«Այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված». Միրզոյանը Ժնեւում

  • 24.02.2025
  • 0
  • 438 Views

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում։

Արտգործնախարարն իր ելույթում մասնավորապես ասել է՝

«Հայաստանը հաստատակամ է մնում մարդու իրավունքների՝ թե՛ ներպետական, թե՛ գլոբալ մակարդակներում պաշտպանության և խթանման իր հանձնառության մեջ։ Մենք ձգտում ենք հարթակներ տրամադրել տարբեր կարծիքների համար և լուծումներ գտնել մարդու իրավունքների ու հումանիտար ոլորտների առավել սուր խնդիրների համար։

(…) Մեկ տարի առաջ իմ ելույթում ես մանրամասն անդրադարձա այն մարտահրավերներին, որոնց բախվում էր Հայաստանը։ Ցավոք, այդ մարտահրավերների մեծ մասը դեռևս մնում է չլուծված՝ չնայած իմ երկրի գործադրած ահռելի ջանքերին։ Մեր արևելյան հարևանից հնչող հայտարարությունները շարունակում են կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ չնայած միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա, որը, ի թիվս այլոց, վերահաստատել էր, որ Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի վարչական սահմանները դարձել էին անկախ հանրապետությունների միջազգային սահմաններ։ Ավելին, հենց այս պահին Ադրբեջանում ընթանում են կեղծ դատավարություններ 23 հայ անձանց նկատմամբ, ովքեր կամայականորեն են ազատազրկված, ընդ որում՝ անտեսելով պատշաճ դատավարության համար անհրաժեշտ մարդու իրավունքների չափանիշները։

(…) Հայաստանի Հանրապետությունը, հավատարիմ մնալով մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր օրակարգին, մի քանի կառուցողական առաջարկներ է արել ադրբեջանական կողմին, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի, տրանսպորտային ենթակառուցվածքների բացման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման և վերիֆիկացիայի մեխանիզմի և այլ համատեքստում՝ նկատի ունենալով բոլոր հիմնական խնդիրները կարգավորող ռազմավարական համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։ Մենք համոզված ենք, որ երկու կողմերի կառուցողական արձագանքը, հետագա ներգրավվածությունը և քաղաքական կամքի դրսևորումը մեծապես կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը։ Հենց այս համատեքստում ես կցանկանայի ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը՝ թշնամանքի էջը շրջելու և ինստիտուցիոնալիզացված խաղաղություն հաստատելու հարցում։ Մենք ոչ միայն պատրաստ ենք դրան, այլև չենք շեղվելու այդ ուղուց»։

orer.eu

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում