Բուխարեստում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը

  • 29.04.2025
  • 0
  • 470 Views

Ապրիլի 27-ին Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանը մասնակցել են նաև Ռումին Ուղղափառ Եկեղեցու և կրոնական այլ ներկայացուցիչներ, Հայոց ցեղասպանությունը ճանաչած մի շարք բարեկամ երկրների դեսպաններ և դիվանագետներ։ Ձեռնարկներին մասնակցել են Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը։

Ներկաներին ուղղված իր ուղերձում դեսպան Գալստյանը կարևորել է հավաքական գիտակցության մեջ հայերի, որպես ցեղասպանության դեմ հաղթանակած և ինքնիշխանություն վերգտած ժողովուրդ լինելու փաստի ամրագրումը՝ շեշտելով, որ Սուրբ Նահատակների հիշատակը հարգելու լավագույն ուղին Հայոց անկախ պետականության զորեղացումն է, և դրա սահմաններից դուրս՝ վերապրածների սերունդների հայապահպանությունը։

Ելույթներով հանդես են եկել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Վարլաամ եպիսկոպոսը և Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը։

Արարողության ավարտին Մայր տաճարի տարածքից բաց են թողնվել սպիտակ աղավնիներ՝ ի նշան խաղաղության, որպեսզի այլևս երբեք մարդկությունն ականատես չլինի ցեղասպանության արհավիրքին։

Ապրիլի 24-ին և դրան հաջորդող օրերին Բուխարեստում և Ռումինիայի մի շարք այլ հայաշատ քաղաքներում անցկացվել են տասնյակից ավելի հիշատակի միջոցառումներ։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում