ԵՄ գործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել Եվրախորհրդարանի կարծիքը. Հայ Դատի գրասենյակ

  • 24.10.2024
  • 0
  • 125 Views

ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ

Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 24-ի իր լիագումար նիստում ընդունել է «Ադրբեջանում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման ու Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը՝ 453 կողմ, 31 դեմ, 89 ձեռնպահ հարաբերակցությամբ։ Այս քվեարկությանը երկու օր առաջ նախորդել էր այդ թեմայով խորհրդարանական քննարկում։

Բանաձևի նախաբանում Եվրոպական խորհրդարանը գտնում է, որ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անհամատեղելի են այդ երկրում COP-29-ի անցկացման հետ, ապա ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ անում ձեռնարկել հնարավոր քայլեր, որպեսզի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության խորհրդաժողովները հետագայում չանցկացվեն մարդու իրավունքների պաշտպանության գործում վատ ցուցանիշներ ունեցող երկրներում։

♦️Եվրոպական խորհրդարանն արձանագրում է Ադրբեջանում մարդու իրավունքների շարունակաբար վատթարացումը, միջազգային իրավունքի կոպիտ խախտումները՝ այդ թվում Հայաստանի հանդեպ ագրեսիվ պահվածքը, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների նկատմամբ խիստ սահմանափակումները, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու՝ «խավիարային դիվանագիտության» արատավոր մեխանիզմները, 2023թ․ Լեռնային Ղարաբաղի անօրինական շրջափակումը, միջազգային իրավունքի խախտմամբ իրականացված հարձակումը, էթնիկ զտումները, 23 հայերի՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պատանդառումը, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան:

Խորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը:

❗️Արդեն բանաձևի բուն տեքստում խորհրդարանը, COP 29-ին ընդառաջ, խստորեն դատապարտում է Ալիևի ռեժիմին, գործադիր իշխանությանը կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ էներգետիկ հուշագիրը։

‼️Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է դուրս բերել զինված ուժերը ՀՀ ինքնիշխխան տարածքից, դատապարտում է Հայաստանի նկատմամբ ագրեսիան, այդ թվում հիբրիդային հարձակումները, ողջունում է որոշ անդամ պետությունների կողմից Հայաստանին տրամադրվող պաշտպանական ռազմական օժանդակությունը։

Հատկապես պետք է ընդգծել Արցախի վերադարձի իրավունքի իրացման հարցում Եվրոպական խորհրդարանի սկզբունքային ու հետևողական դիրքորոշումը։ Այս բանաձևում ևս, հղում անելով Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշմանը, Խորհրդարանը պահանջում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացում, արցախահայության հետ անկեղծ ու թափանցիկ երկխոսության մեկնարկ՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության համար երաշխիքների տրամադրման շուրջ։ Խորհրդարանը պահանջում է հեռու մնալ սադրիչ հռետորաբանությունից և հայության հանդեպ խտրականության դրսևորումներից։

Խորհրդարանը նաև պահանջում է Արցախի դեմ կատարված պատերազմական հանցագործությունների անկախ հետաքննություն, ինչպես նաև Արցախի գրավումից հետո ձերբակալված անձանց ազատ արձակում։

♦️Հատուկ անդրադարձ կա Արցախի պատմամշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչի համատեքստում պահանջվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համապատասխան առաքելության մուտքը տարածաշրջան։

Խորհրդարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապուղիները վերականգնումը դիտարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում։

♦️Մեկնաբանելով բանաձևի ընդունումը՝ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը մասնավորապես նկատել է․ «Այս բանաձևի ընդունումը տրամաբանական շարունակությունն էր Եվրոպական խորհրդարանի նախկին բանաձևերի և հոկտեմբերի 22-ի քննարկման։ Մենք շնորհակալ ենք Եվրոպական խորհրդարանի պատգամավորներին, գնահատում ենք նրանց սկզբունքայնությունն ու հետևողականությունը, ինչը, ցանկանում ենք հավատալ, որ կբերի նաև Ադրբեջանի հետ ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության վերանայման։

Այս բանաձևի մասով, հատուկ ցանկանում եմ կարևորել, որ խորհրդարանը ԵՄ-Ադրբեջան իրավապայմանագրային հարաբերությունների հետագա զարգացման համար նախապայմաններ է սահմանում՝ մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակումը, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններում անկեղծ պատրաստակամության դրսևորում, ինչպես նաև արցախահայության իրավունքների հարգումը։

Ցանկանում եմ շեշտել՝ Ադրբեջանի հետ Եվրոպական միության ենթադրյալ նոր համաձայնագրի վավերացման հարցն ամբողջությամբ Եվրոպական խորհրդարանի իրավասության ոլորտում է, և այս հարցով գործադիր իշխանությունը կաշկանդված է Եվրոպական խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հետևաբար, ԵՄ գործադիր իշխանության քաղաքականության զարգացումը որոշակի հանգրվանում կախված է լինելու խորհրդարանի դիրքորոշումից, ուստիգործադիր իշխանությունը չի կարող անվերջ հաշվի չառնել խորհրդարանի կարծիքը։ Մենք արդեն, իսկ նշմարում ենք արտաքին գործողությունների եվրոպական ծառայության կողմից Ադրբեջանի հետ խոսույթի որոշակի կոշտացում և մեզ համար ընդունելի օրակարգերի ներառում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն այս ուղղությամբ ևս շարունակելու է իր աշխատանքները»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Մեր գործընկերները

ՕՐԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՄՍԱԳԻՐ
Մենք սոց․ ցանցերում