Օպերային արվեստի տոն Պրահայում՝ Ջուլիանա Գրիգորյանի եւ Ամարտուվշին Էնխբատի հիանալի մատուցմամբ

  • 01.03.2025
  • 0
  • 186 Views

Ի՞նչը կարող էր միավորել մեկ համերգային ծրագրում  հայ եւ մոնղոլ օպերային երգիչներ՝ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանին եւ բարիտոն Ամարտուվշին Էնխբատին։ Հավանաբար կասեք երաժշտությունը, եւ սխալված չեք լինի։ Բայց երաժշտությունից զատ, նրանց միավորում է եւս երկու կարեւոր իրողություն։ Ե՛վ Ամարտուվշինը, ե՛ւ Ջուլիանան հաղթել են «Օպերելիա» միջազգային մրցույթում, առաջինը՝ 2012 թվականին, իսկ երկրորդը՝ տասը տարի անց։ Երկուսն էլ սրընթաց անցնում են համաշխարհային օպերային արվեստի վերելքի ճանապարհով եւ շարունակում են գրավել երաժշտասեր հանրության  ուշադրությունը։

Ամենակարեւոր հանգամանքը, որ զգացվում էր փետրվարի 28-ին Պրահայի Սմետանայի շքեղ դահլիճում կայացած համերգում, նրանց բնական կատարումն էր՝ առանց ավելորդ ճիգերի, ցուցադրականության եւ միայն երգով ապրելու կատարյալ զգացողությամբ։

Ծրագիրը հետաքրքրական էր, կազմված էր հիմնականում իտալական կոմպոզիտորների օպերաների հանրահայտ արիաներից՝ Պուչինիից, Վերդիից, Բելինիից, Լեոնկավալոյից, Ցիլեայից, Ջիորդանոյից, բայց հնչեց նաեւ չեխ հանրահայտ կոմպոզիտոր Դվորժակի «Ջրահարսը» օպերայի ամենասիրված ու տարածված՝  լուսնին նվիրված արիան, որ փայլուն կատարեց Ջուլիանան։

Իհարկե, մեծ պատասխանատվություն է չեխ հանդիսատեսին հրամցնել Ջրահարսի կերպարը, սակայն ի պատիվ Ջուլիանայի պետք է նշել, որ թե՛ իր հնչեղ ու նրբագեղ ձայնի, եւ թե՛ զգացմունքային խաղի առումներով այս կատարումը գերազանցեց նախորդներին։ Իսկ ես Ջուլիանայի կատարմամբ այս արիան նախկինում լսել էի առնվազն երեք անգամ, նախ չեխական Բռնոյում՝ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ, ապա Պրահայի Ռուդոլֆինումում, իսկ վերջին անգամ Երեւանում՝ Դոմինգոյի հետ համատեղ համերգին։ Առանց չափազանցության Սմետանայի դահլիճում հնչած կատարումը գերազանցեց նախորդներին։ Տարիների ընթացքում այն կարծես թրծվել էր, հասունացել էր իբրեւ կերպար, եւ ստիպում էր ապրումակցել Ջրահարսին։ Ուստի պատահական չէր նաեւ դահլիճի ջերմ անդրադարձը՝ կեցցեներ, բրավոներ եւ անդադար ծափեր։

Նույնը կարելի է ասել Ամարտուվշինի մասին, որ նախորդ գիշեր էր ժամանել Պրահա եւ միայն համերգից առաջ էր կարողացել մասնակցել փորձին։ Չնայած հոգնածությանը, ակադեմիական հանգստությամբ եւ իր հզոր բարիտոնով նա կատարեց  Վերդիի «Մակբեթից» ու «Ռիգոլետոյից» բարդագույն արիաներ, եւ ստիպեց դահլիճին քարացած լսել։ Ամարտուվշինն ինձ համար, իրոք, մեծ բացահայտում էր։

Իհարկե, Էնխբատն արդեն իր հաստատուն տեղն ունի Մոնղոլիայում եւ միջազգային օպերային արվեստում, այդ երկրի ժողովրդական արտիստ է, օպերային թատրոնի մեներգիչ, իսկ Ջուլիանան շարունակում է հանդես գալ միջազգային տարբեր բեմերում՝ անվանի երգիչների ու դիրիժորների հետ, իսկ 2024-ին արժանացավ Հայաստանի մշակույթի նախարարության Ոսկե մեդալին։ Դեռեւս 2023 թվականի սեպտեմբերից նա սովորել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի Լինդեմանի ծրագրում, որտեղ դեբյուտային՝ Լիուի դերով հանդես եկավ 2024 թվականի մարտին՝ Ֆրանկո Զեֆիրելիի «Տուրանդոտ» լեգենդար բեմադրությունում։ Իսկ 2025-ի վերջին ամիսներին Մետրոպոլիտեն օպերայում ծրագրված են նրա մասնակցությամբ «Բոհեմի» եւ «Տուրանդոտի» 9 ներկայացում՝ Միմիի եւ Լիուի դերակատարումներով։

Համերգի խաղարկային հատվածները Ջուլիանայի եւ Ամարտուվշինի զուգերգերն էին, հատկապես Ռիգոլետտոյից «Պարլա … սիամ սոլի…» արիան գրավեց նրանց դերասանական զգայուն խաղով։ Այնպիսի քնքշությամբ ու բնական սիրով ներկայացրին արիան, որ թվում էր բազմիցս կատարել են միասին եւ նույն հանգստությամբ կրկնում են։

Ամենասպասվածը թերեւս համերգի ավարտն էր, որ բիսերին ի պատասխան նրանք Ռիգոլեետոյի եւ Ջիլդայի եւս մի զուգերգ կատարեցին, իսկ Ջուլիանայի հրաշագեղ ձայնով հնչեց Նարեկացու «Հավուն, հավունը», որը իրապես հուզեց դահլիճին, եւ հատկապես  ներկա հայ հանդիսատեսին։

Համերգային երեկոյի բացահայտումներից մեկն էր իտալացի երիտասարդ  դիրիժոր  Գաետանո Լո Կոկոն։ Նրա ղեկավարությամբ «Պրահա Ֆիլհարմոնիա» նվագախումբն ուղղակի փայլեց։ Ի դեպ, 28-ամյա Գաետանոն Օքսֆորդում ավարտել է գրականության բաժինը, իսկ Վիեննայում՝ դիրիժորության։ Խոսում է վեց լեզվով, եւ հանդես է գալիս միջազգային տարբեր բեմահարթակներում՝ ամենատարբեր նվագախմբերի հետ։

Համերգն անցավ Չեխիայում Հայաստանի եւ Մոնղոլիայի դեսպանների բարձր հովանու ներքո, իսկ կազմակերպիչն էր Nachtigall Artists Management-ը։

Հակոբ Ասատրյան

Պրահա

Լուսանկարները՝ Nachtigall Artists Management-ի եւ ՕՐԵՐ-ի

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում