Ինչ է ենթադրում և ինչ չի ենթադրում հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը. Սուրեն Սարգսյան

  • 14.01.2025
  • 0
  • 427 Views

Այսօր Վաշինգտոնում ազդարարվելու է հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին, որն իրենից ենթադրում է հարաբերությունների խորացում մի քանի ոլորտներում: Մինչ այդ արդեն իսկ ազդարարվել էր հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հեռանկարի մասին և այս կարգավիճակի ստացումը տրամաբանական շարունակությունն է ռազմավարական երկխոսության կարգավիճակի: Հիշեցնեմ, որ Վարաստանը դեռևս 2009թ. ուներ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակ ԱՄՆ հետ: Թե ինչ տեղի ունեցավ այդ կարգավիճակի հետ, բոլորս գիտենք:

Նախ անհրաժեշտ է հասկանալ, որ ռազմավարական գործընկերություն չի նշանակում ռազմավարական դաշնակցային հարաբերություն՝ ինչպիսիք են ԱՄՆ-Իսրայել, կամ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա հարաբերությունները: ԱՄՆ-ն Հայաստանին որևէ անվտանգային երաշխիքներ, ռազմական օգնություն չի տրամադրելու, զենք և զինամթերք չի վաճառելու և չի տրամադրելու՝ որպես օգնություն: Այս ձևաչափը չի ենթադրում Հայաստանում ամերիկյան ռազմաբազայի, կամ ռազմական ներկայացուցիչների տեղակայում:

Անվտանգության ոլորտում այն ենթադրում է աջակցություն խորհրդատվական ծրագրերին, զինվորականների միջև շփման միջոցառումներին, Միջազգային զինվորական կրթության և ուսուցման ծրագրի միջոցով մասնագիտական զինվորական կրթության հնարավորություններին, ինչպես նաև Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարամյա պետական գործընկերության շարունակություն: Տնտեսությանը, բարեփոխումներին, մարդու իրավունքներին և սոցիալական ծրագրերին նույնպես կլինի լրացուցիչ ֆինանսական և տեխնիկական աջակցություն: Միջուկային էներգետիկայի ոլորտում կարծում եմ ցանկություն կա ամերիկյան միջուկային փոքր կայանների տեղակայում Հայաստանում:

Հիմա հարց: Արդյո՞ք հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքված այս փաստաթուղթը հնարավոր է լինելու իմպլեմենտացնել Թրամփի եկող վարչակազմի հետ: Սա առավել բարդ է լինելու և կախված է բացառապես մեր աշխատանքից:

orer.eu

Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կստորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

⏰ Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժ. 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով:

🎥 Ստորագրման արարողությունը ուղիղ կհեռարձակվի ԱՄՆ պետքարտուղարության YouTube ալիքով. 🔗https://youtube.com/@statedept?si=dvstdxdLG_BP3o9n

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում