
Մարտի 3-ին Լիոնի քաղաքային խորհրդի նիստերի դահլիճում անցկացվեց «Համախմբում Հայաստանի համար և ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի» խորագիրը կրող երկրորդ աշխատաժողովը, որը նախաձեռնել էին Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և Լեռնային Ղարաբաղի հարցով միջազգային տեղեկատվական խմբի նախագահ Էթիեն Բլանը: Աշխատաժողովի նպատակն էր շարունակել 2024թ. մայիսի 14-ին Սենատում կազմակերպված քննարկումը, որը նվիրված էր ֆրանսիական և Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից Հայաստանում ապաստանած ԼՂ բնակչությանը հատկացվող աջակցության աշխատանքների համակարգմանը:
Աշխատաժողովն անցկացվեց Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի պատվո նախագահությամբ ներքո և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Ն.Գ. Արման Խաչատրյանի աջակցությամբ: Մասնակցում էին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին աջակցություն ցուցաբերող ֆրանսիական կառույցների, մասնավորապես Ֆրանսիայի Սենատի, Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ապակենտրոնացված համագործակցության, տարածքային միավորների և ֆրանսիական հաստատությունների, ինչպես նաև ֆրանս-հայկական միությունների ներկայացուցիչները:
Բացման խոսքերով հանդես եկան Լիոնի քաղաքապետի տեղակալ, Ֆրանսիայի Միավորված քաղաքներ կառույցում Հայաստանի խմբի նախագահ Սոնյա Զդորովցոֆֆը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Օլիվիե Դըկոտինյին: Ֆրանսիայում ԼՂ ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը ներկայացրեց «Սատար Արցախին» ասոցիացիայի գործունեության նպատակները։ Կլոր սեղանների ձևաչափով ընթացան քննարկումներ` ԼՂ-ից տեղահանվածների առողջապահության, կեցության, մասնագիտական կրթության, իրավաբանական աջակցության, ինտեգրման ու վերադարձի իրավունքի, ժառանգության և մշակույթի պահպանման հարցերի վերաբերյալ:
Աշխատաժողովը եզրափակվեց Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Նիկոլյանի և Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոնյա Զդորովցոֆֆի ելույթներով:
Գլխավոր հյուպատոսը շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին, սենատորներ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին և Էթիեն Բլանին աշխատաժողովի նախաձեռնության, ինչպես նաև Լիոնի քաղաքապետարանին՝ այն հյուրընկալելու համար։ Նա բարձր գնահատեց Ֆրանսիայի կառավարության, տարածքային միավորների, պետական ու հասարակական մարմինների և Ֆրանսիայի հայկական կառույցների աջակցությունը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Գլխավոր հյուպատոսը ներկայացրեց տարածաշրջանում խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերը՝ անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, խոսեց ԼՂ-ից տեղահանվածների կարիքների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի մասին՝ կարևորեցով այդ հարցում միջազգային գործընկեր երկրների ու կառույցների աջակցությունը:
