Հայոց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցի ոգեկոչումը Ֆրանկֆուրտում

  • 29.04.2025
  • 0
  • 438 Views

26 Ապրիլ 2025-ին, Ֆրանկֆուրտի «Paulskirche» հանդիսասրահում, տեղի ունեցաւ Հայաց Ցեղասպանութեան 110-րդ տարելիցը ոգեկոչող Գերմանահայ համայնքի կենտրոնական ձեռնարկը, որը կազմակերպել էին Հայ Եկեղեցու Գերմանիայի Թեմը եւ Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը։

Յուշ-Երեկոն սկսուեց Ֆրանկֆուրտ քաղաքի ներկայացուցիչ դոկտոր Բաստիան Բերգերհոֆի ողջոյնի խօսքով։ Պարոն Բերգերհոֆը Ֆրանկֆուրտի գլխավոր քաղաքապետի անունով ներկաներին ողջունելուց յետոյ, իր խօսքում շեշտեց յիշողութեան կարեւորութիւնը՝ պատմական ճշմարտութիւնը պահպանելու եւ ներկայիս խաղաղ ու արդար համակեցութեան համար:

Յուշ-Երեկոյի բացումը կատարեց Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ատենապետ Յովնաթան Շպանգենբերգը։ Նա կազմակերպիչների անունից ներկաներին ողջունելուց յետոյ, իր խօսքում կոչ արեց պահպանել Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշողութիւնը եւ պայքարել նրա ժխտման բոլոր ձեւերի դէմ։ Գերմանիան՝ որպէս Ցեղասպանութեան մեղսակից պետութիւն, 2016 թուականի Գերմանական Բունդեսթագի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ոգուն համապատասխան, պէտք է պահանջի եւ նպաստի, որպէսզի Թուրքիան ընդունի եւ դատապարտի մարդկութեան դէմ գործուած այս ոճիրը եւ յստակ ու գործնական քայլերի ձեռնարկի պահպանելու իր տարածքում գտնուող հայկական բազմադարեան ժառանգութիւնը եւ հայերի համար հասանելիութիւնը։ Պարոն Շպանգէնբերգը ուշադրութիւն հրաւիրեց նաեւ վերջին տարիների ընթացքում Արցախ/Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ կիրարկուած ադրբեջանական ոճրագործութիւններին եւ էթնիկ զտումներին, կոչ արեց գերմանական իշխանութիւններին՝ ադրբեջանական իշխանութիւններից պահանջել Բաքւում պահուող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ ԳԿԽ-ի ատենապետը կարեւորեց նաեւ Հայոց ցեղասպանութեան նիւթի ներառումը գերմանական կրթական ծրագրերում։

Յուշ-Երեկոյի հիմնական բանախօսն էր գերմանացի յայտնի իրաւագէտ, համալսարանական պրոֆեսոր Օթթօ Լուխթերհանդթը։ Նա իր խօսքում յիշեց ոչ միայն 1915 թուականի Հայոց ցեղասպանութիւնը, այլեւ զուգահեռներ անցկացրեց Անդրկովկասում ծաւալուող ներկայի իրադարձութիւնների եւ Ադրբեջանական վարչակազմի վարած հայատեաց քաղաքականութեան միջեւ։ Քաղաքականութիւն, որը հանգեցրեց Արցախի հայ բնակչութեան փաստացի էթնիկ զտման։ Նա խստօրէն քննադատեց միջազգային հանրութեան ձախողումը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդիւնաւետ պաշտպանութիւնն ապահովելու հարցում եւ կոչ արեց այսօր էլ վճռականօրէն պաշտպանել բռնի տեղահանութեան ենթարկուած բնակչութեան իրաւունքները։ Տեղահանումն ու բռնի արտաքսումը երբէք չպէտք է ընդունելի լինեն՝ ո՛չ անցեալում, ո՛չ էլ այսօր։

Յուշ-Երեկոյի յուզիչ պահերից էր գերմանահայ դերասանուհի Աննա Փֆինգստէն-Սահակեանի կողմից ընթերցուած ցեղասպանութիւնը վերապրած հայ կնոջ յիշողութիւններից հատուածները, որ կրում էր «Ես յիշում եմ ամէն ինչ» խորագիրը։

Յուշ-Երեկոյի երաժշտական բաժինը յանձն էին առել երգչուհիներ Մարիա Խաչատուրեան-Շպանգէնբերգը եւ Թալին Չոբանեանը։ Կոմիտաս Վարդապետի ստեղծագործութիւններից բացի նրանք կատարեցին Արեւմտեան Հայաստանի տարբեր գաւառների ժողովրդական երգեր՝ արարողութեանը հաղորդելով առանձնայատուկ յուզիչ մթնոլորտ։

Յուշ-Երեկոն եզրափակուեց Թեմիս առաջնորդ գերաշնորհ տէր Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանի յիշատակի խօսքով։ Առաջնորդ Սրբազանը, նկատի ունենալով, որ դեռ գտնւում ենք Քրիստոսի յարութեան շրջանի առաջին շաբաթուայ մէջ, «Քրիստոս յարեաւ ի մեռելոց» աւետիսը յղեց ներկաներին՝ յիշեցնելով Տիրոջ հրաշափառ յարութեան միջոցով կեանքի, լոյսի եւ յոյսի յաղթանակը մահուան ու խաւարի նկատմամբ։ Առաջնորդ սրբազանը նոյնպէս անդրադարձաւ յիշողութեան կարեւորութեանը․ «Հայոց ցեղասպանութիւնը՝ մարդկութեան եւ մարդկայնութեան դէմ գործուած այս ոճրագործութիւնը, յարձակում էր ոչ միայն մի ամբողջ ժողովրդի, այլ նաեւ նրա հաւատքի, մշակոյթի եւ արժանապատւութեան դէմ։ Ցեղասպանուած բիւրաւոր մարդիկ իրենց կեանքից բռնի կերպով զրկուեցին միայն այն պատճառով, որ նրանք այն էին, ինչ էին, միայն այն պատճառով, որ հաւատում էին նրան, ում հաւատում էին․․․ Ցեղասպանութեան յիշատակն ու յիշատակումը պէտք չէ լռութեան մատնուի։ Որովհետեւ այնտեղ, որտեղ հիշատակը լռում է, սկսւում է մոռացութիւնը, իսկ որտեղ մոռացւում է, կրկնուելու վտանգն է առաջանում։ Այսօր՝ 110 տարի անց, մենք կրկին պէտք է վկայենք Արցախ/Լեռնային Ղարաբաղի մեր եղբայրների եւ քոյրերի համար, որոնք բռնութեան ու տեղահանութեան զոհ դարձան։ Ծանր սրտով տեսնում ենք, թե ինչպէս է բռնազաւթուած Արցախում օտարներին վերագրւում, պղծւում ու ոչնչացւում հազարամեակների պատմութիւն ունեցող հայկական մշակութային ժառանգութիւնը՝ եկեղեցիներ, վանքեր, խաչքարեր, գերեզմանոցներ։ Սա յարուած է ոչ միայն քարերին, այլեւ պատմութեանը, ինքնութեանը եւ մի ողջ ժողովրդի մշակութային-հոգեւոր ժառանգութեանը։ Սա լոկ քաղաքական ճգնաժամ չէ, սա նաեւ հոգեւոր մարտահրաւէր է։ Եթէ մենք լռենք, չարին աւելի լայն հնարաւորութիւն կ’ընծայենք։ Հետեւաբար ես հրաւիրում եմ մեզ բոլորիս՝ պահել յիշողութիւնը աղօթքով եւ արդարութեան համար պաքարով․․․»։

Խօսքի աւարտին Սերովբէ սրբազանը, Գերմանիայի Միջեկեղեցական Կենտրոնական Խորհրդի նորընտիր ատենապետ վերապատուելի Քրիստոֆէր Իսթհիլլի եւ շրջանի հոգեւոր հովիւ Տէր Վահրիճ քահանայի մասնակցութեամբ, կատարեց Սրբոց Նահատակաց բարեխօսական կարգ։

Յուշ-Երեկոյին ներկայ էին Հեսսէն երկրամասի պատգամաւորներ, Ֆրանկֆուրտի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներ, թեմական եւ համայնքային մարմինների ներկայացուցիչներ, հայ եւ օտար շուրջ երեք հարիւր անձեր։

Դիւան Առաջնորդարանի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում