Ավտովթարի հետևանքով մահացել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանը։ Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզում: Մեքենան հայտնվել է Տիգրանաշենի ոլորանների ձորում: Պատգամավորի գտնվելու վայրը հունվարի 12-ից անհայտ էր։ Նա 4 երեխա ունի։ Նշենք, որ ՆԳՆ-ն հայտնել էր, հունվարի 13-ին՝ ժ․16․41-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 90-րդ կմ հատվածում՝ ձորում նկատվել է շրջված վիճակում գտնվող «Հոնդա» մեքենա։ Մեքենայում եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանը, նա մահացել է:
Պատգամավորի մահվան կապակցությամբ ցավակցություններ են հայտնել ՀՀ ԱԺ նախագահը, ՀՀ վարչապետը, քաղաքական ու պետական այլ այրեր։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը գուժում է հավատավոր դաշնակցական, ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ ընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Սկզբունքային և անմնացորդ հայրենասերի իր կերպարով Մհեր Սահակյանը մշտապես եղել է մեր Հայրենիքի պաշտպանության առաջնագծում, Հայաստանի պետականության կայացմանն ուղղված քաղաքական պայքարի կիզակետում։ Ցավակցում ենք Սահակյան ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու մտերիմներին անգնահատելի կորստի համար։ Բոլորի հետ կիսում ենք անդառնալի կորստի ցավը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
«Ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին: Ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մհեր Սահակյանի մահվան մասին: Անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին եւ հարազատներին: Աստված թող հոգին լուսավորի:» ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ցավակցել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան դեպքով․ «Ծանր կորուստ Դաշնակցության ընտանիքի համար։ Մենք կորցրեցինք նվիրյալ հայի և սկզբունքային ընկերոջ։ Աստված հոգիդ լուսավորի, սիրելի ընկեր»։
Արցախի հանրապետության Ազգային Ժողովը ցավակցություն է հայտնում ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ
Մեծ ցավով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անուրանալի է Մհեր Սահակյանի ունեցած զգալի ավանդն Արցախի հայկականության պահպանության գործում: Նա նվիրյալ հայի, սկզբունքային ու հայրենասեր քաղաքացու տիպիկ կերպար էր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»:
Մհեր Սահակյանը եղել է 2022-2025 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։ ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։
Ի հիշատակ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի՝ հունվարի 15-ին՝ ժամը 11։00-ից, Ազգային ժողովի նիստերի դահլիճի դիմաց կբացվի սգո հուշամատյան: Հուշամատյանը կփակվի հունվարի 16-ին՝ ժամը 13:00-ին:
orer.eu



