Գալուստ Կիւլպէնկեանի մահվան 70-րդ տարելիցը հիշատակվեց Լիսաբոնում

  • 22.07.2025
  • 0
  • 390 Views

Հովվական այց Լիսաբոն և մասնակցություն Գալուստ Կիւլպէնկեանի մահվան 70-րդ տարելիցին

Հուլիսին Լիսաբոնում անցկացվող՝ Գալուստ Կիւլպէնկեանի հիշատակին նվիրված ավանդական միջոցառումներին, որոնք այս տարի նշում էին հայազգի հայտնի գործարարի և բարերարի մահվան 70-րդ տարելիցը, կրկին հրավիրված էր մասնակցելու Գերշ. Տ. Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը։ Այս մասին հայտնում է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունը։

Ինչպես միշտ, այդ առիթով՝ հուլիսի 18-ի առավոտյան, Սրբազան Հայրը այցելեց Գալուստ Կիւլպէնկեան կենտրոն, որտեղ հանդիպում ունեցավ հիմնադրամի նախագահ Անտոնիո Ֆոյժոյի և հիմնադրամի հայկական բաժնի տնօրեն դոկտ. Ռազմիկ Փանոսյանի հետ։

Նույն օրը՝ São Sebastião da Pedreira եկեղեցում, տեղի ունեցավ կաթոլիկ եկեղեցական արարողություն՝ Գալուստ Սարգիս Կիւլպէնկեանի հոգու խաղաղության համար, որի ընթացքում Խաժակ Սրբազանը հանդես եկավ խոսքով և կատարեց «Հոգւոցն հանգուցելոց» աղոթքը։ Սրբազանը սկսեց իր ուղերձը խորին հարգանքի և գովեստի խոսքերով՝ ուղղված Գալուստ Կիւլպէնկեանին՝ «մարդու, որն ուներ տեսլական և առատաձեռն սիրտ, և ում գործը շարունակում է ներշնչել մեր սրտերն ու հասարակությունը։ Նա խորապես հավատում էր մշակույթի, կրթության և հասարակական պատասխանատվության ուժին»։

Սրբազան Հայրը իր խոսքում անդրադարձավ Ավետարանի ժայռի վրա կառուցված տան առակին (Մատթ. 7:24–27), որը ներկայացրեց որպես պատկերավոր համեմատություն հիմնադրամի գործունեության հետ, որ մինչ օրս կառուցվում է իր հիմնադրի սկզբունքների վրա․ «Այն ժայռը, որի վրա շարունակում եք կառուցել, հենց Գալուստ Կիւլպէնկեանի ժառանգությունն է՝ նվիրվածություն մշակույթին, կրթությանը, նորարարությանը և մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքին։ Այս արժեքները անցողիկ չեն․ դրանք հավերժ ճշմարտություններ են, որոնք ուղղորդում են ձեր առաքելությունը»։

Խաժակ Սրբազանը գովեստով խոսեց հիմնադրամի գործունեության մասին՝ նշելով, որ այն նախագահ Ֆոյժոյի առաջնորդությամբ կարողացել է նորարարությունը համադրել հիմնադրի արժեքներին հավատարմության հետ։ Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր նախաձեռնություն պետք է գնահատել այս հարցի լույսի ներքո՝ «արդյո՞ք այս կամ այն որոշումը արտահայտում է այն տեսլականը և հույսը, որ Կիւլպէնկեանը թողել է մեզ՝ որպես մարդկային առաջընթացի պատգամ»։

Ելույթի կարևոր պահերից էր ապագա սերունդների նկատմամբ ունեցած պատասխանատվության շեշտադրումը․ «Ձեր ծրագրերից օգտվող երիտասարդները պետք է կարողանան այդ միջոցառումներում զգալ Կիւլպէնկեանի արժեքների կենդանի շունչը։ Այդ կերպ հիմնադրի պատգամը և թողած ժառանգությունը կգոյատևեն ժամանակին ընդառաջ»։

Արարողությունն ավարտվեց հանդիսավոր աղոթքով՝ Գալուստ Կիւլպէնկեանի հոգու խաղաղության համար։ Սրբազանի եզրափակիչ խոսքը կոչ էր՝ շարունակել հիմնադրի նախանշած ուղին՝ հույսով, հաստատակամությամբ և նվիրվածությամբ։

Երեկոյան Սրբազանը մասնակցեց հիմնադրամի նվագախմբի տոնական համերգին։

Հաջորդ օրը Սրբազան Հայրը մկրտեց տեղի հայ համայնքի երկու չափահաս անդամների։

Իսկ կիրակի՝ հուլիսի 20-ին, քաղաքի և շրջակա վայրերի հայ հավատավորները մեծ գոհունակությամբ մասնակցեցին Սան Սեբաստիան դա Պեդրեյրա եկեղեցում նրա ձեռամբ մատուցված Սուրբ Պատարագին՝ նվիրված Պայծառակերպության (Վարդավառի) տոնին, որը Հայ Եկեղեցու տոնացույցով նշվում է հուլիսի 27-ին։ Սրբազան Հորը սպասարկեց Իսպանիայում և Պորտուգալիայում հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․Թորոս Քահանա Եսայանը։

Սուրբ Պատարագից հետո համայնքի անդամները համախմբվեցին եկեղեցու բակում կազմակերպված տոնական սեղանի շուրջ՝ Սրբազանի և միմյանց հետ ջերմ ու մտերիմ մթնոլորտում շփվելու համար։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում