Հայ նկարիչները ֆրանսիական բիենալեում եւ ցուցահանդեսներում

  • 29.06.2025
  • 0
  • 594 Views

Հունիս ամիսը Ֆրանսիայում եղանակային շոգ օրերին զուգընթաց սկսվեց հայկական ցուցահանդեսային ակտիվությամբ։ Երկրի տարբեր քաղաքներում մեկը մյուսի հետեւից բացվեցին մի քանի ցուցահանդեսներ, որոնց մասնակցում էին կերպարվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող մի քանի  տասնյակ արվեստագետներ Հայաստանից եւ սփյուռքից։

Առաջին ցուցահանդեսը  մայիսի 22-ին էր՝ վերջերս Կապանին քույր քաղաք դարձած Սենթ Էտիենում։ Այստեղ 13-րդ անգամ անցկացվում է  Դիզայնի միջազգային հեղինակավոր բիենալեն։ Բիենալեի այս տարվա պատվավոր հյուր-երկիրը Հայաստանն էր։ Հայկական տաղավարում ներկայացված նախագիծը կոչվում է «Ծալք ու ծավալ. ստեղծագործել Հայաստանում»։ 

Նախագծի համադրողներն են Նայիրի Խաչատուրյանը, Ժան Ֆրանսուա Դինքիջեանը եւ Էլուա Շաֆայը։ Բիենալեն կտեւի մինչեւ հուլիսի 6-ը, որին մասնակցում են հայ արվեստագետներ Սարգիս Անտոնյանը, Շանթ Շարոյանը, Մովսէս Տէր Գևորգեանը, Դավիթ Քոչունցը, Անուշ Ղուկասյանը, Արսեն Կարապետյանը, Նորո Խաչատրյանը, Խորեն Մաթևոսյանը, Արﬕնե և Աշոտ Սնխչյանները, Գայանե Սոֆոյանը, Արիգա Թորոսյանը, Փիրուզա Խալափյանը, Triniti Studio-ն, TUMO-ն, AHA collective-ը, ICA Yerevan-ը, Berq Studio-ն, ինչպես նաեւ Հռիփսիﬔ Սիմոնյանի (1916–1998) եւ Կամո Նիգարյանի (1950–2011) աշխատանքները։

Հաջորդը, պատմական Լոտարինգայի Ուքսենիե բնակվայրի նախկին կարի ֆաբրիկայի շենքում հունիսի 7-29-ը անցկացվեց 7 հայ արվեստագետների մասնակցությամբ խոշոր ցուցադրություն՝ «Երազների դաշտ» ընդհանուր խորագրի ներքո։ Նրանք ժամանել էին Ֆրանսիայից, Հայաստանից եւ Մեքսիկայից։  Նկարիչները համատեղ ջանքերի շնորհիվ գեղարվեստական հետաքրքիր լուծումներով, ստեղծագործաբար «յուրացրեցին» նախկին ֆաբրիկայի ահռելի տարածքը՝  վերածելով այն լիրիկական ու գունեղ բնանկարի, համապատասխանեցնելով ցուցահանդեսի անվանմանը։

Ցուցադրության համադրողն է Նանսի քաղաքում բնակվող գյումրեցի արվեստագետ Արման Թադեւոսյանը, որը նաեւ  Գյումրիում անցկացվող ամենամյա միջազգային ARTWEEK փառատոնի նախաձեռնող համահիմնադիրներից է։

Ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին Գագո Չթչյանն ու Արտակ Թադեւոսյանը, Մեքսիկայից Հերմին Դեմիրոն, իսկ ֆրանսիաբնակ հայ մասնակիցներն էին Արման Թադեւոսյանից բացի, Լեւոն Ավան եւ Սիրարփի Միքայելյանը Ստրասբուրգից, ինչպես նաեւ Լիոնցի արվեստագետ Արտուշ Մկրտչյանը։

Լիոնի կենտրոնում գտնվող Բուլուքյան հիմնադրամի ցուցասրահներում հունիսի 6-ից մինչեւ հուլիսի 18-ը կգործի «Հյուսված տարածքներ» խորագրով մեծածավալ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Բուլուքյան հիմնադրամը եւ Լիոնի դեկորատիվ արվեստների եւ գործվածքի թանգարանը։ Համադրողներն են Ֆաննի Ռոբինը եւ Նայիրի Խաչատուրյանը։

Տարբեր տեխնիկաներով հիմնականում  գործվածքների եւ փափուկ նյութերի կիրառմամբ ստեղծագործությունները հյուսում են զգայական պատմություններ հայկականության, Հայաստանի բնության եւ ստեղծագործողների ներքին ապրումների շուրջ։ Մասնակիցներն են Մելիք Օհանյանը, Դավիթ Քոչունցը, Արաքս Սահակյանը, Ալեքսիս Պոլը, Խորեն Մաթեւոսյանը եւ Սիլվինա Տեր-Մկրտչյանը եւ ՀԷրա Բույուկտաշչյանը։

Հայաստանի ավանգարդ արվեստի ավագ սերնդի վարպետներից ՎԱԶՕ-ի (Վազգեն Պահլավունի-Թադեւոսյան) ցուցահանդեսն է ընթանում Լիոնի 5-րդ՝ ամենահին պատմական թաղամասի քաղաքապետարանի ցուցասրահում։

ՎԱԶՕ-ն իր «Ֆրագմենտներ» ընդհանուր խորագրով ցուցադրությամբ պարբերաբար ներկայացնում է  տարբեր ժամանակահատվածներում տարբեր ոճերով ու տեխնիկաներով արված իր գործերից, որոնք հնարավորություն են ստեղծում նոր ու թարմ հայացք գցել արվեստագետի ստեղծագործական որոնումների վրա։

Սեփական թղթակից

Ֆրանսիա

Orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում