Դիզայնի 13-րդ միջազգային բիենալեում Հայաստանը կներկայանա որպես պատվավոր հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ

  • 27.02.2025
  • 0
  • 65 Views

Հայաստանն այս տարի Դիզայնի 13-րդ միջազգային բիենալեում կներկայանա որպես պատվո հյուր՝ «Ծալք ու ծավալ» ցուցադրությամբ:

«Ռեսուրս(ներ)՝ կանխատեսելով վաղը» խորագիրը կրող բիենալեն կանցկացվի մայիսի 22-ից սեպտեմբերի 22-ը Ֆրանսիայի Սենտ Էտիեն քաղաքում:

Այս առիթով Երեւանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը և ցուցադրության համադրողներ Նայիրի Խաչատուրեանը, Ժան-Ֆրանսուա Դինքջեանը և Էլուա Շաֆայը:

Կարևորելով տարբեր հարթակներում ժամանակակից արվեստին անդրադարձը՝ Սվետլանա Սահակյանը նշել է. «Կարևոր է բացահայտել երիտասարդ ստեղծագործողներին, ցույց տալ նրանց ներուժը միջազգային հանրությանը: Այս առումով բիենալեն արվեստագիտական դաշտի մասին խոսելու լավագույն հարթակն է»:

Մասնավորապես՝ խոսելով Սենտ Էտիեն քաղաքում անցկացվող 13-րդ միջազգային բիենալեի մասին՝ Սվետլանա Սահակյանն առանձնակի ընդգծել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային ամուր կապերը, որոնք, ըստ նրա, տարեցտարի ավելի են ընդլայնվում: Այս համատեքստում նա կարևորել է համադրողների համագործակցային աշխատանքը, որը լավագույնս կներկայացնի աշխարհում Հայաստանի ժամանակակից արվեստի զարգացման միտումները:

Նա նաև ներկայացրել է ոլորտի պետական քաղաքականությունը, որը, մասնավորապես, խթանում է ինքնազբաղ արվեստագետների գործունեությունը:

Խոսելով ցուցադրությանը Հայաստանի մասնակցության ևպատվո հյուր լինելու մասին՝ համադրող Ժան-Ֆրանսուա Դինքջեանը նշել է. «Մեր նպատակն է Հայաստանն իրական աշխատանքներով ներկայացնել և ցույց տալ, որ հայկական արվեստը նաև մերօրյա երիտասարդների ստեղծագործությունն է, որը կենդանի ռեսուրս է»: Նա ընդգծել է՝ Հայաստանի ժամանակակից ստեղծագործական դաշտը Սենտ Էտիենի 13-րդ միջազգային դիզայն բիենալեի ուշադրության կենտրոնում է:

Ցուցադրության համադրող Նայիրի Խաչատուրեանն էլ ներկայացրել է ցուցադրության բովանդակությունն ու հայեցակարգը: «Ցուցադրությունը ներկայացնում է Հայաստանի լեռնային քարտեզագրությունը՝ թույլ տալով ընթերցել այն տարածքը, որը բացահայտվում է ավելի քան 15 հայ ստեղծագործողի և արվեստի կառույցների միջոցով: Բոլորն էլ առաջնորդվել են այն եռանդով, ազնվությամբ ու ազատությամբ, որ բնորոշ է Հայաստանին»,- ասել է նա:

Մանրամասն՝ https://escs.am

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում