Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի հոբելյանական 100-րդ համարը

  • 29.05.2025
  • 0
  • 884 Views

Խմբագրականի փոխարեն

Սիրելի ընթերցող, վերջապես կարդում եք ՕՐԵՐ-ի 100-րդ հոբելյանական համարը, որը տեխնիկական պատճառներով 2024 թվականի փոխարեն լույս է տեսնում 2025-ին։ Այս համարում անդրադառնում ենք ամսագրի 25-ամյակին նվիրված հայ եւ չեխ անվանի մշակութային գործիչների մասնակցությամբ Երեւանում եւ Պրահայում կայացած հոբելյանական երեկոներին։

Եվրոպայի հայկական համայնքները ավանդական շարքի ներքո այս անգամ ներկայացնում ենք Վատիկանի եւ հայության կապերը, չօգտագործելով «Հայերը Վատիկանում» խորագիրը, քանի որ այդ քաղաք-պետությունում բացի հոգեւորականներից, սովորական քաղաքացիներ չեն բնակվում£ Փոխարենը աշխատում են հայեր, որոնց մասին կտեղեկանաք, եթե կարդաք մեր ծավալուն հոդվածը։ Բնականաբար անդրադարձել ենք նաեւ Վատիկանի հետ մեր հոգեւոր եւ պետական կապերին, ինչպես նաեւ վերջին շրջանում պապական համալսարանում տեղի ունեցած ադրբեջանական «գիտաժողովին»։ Անչափ շնորհակալ ենք  Ռադիո Վատիկանի-Վատիկան նյուզի հայկական բաժանմունքի տնօրեն Ռոպէր Աթթարեանին՝ հոդվածի պատրաստմանը ցույց տված անգնահատելի աջակցության համար։

Այս համարում տեղ են գտել հարցազրույցներ հայ մշակույթի այնպիսի հայտնի գործիչների հետ, ինչպիսիք են՝ սոպրանո Հասմիկ Պապյանը, երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյանը, դաշնակահար Եվա Գեւորգյանը, մեցցո-սոպրանո Նորա Սուրուզյանը, դաշնակահար Լեւոն Կարապետյանը, արձակագիր Նարինե Աբգարյանը, կինոռեժիսոր Արամ Մանուկյանը։

Առանձին հոդվածով անդրադարձել ենք հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանի բրիտանական ելույթներին։ Ֆրանսահայ Վարդան Գաբրիելյանի հետ հարցազրույցը նվիրված է հայկական նոր սոցիալական հարթակի՝ «Միասին»ի ստեղծմանը։ Հայտնի հեռուստալրագրող Ռաֆայել Հովհաննիսյանի եւ ֆրանսահայ միջազգայնագետ Ռուբեն Կուլակսզյանի հետ հարցազրույցները նվիրված են հայկական աշխարհի մասին նրանց հրատարակած բացառիկ գրքերին։ Սլովակիայում ՙՏարվա գործարար՚ ճանաչված Արթուր Գեւորգյանի հետ հարցազրույցը ծանոթացնում է հայ ձեռներցի անցած ճանապարհին։

ՕՐԵՐ-ի ավանդական դարձած խորագիրները պատմում են անցյալ տարվա ընթացքում Չեխիայում կատարված կարեւոր ձեռնարկների մասին։

Մաղթում ենք հաճելի ընթերցում։

ՕՐԵՐ

Բաժանորդագրվե՛ք ՕՐԵՐ եւ ստացեք ձեր փոստարկղում։

hakob@orer.cz

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում