Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 16-ից մեկնարկել է Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որին առանձին տաղավարով մասնակցում է նաև Հայաստանը: Սուրբ Ծննդյան տոնավաճառը կշարունակի գործել մինչև դեկտեմբերի 23-ը:
Տաղավարում ներկայացված են 40 հայ վարպետների ձեռագործ աշխատանքներ, մասնավորապես՝ ցուցադրվում են կարպետագործործության, խեցեգործության, տիկնիկագործության տարբեր նմուշներ և հուշանվերներ, որոնք ամբողջացնում են հայկական ձեռագործ արվեստի լավագույն ավանդույթները:
Տոնավաճառի շրջանակներում Հայաստանի տաղավարում այցելուների համար կանցկացվեն նաև հայկական ժողովրդական արհեստագործության վարպետաց դասեր:
Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ ՀՀ ԱԳՆ աջակցությամբ, «Մշակույթի զարգացման հիմնադրամի» և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ։
Շպիտելբերգի տոնավաճառը Վիեննայի ամենահայտնի Սուրբ ծննդյան տոնավաճառներից է, որն ամեն տարի գրավում է հազարավոր այցելուների ուշադրությունը։ Այն իրականացվում է 1970-ական թվականներից սկսած՝ Վիեննայի Շպիտելբերգ պատմական թաղամասի Շպիտելբերգգասե, Գուտենբերգգասե և Շրանկգասե հետիոտնային փողոցներում:
Նշենք նաև, որ 2023 թ. Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:
orer.eu