
Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս գերիների հարցով ակցիայի մասնակիցները Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պահանջում են անհապաղ հրավիրել ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետներին՝ ներկայացնելով Բաքվում կատարվող ապօրինություններն ու պահանջելով այդ ուղղությամբ առարկայական քայլերի իրականացում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՆ շենքի դիմաց հավաքված ակցիայի մասնակիցները պահել էին Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների լուսանկարները:
Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց՝անընդունելի է նաև միջազգային հանրության լռությունը, որով մասնակից են դառնում կատարվող հանցագործություններին՝ բավարարվելով անատամ կոչերով:
«Մենք պահանջում ենք այս կառույցից (խմբ. ՀՀ ԱԳՆ)՝ հրավիրել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին՝ ներկայացնելով Բաքվում մեր հայրենակիցների նկատմամբ կատարվող ապօրինությունները՝ պահանջելով առարկայական քայլերի իրականացում այս ուղղությամբ: ԱԳՆ–ն պետք է անհապաղ հրավիրի Հայաստանում հավատարմագրված միջազգային բոլոր դիվանագետներին և նրանց հետ աշխատի՝ բանտարկվածներին հայրենիք վերադարձնելու համար»,–ասաց մասնակիցներից մեկը:
Անդրադառնալով հայ ռազմագերիների, պատանդների հարցով ԱԳՆ-ի վերջին հայտարարությանը՝ նա նշեց, որ կոչերով, միայն խոսքերով ոչինչ անել հնարավոր չէ, պետք է գնալ գործողությունների:
Ակցիայի ընթացքում ընթերցեցին նաև Բաքվում ապօրինաբար պահվող, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, որն արել է փետրվարի 19-ին ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ: Վարդանյանը ներկայացրել է, թե ինչպիսի ապօրինություններ են տեղի ունենում Բաքվում իր և մյուս գերիների նկատմամբ:
Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այդ գործընթացն իրականացվում է բոլոր իրավական նորմերի և ընթացակարգերի կոպտագույն խախտումներով: Իր գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Ինքը լիարժեք հասանելիություն չի ունեցել մեղադրական եզրակացության և իր դեմ ներկայացված, այսպես կոչված, ապացույցներին, ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին:
Իր փաստաբանի հասանելիությունը գործի նյութերին սահմանափակվում է, առգրավվում են գործի նյութեր, հոգեբանական ճնշում են գործադրում փաստաբանի վրա: Վարդանյանը նաև նշել է, որ իր միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել իր հետ և հասանելիություն ունենալ գործի նյութերին:
«Այս դատաքննությունը միայն իմ նկատմամբ չէ, սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել և աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց»,–ընդգծել է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանը դիմել է աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ այդ գործընթացը նրանց ուշադրությունն է պահանջում:
«Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել»,–շեշտել է Վարդանյանը:
Ռուբեն Վարդանյանն արդեն 10 օր է, ինչ հացադուլ է հայտարարել:
«Ռուբեն Վարդանյանը հացադուլ հայտարարած վիճակում պարտադրված է եղել մասնակցել վերջին դատական նիստին: Դեմքին առկա խոշտանգման հետքերը, նաև դատական նիստի ժամանակ ինքնազգացողության վատացումը ևս մեկ անգամ խոսում են Ադրբեջանի վայրագությունների մասին, քանի որ միջազգային բոլոր նորմերով հացադուլ արած քաղաքացիներն ազատվում են այդ պահին դատական նիստերի մասնակցելուց: Սակայն այդ դատական նիստին նա պարտադրված մասնակցել է»,–ասաց «Ապրելու երկիր« կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ տեղեկացնելով, որ հաջորդ դատական նիստը հաջորդ շաբաթ է:
Առաքելյանը կարևորեց Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլի դադարեցումը:
Նա շեշտեց՝ Բաքվում գտնվող հայրենակիցների համար Հայաստանի ԱԳՆ–ն պետք է գործողություններ իրականացնի:
«Միևնույն ժամանակ մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի առկա վարքագիծը հնարավորություն չի տալիս միայն Հայաստանի ուժերով այս հարցը լուծել: Սակայն Հայաստանը պետք է հանդիսանա այս հարցը միջազգային ատյաններում բարձրաձայնողը»,–ասաց Առաքելյանը՝ դժգոհություն հայտնելով Հայաստանի իշխանությունների ձեռնարկած գործողություններից:
Ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց՝ այնտեղ շարունակելու ակցիան: Այնուհետև պետք է գնան ՄԱԿ–ի գրասենյակի մոտ:
Աղբյուր՝ Armenpress