրք-ադրբեջանական աղետալի կախվածության ճանապարհով, ընդգծեց բանախոսը։
Իր ելույթում պարոն Չուգասզյանը շեշտեց քաղաքական վերնախավի, և ոչ միայն, հայոց պատմության և համաշխարհային փորձի խորը գիտելիքների իմացության ու վերլուծության անհրաժեշտությունը․ օրինակ Մխիթարյան հայրերի պատմա-մշակութային ներդրումը, որոնց գործունեության շնորհիվ 18-րդ դարից սկսած վերականգնվել, պահպանվել և զարգացել է հայոց հնագույն մշակութային ժառանգությունը:
Բանախոսն արձանագրեց, որ ցավոք սրտի հաճախ անտեսվում են հայ այնպիսի մեծագույն գործիչներ, ինչպիսին էր Կոստան Զարյանը՝ 20-րդ դարի մեծագույն մտավորականներից և գրողներից մեկը, ով այդպես էլ մնաց չգնահատված Խորհրդային Հայաստանում, մինչդեռ հիմա էլ՝ Հայաստանի երրորդ հանրապետությունում, նրա լուսավոր հանճարը շարունակում է ստվերում մնալ: ԱԺԲ-ի առանցքային նպատակներից մեկն է հայ հանրության մեջ խթանել և սերմանել ազգային արժեքների եւ հայրենասիրության գաղափարները՝ ազգային կրթական նոր ծրագրի միջոցով, հիմնված հայոց պատմական անցյալի խոր ուսումնասիրման և ըմբռնման վրա, որոնք էական և առանցքային են ազատ, անկախ և ազգային պետականություն ստեղծելու համար:
Պարոն Չուգասզյանի ելույթին հաջորդեց աշխույժ հարցուպատասխան ներկաների հետ, և քննարկումները կենտրոնացան Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների վրա, հարցերն ուղղված էին Հայաստանում քաղաքական հետապնդումների, 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի էթնիկ զտման, Ադրբեջանում ապօրինի պահվող հայ պատանդների ազատ արձակման, ինչպես նաև Հայաստանի արտախորհրդական ընդդիմության՝ երրորդ ուժի միավորմանը և մոբիլիզացիային:
Պարոն Չուգասզյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է համախմբում առողջ ընդդիմադիր ուժերի հետ, շարունակական համառ աշխատանք հիասթափված և թերահավատ քաղաքացիների մեծամասնությանը լուսաբանելու և միավորելու կարևորագույն ազգային արժեքների շուրջ, ինչպիսիք են կուռ պետականություն կառուցումը՝ ազգ-բանակ կարգախոսով, պատմա-մշակութային ժառանգության արժևորումր, Հայոց Ցեղասպանության ճանաչումը, հայոց քրիստոնեության և ազգային-ավանդական խորհրդանիշների պաշտպանությունը (օրինակ Արարատ լեռ, Արևմտյան Հայաստան և այլն)։
Առաջիկայում, որպես գործնականորեն ժողովրդավարական և խորապես ազգային գաղափարախոսության կրող Ազգային–Ժողովրդավարական Բևեռը (ԱԺԲ) կշարունակի իր արտաքին ռասզմավարությունը Լոնդոնի և Վաշինգտոնի քաղաքական, հասարակական և պետական շրջանակներում՝ ընդլայնելով նրանց պատկերացումները Հայաստանի պատմական, քաղաքակրթական, աշխարհագրական նշանակության մասին և ստեղծելով հիմքեր՝ նոր գաղափարական որակի և փոխշահավետ համագործակցության համար։
Հասմիկ Հարությունյան
Լոնդոն




