Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ 

  • 03.02.2025
  • 0
  • 395 Views

Փետրվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 

 Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի: 

 Վարչապետն անդրադարձել է Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանում տեղի ունեցող գաղափարախոսական փոփոխությանը: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է բարձրագույն նպատակը և Հայաստանի Հանրապետությունից ավելի բարձր ազգային նպատակ չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունը ոչ թե միջոց է` այլ նպատակների հասնելու համար, այլ Հայաստանի Հանրապետությունն ինքը նպատակն է, ամենաբարձր նպատակն է:  

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, բալանսավորման և բալանսավորված քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանը և առկա հիմնախնդիրներին առնչվող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։ 

 Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը միտված քայլերի շուրջ:  

Հաջորդիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Nahigian Strategies» կազմակերպության նախագահ Քիթ Նահիգյանին: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերին: Այս համատեքստում կարևորվել է բալանսավորված և բալանսավորման քաղաքականության հետևողական իրականացումը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ:  Քննարկվել են Ամերիկայի հայկական համագումարի գործունեությանը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցեր: 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի ընդլայնման ուղղությամբ և հույս հայտնել, որ համագումարը կշարունակի ջանքերը` միտված տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմանը: 

 Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Իրական Հայաստանի գաղափարախոսության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում ներկա է գտնվել «Save Armenia»-ի կողմից կազմակերպված ընդունելությանը` ի պատիվ վարչապետի այցի:

Կրոնական ազատությունների միջազգային գագաթնաժողովի համանախագահ, «Save Armenia»-ի խորհրդի անդամ Սեմ Բրաունբեքը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և ընդգծել կազմակերպության հանձնառությունն` աջակցելու Հայաստանին` իր օրակարգերն առաջ մղելու գործում: Նա նշել է, որ «Save Armenia»-ն նպատակ է հետապնդում միավորել քրիստոնեական առաջնորդներին և այլ շահագրգիռ խմբերին Հայաստանին օժանդակելու հարցում:

Ընդունելությանը մասնակցել են «Save Armenia»-ի համահիմնադիր Ռոբերտ Նիկոլսոնը, մի շարք դիվանագետներ, հասարակական, քաղաքական գործիչներ:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել ընդունելության կազմակերպման համար և նշել, որ իր համար պատիվ է ներկա գտնվել միջոցառմանը` կազմակերպությունների ու բարեկամների հետ, որոնք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին են եղել տասնամյակներ շարունակ։ Իր խոսքում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Իհարկե, պետք է ասեմ, որ այժմ Հայաստանը գտնվում է խաչմերուկների մեջտեղում, շատ կարևոր ժամանակահատված մեր երկրի համար։ Շատ կարևոր է սահմանել, որոշել, թե որն է այս կարևոր և դժվարին ճանապարհին Հայաստանին օգնելու լավագույն միջոցը։

Մեր տարածաշրջանն, ընդհանուր առմամբ, չափազանց բարդ է՝ լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Բայց կարծում եմ` հիմա մենք պետք է կենտրոնանանք այնպիսի օրակարգի վրա, որը հեռանկար կբացի ապագայի համար, ինչն ամենակարևորն է։

Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր, որովհետև իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար։

Սա է պատճառը, որ մենք այժմ կենտրոնացած ենք խաղաղության օրակարգի վրա, որովհետև մեր համոզմունքն այն է, որ մեր տարածաշրջանում միայն կայուն խաղաղության առկայությունն է, որ կարող է երաշխավորել պատշաճ միջավայր ժողովրդավարության համար, մարդկանց իրավունքների պաշտպանության համար, և Հայաստանի զարգացման համար։

Հուսով եմ գիտեք, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, մենք փորձում ենք ժողովրդավարությունը խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի այն կախման մեջ չլինի իշխող ուժերի քաղաքական կամքից։ Սա շատ կարևոր է։ Ես հավատում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է։  Հիմա գոյություն ունի միայն մեկ գործիք, որով փորձ է արվում խափանել Հայաստանի ժողովրդավարական ուղին, և դա պատերազմի, սրացումների և հակամարտության գործիքն է։

Սա է պատճառը, որ մենք այսքան կենտրոնացած ենք այս օրակարգի վրա, որովհետև համոզված ենք, որ խաղաղությունը շատ կարևոր է և առանցքային ազատության համար, այդ թվում` կրոնական ազատության, ժողովրդավարության և զարգացման համար, և մեր ժողովրդի ապագայի ու երջանկության համար։

Իհարկե, մենք ապավինում ենք մեր բարեկամներին, «Save Armenia» կազմակերպության մեր ընկերներին։ Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ արվել է մինչ օրս, և հույս ունենք ձեր աջակցությունը շարունակական կլինի և դուք ավելի ու ավելի կկենտրոնանաք, մասնավորապես, խաղաղության օրակարգին աջակցելու վրա: Հույս ունենք, որ մեր խաղաղության օրակարգը կդառնա նաև ձեր օրակարգը, ինչը կարծում եմ` կծառայի գլոբալ բարգավաճմանը, ժողովրդավարության գլոբալ հաղթանակին, ազատությանն ու երջանկությանը։ Շնորհակալություն»։

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում