Անվանի բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի 60-ամյակը նշվել է Երեւանում

  • 30.11.2024
  • 0
  • 163 Views

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամբ նոյեմբերի 29֊ին Ավետիք Իսահակյանի անվան տուն֊թանգարանում կայացավ գրական ցերեկույթ` նվիրված բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի 60-ամյակին։

Միջոցառումը բացվեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի օրհնության խոսքով։

Այնուհետև ներկաներին ողջունեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Գրողի ստեղծագործական գործունեությանն անդրադարձան գրականագետներ Դավիթ Գասպարյանը, Արմեն Ավանեսյանը, Միհրան Հովհաննիսյանը։

Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական Վարչության շնորհավորանքի ու գնահատանքի խոսքը փոխանցեց Համազգայինի ԿՎ անդամ Արտաշես Շահբազյանը։

Ցերեկույթը գեղեցիկ երանգներ ստացավ, երբ միաձուլվեցին գրականությունն ու երաժշտությունը` սիրված երգիչներ Մավր Մկրտչյանի, Անդրանիկ Մալխասյանի, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի անզուգական կատարումներով և Գայանե Սամվելյանի, Հռիփսիմե Սարգսյանի ասմունքով։

Խաչիկ Մանուկյանը ներկաներին ոգեշնչեց իր ազդու, սթափեցնող խոսքով` Հայրենիքի, ազգի ճակատագրի, ապագայի տեսլականի մասին խոսելով։ Նրա խոսքերը հնչում էին մերթ որպես ազգի ցավով տառապող բանաստեղծի կոչ, մերթ էլ` որպես որդեկորույս հոր խրատ։

Ցերեկույթը հուզիչ էր իր անմիջական մթնոլորտով, որտեղ ներկաներից յուրաքանչյուրն իր մեջ կրում էր մի մասնիկ Խաչիկ Մանուկյան բանաստեղծի առինքնող ու յուրատիպ պոեզիայից։

Hamazkayin Central

Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում