Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան

  • 26.03.2025
  • 0
  • 340 Views

«Ինչ գործողությունների ծրագիր է մշակել ՀՀ կառավարությունը գերիների վերադարձի ուղղությամբ»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

 Մինչ այդ, պատգամավորը թվարկեց միջազգային կառույցների և այլ պետությունների ընդունած որոշումներն ու հայտարարությունները, որոնք փաստում են, որ Արցախի հարցը փակված չէ։

«Գերիների վերադարձի մասով ես նոր բան չունեմ ասելու, որովհետև այն գործիքակազմը, որը շարունակում ենք կիրառել և ապագայում էլ պետք է շարունակենք կիրառել, շատ կարևոր հարց է, որը մեզ անհանգստացնում է՝ որպես հումանիտար, քաղաքական հարց, որպես կարևոր թեմա տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու վերաբերյալ»,-պատասխանեց Փաշինյանը։

 Անդրադառնալով զիջումների մասին Գալստյանի դիտարկմանը՝ Փաշինյանն ասաց, թե համաձայնագրում չկա մի կետ, որը պարտավորություն է առաջացնում Հայաստանի համար և պարտավորություն չի առաջացնում Ադրբեջանի համար։

Նա հայտարարեց, թե պետք է ավելի լավ ճանաչեն այն աշխարհը որտեղ ապրում ենք և այն կանոնները որով առաջնորդվում  ենք։

 «Վերջին տարիներն հեց այս նպատակին են ծառայել, որպեսզի մենք տեսնենք , թե որտեղ է, որ մենք բավարար չափով չենք ճանաչում այն միջավայրը որում գործում ենք և ինչ պետք է անենք, որպեսզի…»,-ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի բացակայության ժամանակ նրա հեռախոսը դահլիճում սկսեց զանգել և Փաշինյանը ընդհատեց խոսքը՝ հավելելով որ ամեն ինչ ասաց։

Լիլիթ Գալստյանը արձանագրեց, որ անպատասխան զանգն օգնեց Փաշինյանին դադարեցնել ոչինչ չասող խոսքը։

 Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ Միջազգային հայցերը հետ վերցնելով, թուլացնում են Հայաստանը։

 «Ինչու չի գործում փոխադարձության սկզբունքը, դուք հրաժարվում եք բոլոր գործիքներից, որոնք մեզ ուժեղացնում են, հետո ասում եք, թե ոչինչ չեք զիջում և հետո մենք ունենում ենք այն դատավարությունը, որը միջազգային լեզվով ապօրինի է գնահատվում, և դուք կարծես թե կոնկրետ ասելիք չունեք»,- հայտարարեց Գալստյանը և նշեց, թե արդեն 4-րդ անգամ է հարցնում, թե գերիների վերադարձի մասով ՀՀ կառավարությունն ինչ գործողության ծրագիր ունի։

Փաշինյանն արձագանքեց, թե հայցերի հետ վերցնելու պահն ուժի մեջ է մտնում համաձայնագիրը ստորագրելուց և վավերացելուց հետո։

«Ֆունդամենտալ հարցն այն է, թե մենք ՝ ՀՀ-ն,  Հայաստանի ժողովուրդն ուզո՞ւմ է շարունակել Ղարաբաղյան շարժումը, թե՞ չի ուզում շարունակել։ Ես ազնիվ գտնված չեմ լինի, եթե այս ամբիոնից իմ կարծիքը շատ ուղիղ չասեմ այն արձանագրումներից հետո, որոնք արել եմ հենց այս ամբիոնից կառավարության զեկույցների ժամանակ, ասելով, թե ինչպես է օգտագործվել Ղարաբաղյան  շարժումը Հայաստանի պետականության չկայացման ճանապարհին և ես առանց սեթևեթանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել, որ ես կարծում եմ, որ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք  և այն խաղաղությունը,  որի ճանապարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է, պարզապես ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի։

Աղբյուր՝ Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Նիկոլ Փաշինյան panorama.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում