
Մարտի 4-ին Իտալիայի Կարրարա քաղաքի քաղաքապետարանի շենքում անցկացվեց Մարտա Տոնջանիի՝ Երևան և Կարրարա քաղաքների քույրացման 60-ամյակին նվիրված «Կարրարան կանչում է Երևանին» գրքի շնորհանդեսը:
Ինչպես հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանությունից, ելույթներով հանդես եկան Կարրայի քաղաքապետ Սերենա Արրիգին, քաղաքապետի մշակույթի հարցերով խորհրդական Ջեա Դացցին, դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանը, երկու քաղաքների քույրացման ժամանակաշրջանի Կարրարայի քաղաքապետ Մաուրիցիո Մարտինելլիի որդի Ֆիլիպպո Մարտինելլին, Կարրարայի նախկին քաղաքապետ Ալբերտո Պինչոնեն, քանդակագործ Վիգեն Ավետիսը և այլք:
Գրքի հեղինակը հանգամանալից ներկայացրեց Երևանի և Կարրարայի քույրացման օրվանից մինչ այսօր երկու քաղաքների միջև համագործակցության ողջ պատմությունը:
Պրոֆեսոր Կանեզին ներկայացրեց հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
Միջոցառմանը ներկա էին Կարրարայի գիտնականներ, խմբագիրներ, լրագրողներ, Einaudi զբոսաշրջային ինստիտուտի և Մարմարի մշակման դպրոցի շուրջ 30 աշակերտներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, Կարրարայի բնակիչներ:
Դեսպանության խորհրդական Մարիետա Ստեփանյանի և Կարրարայի քաղաքապետի միջև կայացած հանդիպմանը քննարկվեցին Երևանի և Կարրարայի միջև համագործակցության խորացման հեռանկարները:
Այցելություն կազմակերպվեց 1967թ. Երևանի կողմից Կարրարային նվիրաբերած խաչքար-հուշարձանին:
orer.eu





